Ներքին 4 տարի առաջ - 23:37 16-02-2022

Արտակ Բեգլարյանն ընդունել և պարգևատրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի մասնակցությամբ ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև հայկական զույգ պետությունների մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում:

«Հատկանշական է, որ Ձեր պաշտոնավարման ժամկետն ավարտում եք արցախյան այցով՝ ամփոփելով կատարած աշխատանքը նաև արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ուզում եմ արժևորել Ձեր իրականացրած արհեստավարժ և սրտացավ աշխատանքը հատկապես պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածներում: Իսկ վերջին շրջանում մեր համատեղ աշխատանքը նպատակաուղղված է առաջնահերթորեն պատերազմի հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների բարձրաձայնմանն ու իրավունքների պաշտպանությանը»,- ողջույնի խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Ըստ աղբյուրի՝ Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ փոխգործակցության համար՝ այդ համատեքստում կարևորելով ադրբեջանական վայրագություններից Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

«Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է: Կարևորում եմ Ձեր իրավապաշտպան գործունեությունն ու էությունը, և, որպես պետական նախարար, Ձեր աշխատանքը ծավալում եք իրավապաշտպան սկզբունքներով՝ մարդուն առավելագույնս օգտակար լինելու մղումով: Մեր համատեղ աշխատանքն ակներև է միջազգային ասպարեզում: Արցախի Պաշտպանի հաստատությունը պատերազմի ժամանակ ու հետպատերազմյան ընթացքում ցույց տվեց իր կայացվածությունն ու բարձր մշակույթը, որի ապացույցը ժողովրդի ու միջազգային հեղինակավոր կառույցների վստահությունն է»,- նշել է Արման Թաթոյանը:

Նշվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության համար Արման Թաթոյանը Արտակ Բեգլարյանին է հանձնել պատվոգիր: Պետական նախարարն իր հերթին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է հանձնել գերատեսչական հուշամեդալ:

Պետական նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրին իրականացրած առաքելության համար և վստահություն հայտնել, որ Արման Թաթոյանն իր հետագա գործունեությունը նույնպես ծավալելու է ի նպաստ մեր հայրենակիցների իրավունքների ու ազատությունների պաշտպանության:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը