Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:39 23-02-2022

Նա պաշտոնավարել և համագործակցել է Արցախի բոլոր 4 մարդու իրավունքների պաշտպանների հետ․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արման Թաթոյանի մասին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ավարտվում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի (Arman Tatoyan) պաշտոնավարման ժամկետը։

Շնորհակալություն հայտնել նրան իր պաշտոնավարման ողջ ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ներդրած անգնահատելի ջանքերի համար, թերևս նվազագույնն է։

Արման Թաթոյանն իր պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո՝ 2016 թվականի ապրիլին, Արցախում էր, իր պաշտոնավարման վերջին աշխատանքային այցն էլ կատարեց Արցախ։ 6 տարիների ընթացքում 2 պատերազմ, աննկարագրելի լայնածավալ փաստահավաք աշխատանքներ, զեկույցներ, հայտարարություններ, ելույթներ ու ասուլիսներ՝ փաստագրելու և աշխարհին ցույց տալու համար Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական հանցավոր գործողություններն ու պատերազմական հանցագործությունները։

Նա պաշտոնավարել և համագործակցել է Արցախի բոլոր 4 մարդու իրավունքների պաշտպանների հետ և ամեն րոպե իր գործունեությամբ նպաստել է երկու կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցության կատարելագործմանը։ Եվ, կարծում եմ, Արցախի բոլոր ՄԻՊ-երի թույլտվությամբ իրավունք ունեմ մեծագույն երախտագիտություն հայտնելու նրան՝ իր անմնացորդ նվիրումի և անգնահատելի մեծ ավանդի համար։

Թաթոյանը ոչ միայն լավ գործընկեր է, այլև հուսալի ու հավատարիմ մարդ, վստահելի թիկունք, որ իր պրոֆեսիոնալ խորհուրդներով ցանկացած իրավիճակում կարող է օգնության ձեռք մեկնել։ Իմ պաշտոնավարման հենց առաջին օրից զգացել ու տեսել եմ նրա աջակցությունն ու օժանդակությունը ամենատարբեր հարցերի շուրջ։

Մեր համատեղ աշխատանքի փորձն ինձ որևէ կասկած չի թողնում, որ Արման Թաթոյանն անկախ կարգավիճակից շարունակելու է բարձր պատասխանատվությամբ ու ջանասիրությամբ առաջ տանել Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մարդու իրավունքների պաշտպանությունն իր ծանրակշիռ ու արժանահավատ փաստերով ու դիտարկումներով։

Իմ ու Արցախի ՄԻՊ հաստատության անունից վերահաստատում եմ մշտապես ու բազմակողմանի համագործակցության մեր խիստ շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը»։