Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 10:11 07-03-2022

Ռազմագործողություն Z. Թուրքիայի մտահոգությունը ղրիմյան ճակատն է

Մարտի 6-ին, ինչպես և պլանավորված էր, կայացավ Էրդողան-Պուտին շուրջ մեկ ժամ ձգված հեռախոսազրույցը։ Կողմերի տարած հաղորդագրություններից կարելի է եզրակացնել, որ բովանդակային առումով որևէ առաջընթաց չկա և քննարկվել է այն, ինչ քննարկվել էր դեռևս ռազմագործողության մեկնարկին։ Մասնավորապես՝ ՌԴ նախագահը Թուրքիայի ղեկավարին ներկայացրել է օպերացիայի ընթացքը՝ նշելով, որ գործողությունները կդադարեն միայն այն դեպքում, երբ Ուկրաինան վայր դնի զենքն ու կատարի ռուսական կողմի առաջ քաշած հայտնի պայմանները՝ նկատի ունենալով ապառազմականացումը, ապանացիֆիկացումը, Ղրիմի ճանաչումը որպես ՌԴ սուբյեկտ, դոնբասյան ժողովրդական հանրապետությունների ճանաչումն ու սահմանադրական մակարդակով չեզոք կարգավիճակը հռչակումը։ Հեռախոսազրույցի նոր շեշտադրումները թերևս այն են, որ ռուսական կողմը Թուրքիայի ուշադրությունը հրավիրել է բանակցությունների ձգձգման ու ուկրաինական զինուժի կողմից ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործելու հանգամանքի վրա, և Թուրքիայի նախագահի քննադատություններն Արևմուտքին՝ ուղղված խտրականությանն ու ռուսական մշակութային գործիչների հանդեպ կիրառվող սահմանափակումներին։ Ըստ էության, կողմերի տարածած հաղորդագրություններում որևէ խոսք չկա ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով թուրքական պլատֆորմն օգտագործելու մասին, մինչդեռ թե՛ Էրդողանը, թե՛ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը, անսալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերին, հեռախոսազրույցի ընթացքում պետք է բարձրաձայնվեր հենց թուրքական պետության միջնորդական առաքելության հարցը՝ բելառուսական պլատֆորմը տեղափոխելով Թուրքիա։

Դատելով Էրդողանի հայտարարություններից, թուրքական իշխանամետ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունից ու բաց աղբյուրների տվյալներից՝ թուրքական կողմն անկհայտ մտահոգություններ ու անհանգստություններ ունի հատկապես Ղրիմի ճակատում ՌԴ հաջողությունների առնչությամբ։ Իհարկե, Խերսոնի մարզի առաջխաղացմամբ ռուսական զինուժը ցանկանում է արևելքում ցամաքային կապ հաստատել Դոնեցկի հետ՝ ծնկի բերելով Ազովի գնդի կողմից դեռևս վերահսկվող Մերիուպոլը, իսկ արևմուտքում առաջխաղացում ապրել դեպի Օդեսա՝ միանալով Մոլդովայից անկախության ձգտող Մերձդնեստրին, բայցևայնպես, ռուսական կողմի գլխավոր նպատակը Ուկրաինային դեպի ծով ելքից զրկելն է։ Թեպետ 2014 թվականի իրադարձություններից հետո Ռուսաստանն առանց որևէ փամփուշի կարողացավ միացնել Ղրիմի թերակղզին՝ որոշակի գերակայություն ապահովելով Սև ծովի հյուսիսում ու հատկապես հյուսիսարևելյան Ազովում, սակայն այդ գերակայությունը չէր տարածվում Սև ծովի հյուսիսարևմտյան ուղղությամբ, որտեղ ոչ այնքան ակտիվ էր Ուկրաինան, որքան Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն։ Ակնհայտ է, որ հաշվի առնելով Անկարայի կողմից վերահսկվող Բոսֆորի և Դարդանելի միջազգային տարանցիկ նեղուցների գործոնը, Էրդողանի ջանքերը՝ ուղղված Ստամբուլի ջրանցքի անցկացմանն ու, ի վերջո, ՆԱՏՕ-ի հաճախակի դարձած ռազմածովային զորավարժությունները, Կրեմլում գիտակցել են, որ անգամ Ղրիմի միացմամբ լիարժեքորեն չի լուծվել ռազմավարական նշանակության այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ղրիմի անվտանգությունն ու ուժերի հավասարակշռությունը։ Թուրքիան հրաշալի է գիտակցում, որ ռուսական զինուժի հաջողության դեպքում Կրեմլը լուծելու է ռազմավարական հենարանի հարցը՝ երկարաժամկետ կտրվածքով Ուկրաինային դարձնելով ցամաքային պետություն, որը դեպի ծով ելք ունենալու համար կախյալ կարգավիճակ կունենա Ռուսաստանից։ Զգուշանալով ռուսական այս սցենարի հաջող իրագործման հնարավորությունից՝ թուրքերը դիվերսիֆիկացնում են իրենց մոտեցումները՝ չայրելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական գործակցության կամուրջները։ Իհարկե, սա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ տարածաշրջանային մյուս հակամարտություններում Թուրքիան հենց Ռուսաստանի հետ է ներքաշված, այլև այն պարզ պատճառով, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան, այնուամենայնիվ, սևծովյան շրջանում վարում է սեփական խաղը՝ խաղադրույքներ կատարելով Ղրիմի թաթարների և Մոլդովայի գագուզների վրա։ Համաձայն լայնորեն շրջանառվող տեղեկատվության՝ մարտի 6-ին Վիննիցա քաղաքի օդանավակայանի 8 ավիահարվածներն արձակվել էին մոլդովական Մերձդնեստրից։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել