Երևան +12°
Ներքին 2 տարի առաջ - 22:51 01-03-2022

Փաստ է, որ Մարտի 1-ի կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է. Վահագն Հովակիմյան

Այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մյասնիկյանի արձանի մոտ էին եկել մի խումբ ՔՊ-ականներ: Նրանք մի քանի րոպե կանգնեցին ու արագ հեռացան:

Oragir.news-ը մի քանի հարց ուղղեց ՔՊ-ական Վահագն Հովակիմյանին:

-Պարոն Հովակիմյան, դեռևս 2018 թվականի վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Մարտի 1-ը» ողջ ծավալով բացահայտված է, բայց այդպես էլ որևէ սպանություն չբացահայտվեց։ Դուք «Մարտի 1-ի» քրեական գործին ծանո՞թ եք:

-Այո, ծանոթ եմ։

-Իսկ «Մարտի 1-ի» գործը, Ձեր կարծիքով, զուտ սպանությունների բացահայտո՞ւմ էր։
-Առաջին հերթին պետք է սպանությունները բացահայտվեին, ենթադրվում էր, որ պետք է․․․

-Դո ՞ւք եք հերթը սահմանել։

-Ո՛չ, ես ենթադրում եմ, որ առաջին հերթին պետք է․․․․

-Պարո՛ն Հովակիմյան, կարող էր «Մարտի 1-ի» գործը ողջ ծավալով բացահայտվել այն դեպքում, երբ չկային սպանողները՝ այսինքն բացահայտված չէին, դա կհամարվե՞ր ողջ ծավալով բացահայտում։

-Խնդիրն այն է, որ «Մարտի 1-ի» կազմակերպիչները ամեն ինչ արել են, որպեսզի սպանությունները հնարավոր չլինի բացահայտել։

-Ովքե՞ր են կազմակերպել:

-Դե, օրինակ այն անձը, որը պարկուճները փոխում էր․ օրինակ՝ գիտեք, որ «Մարտի 1-ի» քրեական գործով անջատված մասով, ոչ դատարան ուղարկվածը, կա մաս, որ պարկուճները փոխվել են։

-Որը ևս չի հիմնավորվել դատաքննության փուլում։

-Այո, դատաքննությամբ չի հիմնավորվել, որովհետև, կներեք, մեղադրյալը գտնվում է հետախուզման մեջ, անձը որը մեղադրվում է այդ արարքի մեջ ու քանի հետախուզվողները դեռևս չկան, չի կարող դատաքննություն լինել, որպեսզի այդ մեղադրանքը դատական կարգով ապացուցվի։

-Դուք շարունակո՞ւմ եք պնդել որ ողջ ծավալով գործը բացահայտված է այսօր՝ 2022 թվականի մարտի 1-ին։

-Այո, ես այն կարծիքին եմ, որ «Մարտի 1-ի» քրեական գործը ողջ ծավալով, ինչ ծավալով հնարավոր է բացահայտել, ամբողջությամբ բացահայտված է, բայց նաև փաստ է, որ Մարտի 1-ի կազմակերպիչների ժամանակ՝ 2008-2009թթ, նախաձեռնված գործողությունների արդյունքում արվել է հնարավոր ամեն բան՝ փորձելով ապահովագրել իրենց, որպեսզի հետագայում պատասխանատվության չենթարկվեն։ Այս պահին նրանց մոտ դա ստացվել է, բայց ես համոզված չեմ, որ նրանք կկարողանան խուսափել պատասխանատվությունից։ Ես լիահույս եմ, որ Մարտի 1-ի կազմակերպիչները այնուամենայնիվ պատասխանատվության կենթարկվեն։

-Պարոն Հովակիմյան դուք Ձեր խոսքում մի քանի անգամ ասացիք կազմակերպիչներ, նշում եք, որ բացահայտված է, բայց անուն այնուամենայնիվ չկա։

-Այդ անունը քրեական գործում կա։

-Որը կարճվել է։

- Քրեական գործը կարճվել է 301․1 հոդվածով, բայց քրեական գործը, քրեական գործի նյութերը դրանով չեն վերանում,այսինքն՝ այդ նյութերը կան, դրանք չեն կարող վերանալ, դրանք մնալու են արխիվում, նույնիսկ եթե այլ իրադարձություններ տեղի ունենան, այդ քրեական գործով որակված արարքները չեն վերանում։ Այսինքն՝ կա քրեական գործ, որով մարդկանց մեղսագրվում է արարք։ Դա փաստ է, դա չի հերքվել, նույնիսկ այն անձանց կողմից, ում մեղսագրվում է արարքը, նրանք դա չեն էլ վիճարկում, նրանք ընդամենը վիճարկում են, որ ասում են՝ մեր արարքը այս հոդվածով չպիտի մեղադրվի։

-Բայց նրանք չեն ընդունել մեղադրանքը:

- Որպեսզի նրանք մեղադրանքը ընդունեն կամ չընդունեն, պիտի դատաքննության փուլ մտնեին, որ ասեին՝ սա տեղի է ունեցել, սա տեղի չի ունեցել։ Բայց նրանք այդ փաստը չեն վիճարկում, նրանք ասում են՝ այս արարքն է՝ այս հոդվածով չպիտի որակվի, որովհերև այս հոդվածը հակասահամանադրական է, Սահամանադրական դատարանն էլ ասաց՝ այո, այդ հոդվածը հակասահամանադրական է, բայց արարքը չվերացավ, մեղսագրվող արարքը մնաց, քրեական գործերն էլ մնացին։

- Նախկինում Նիկոլ Փաշինյանը և Ձեր իշխանությունն էլ պնդում էր, որ Մարտի 1-ի թիվ մեկ պատասխանատուն և իրագործողը Ռոբերտ Քոչարյանն է, և թիվ մեկ շահառուն Սերժ Սարգսյանն է, այսօր դուք նման պնդումներ անո՞ւմ եք։

- Դա փաստ է։

- Դա Ձեզ համար փա՞ստ է։

- Այո, դա ինձ համար փաստ է:


Ամենից շատ դիտված