copy image url
Միտք 2 տարի առաջ - 10:55 25-02-2022

Ուկրաինայի ապաթուրքացումը՝ որպես ռուսական ինտերվենցիայի բաղադրիչ

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հատուկ ռազմագործողություն իրականացնելու մասին որոշումն արևմտյան քաղաքական էլիտաների շրջանում տարակուսանք առաջացրեց, քանի որ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ ուժի կիրառմամբ հարցեր լուծելու սկզբունքն ամբողջ աշխարհում դառնում է գերակա։ Բայց, քանի որ Արևմուտքի հռչակած ժողովրդավարական կարգերը խարսխված են երկակի չափանիշների վրա, նման տրամադրություն չառաջացավ Թուրքիայում, որովհետև թուրքական թե՛ բարձրագույն իշխանության, թե՛ շարքային քաղաքացու համար սովորական երևույթ է պատերազմի փոխարեն լսել փաթեթավորված «ռազմական գործողություն» արտահայտությունը, որը թուրքական խոսույթում որպես կանոն կիրառվում է, այսպես կոչված, հակաահաբեկչական պայքարը բնութագրելիս։ Սիրիական ճգնաժամի ամբողջ ընթացքում և այս պահին ևս Թուրքիայի զինված ուժերը ցանկացած պատեհ առիթ օգտագործում են՝ մուտք գործելու հարևան Սիրիա և Իրաք՝ ոչնչացնող ավիահարվածներ հասցնելով քրդերի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին։ Ավելին, եթե Ռուսաստանը նպատակ ունի ապառազմականացնել Ուկրաինան՝ իշխանությունից հեռացնելով պետական հեղաշրջմամբ 2014-ին երևան եկած ռուսատյաց ուժերին, ապա Թուրքիան ավելի քան 10 տարի իր սահմաններից դուրս իրականացնում է քրդերի նպատակաուղղված ցեղասպանություն՝ անվտանգության գոտի ստեղծելու պատրվակով օրորոցում խեղդելով Սիրիայի տարածքում քրդական երկրորդ ինքնավարության տեսլականը։ Ընդ որում, թուրքական ինտերվենցիաները առարկայանում են Սիրիայի ինքնիշխան տարածքի բռնազավթմամբ։ Որպես օրինակ՝ 2016-17 թվականների «Եփրատի վահան» ռազմագործողությունը, ինչի արդյունքում Անկարային հաջողվեց բռնակցել ու թուրքական զինուժի ուղիղ վերահսկողության տակ վերցնել ավելի քան 2 հազար քառ․ կմ տարածք։ Բայցևայնպես, Անկարայում գերակա է այն տրամադրությունը, որ Թուրքիայի գործողությունները եղել են հիմնավոր և արդարացված, քանի որ լուծել են ազգային անվտանգության, հակաահաբեկչական խմբավորումների վնասազերծման, միգրացիոն հոսքի կանխարգելման ու հումանիտարի ճգնաժամի հաղթահարման խնդիր, մինչդեռ ՌԴ գործողություններն օկուպացիոն բնույթ ունեն և դրսևորվում են ժողովրդավարական կարգերի տապալմանն ուղղված քայլերով ու միջազգային իրավունքի աղաղակող խախտումներով։ Ընդ որում, թուրքական իշխանությունները հռետորաբանությունն առավել խիստ տոն է ստացել Անվտանգության խորհրդի՝ 2 ժամ տևած նիստից հետո, երբ Էրդողանը ռուսների ծրագիրը որակեց «հարձակում Ուկրաինայի վրա, որը խախտեց Մինսկի համաձայնագրերը»։

Հետաքրքիր զուգադիպությամբ նույն օրը՝ փետրվարի 24-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբինյանի և Քըլըչի երկրորդ հանդիպումը, որի մասին, ինչպես նախորդի, չափազանց սուղ տեղեկություններ են հայտնի։ Ամենայն հավանականությամբ Ավստրիայի մայրաքաղաքում բանագնացներն ամբողջությամբ չեն կարողացել քննարկել օրակարգային փաթեթի կետերը՝ պայմանավորված ուկրաինական ճգնաժամի ֆորսմաժորային իրավիճակով, քանի որ կասկածից վեր է այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի երկխոսությունն անհնար է առանց ռուսական կողմի համաձայնության և աջակցության։ Իսկ քանի որ Կրեմլի առաջնահերթությունն այս պահին Ուկրաինան է, հետևաբար բազում հարցերի քննարկումներ, ըստ էության, հայկական կողմի խնդրանքով հետաձգվել են՝ հետևելու գործողությունների հետագա զարգացմանը։ Դժվար չէ եզրակացնել, որ թուրքական կողմը համաձայնել է առաջարկներին, քանի որ հենց Անկարան է մեծապես հետաքրքրված ուկրաինական ճգնաժամի գործողությունների ընթացքով։ Թուրքիային առաջին հերթին անհանգստացնում է սևծովյան ավազանի խնդիրը, քանի որ ռուսական կողմի հաջողության դեպքում Ուկրաինան կզրկվի դեպի ծով ելքից, ինչի հետևանքով Սև ծովում կհաստատվի ռուսական միանձնյա իշխանությունը՝ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ ուղղակիորեն սպառնալով Թուրքիայի անվտանգությանը։ Թուրքական իշխանությունների համար կարևորությամբ երկրորդ անհանգստությունն այն է, որ առավել անիրատեսական է դառնալու Ղրիմի թաթարների հարցերի շահարկման ու փափուկ ուժի գործարկման հնարավորությունը։ Բացի այդ, Ուկրաինային ջրային ավազանից զրկելով ռուսները ցամաքային կապ են հաստատելու Մոլդովայի և Մերձդնեստրի հետ։ Ընդ որում, եթե ինքնահռչակ հանրապետությունում ռուսները խաղաղապահ զորախումբ ունեն, ապա մոլդովական ինքնավար Գագաուզիայում մեծ թիվ է կազմում պրոռուսական տրամադրված թյուրքական ազգաբնակչությունը։ Այլ կերպ ասած՝ ռուսական հաջողության դեպքում ռուսական կրկնապատկված ազդեցության գոտում կարող են հայտնվել նաև մոլդովայի գագաուզները, մինչդեռ Անկարան հսկայական գումարներ է ծախսել ինչպես Ուկրաինայում թաթարների, այնպես էլ Մոլդովայում գագաուզների հանրային դիվանագիտության ուղղությամբ։ Եվ ի վերջո կարևորությամբ հաջորդ մտավախությունն այն է, որ կասեցվելու է դեպի Ուկրաինա թուրքական զենքի և սպառազինության մատակարարումը, առաջին հերթին՝ անօդաչու թռչող սարքերի։ Հետևապես, Անկարայում թեպետ չեն բարձրաձայնում, սակայն խորքային առումով ռուսական ինտերվենցիան ընկալում են որպես Ուկրաինայի ապաթուրքացում։