Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 13:28 24-02-2022

Միջազգային գործընկերներից ակնկալում ենք հասցեական արձագանք Ադրբեջանի անօրինական գործողություններին. Հակոբ Արշակյան

Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստը, որի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել բացման խոսքով:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

«Հարգելի' համանախագահներ,

Հարգելի' տիկին դեսպան,

Հարգելի' գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Երեւանում` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք քննարկել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ներկա վիճակին, Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային այլ հարցեր:

Ցանկանում եմ նշել, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարեւոր ուղղություններից մեկը:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերն արդի միջազգային հարաբերություններում, մենք մշտապես պատրաստ ենք երկխոսություն ծավալել մեր եվրոպացի գործընկերների հետ խորհրդարանական տարբեր ձեւաչափերում` տարածաշրջանային խնդիրներ քննարկելու եւ դրանց լուծումներին աջակցելու համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպական միության հետ արդեն իսկ գոյություն ունեցող սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը, ինչն էլ, վստահաբար, կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2021 թվականի մարտի 1-ից գործողության մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար: Կուզենայի մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների իրականացմանը:

Անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացմամբ մենք վերահաստատեցինք ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի իշխանություններն առաջնահերթ են համարում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման եւ ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ուղղությամբ:

Հարգելի գործընկերներ,

Նախորդ տարվա իրադարձությունները նոր իրականություն են ստեղծել մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս: 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներն անդառնալի եղան մեզ համար: Այսօր մեր առջեւ կանգնած են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն: Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է 2021 թվականի մայիսի 12-ից: Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի եւ լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը:

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ եւ հասցեական արձագանք, այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը եւ Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին: Մեր խորին համոզմամբ, ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաեւ խաղաղության մթնոլորտին:

Այս առումով կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի անդամներին` 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար: Կուզենայի առանձնահատուկ անդրադառնալ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձեւի համար, որով Եվրոպական խորհրդարանը պահանջում է հակամարտության ընթացքում եւ դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների, ռազմական եւ քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը:

2021թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության արդյունքներով հաստատվեց նաեւ Թուրքիայի վերաբերյալ բանաձեւ-զեկույցը, որում Եվրոպական միությունը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Թուրքիային նաեւ կոչ է արվում զերծ մնալ ցանկացած տեսակի հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից եւ լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու հանձնառությունը: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ունեցած բացասական դերին: Հաշվետու զեկույցներում ԵՄ կողմը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության չճանաչումը եւ ցեղասպանության ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների եւ պատերազմների:

Հարգելի գործընկերներ,

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետեւանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար:

Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Մենք կողմնակից ենք եւ ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով եւ գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության:

Կուզենայի ձեզ տեղեկացնել, որ իմ գործընկեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հունվարի 14-ին հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ: Այսօր, Վիեննայում տեղի կունենա բանագնացների երկրորդ հանդիպումը: Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը:

Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարեւան երկրների, այնպես էլ տարբեր ձեւաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման: Վստահ եմ, որ Եվրոպական միությունն այն կառույցն է, որն իր առաքելությամբ կաջակցի այդ խաղաղության ու կայունության հաստատմանը, իսկ մենք` խորհրդարանականներս, կօգտագործենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակները մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման եւ հարգման ուղղությամբ:

Եվս մեկ անգամ ողջունում եմ գործընկերներին Հայաստանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք»,- բացման խոսում ասել է Հակոբ Արշակյանը: