copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:18 07-02-2022

«Ռազմավարական ուղեցույցը» կամ հայ-թուրքական բանակցության ադրբեջանական գործոնը

Շվեյցարիան հայ-թուրքական բանակցությունների հյուրընկալման էստաֆետը փոխանցում է Ավստրիային։ Ըստ էության, խորքային առումով հենց այդ էստաֆետի փոխանցմանն էր ուղղված փետրվարի 2-3-ը Ավստրիայի արտգործնախարարի կատարած այցը Երևան, ինչին հետևեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 24-ին Վիեննայում։ Ֆուտբոլային դիվանագիտության հյուրընկալող միջնորդ Ցյուրիխը չկարողացավ էական հաջողության հասնել հայ-թուրքական երկխոսության հարցում, մինչդեռ Վիեննան՝ հակառակ հարևանի անհաջող փորձին, պատրաստակամ է վերստին ստանձնելու նման հանձնառություն։ Այս առումով իրերի դասավորությունն առավել ձեռնտու է պաշտոնական Երևանին, քանի որ եթե հայկական կողմը ցանկանում է բանակցություններն անկողմնակալ հարթակ տեղափոխվել, ապա Թուրքիան շահագրգռված է երկխոսությունն առանց որևէ միջնորդի շարունակել կա՛մ Երևանում, կա՛մ Անկարայում։ Հատկանշական է, որ թեպետ հայ որոշ մասնագետների կարծիքով Մոսկվայից հեռանալու դեպքում Անկարան ավելի լուրջ զիջումներ կկորզի Երևանից, սակայն նույն հաջողությամբ կարելի է և պետք է պնդել նաև հակառակը, այն է՝ Թուրքիայի հետ Հայաստանի վերաբերյալ խոսելիս Մոսկվան առաջնորդվելու է ռուսական շահով, ինչը նշանակում է, որ հայկական կողմի զիջում-կորուստները լինելու են շատ ավելի ցավոտ և անվերականգնելի։ Բայց, որ այս պահին առավել կարևոր է, բանակցությունների գեոլոկացիայիով Անկարան ցանկանում է ընդգծել ու հիշեցնել, որ հայ-թուրքական հարաբերությունները վերաբերում են բացառապես Հայաստանին և Թուրքիային, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Անկարայում։ Համենայն դեպս, նոր հյուրընկալ Ավստրիան համոզված անկողմնակալ պետություն է, որի չեզոք դիրքավորումը վաղուց դարձել է դիվանագիտական արժեհամակարգի բաղկացուցիչ։

Բայցևայնպես, հայ-թուրքական նոր բանակցությունների հերթական հանդիպմանն ընդառաջ կարևոր է ոչ թե անցկացման վայրը, այլ ռազմաքաղաքական այն իրադարձությունները, որոնք ծավալվում են տարածաշրջանում։ Այսպես, Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրեց, իսկ Թուրքիայի խորհրդարանի նախագահություն էլ վավերացման համար մուտքագրվեց, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը (թուրքերեն՝ Müttefiklik İlişkileri Hakkında Şuşa Beyannamesi), որը 2021 թվականի հունիսի 15-ին Էրդողանն ու Ալիևը ստորագրել էին Շուշի կատարած այցի ընթացքում: Այս երկկողմ փաստաթուղթը ենթադրում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների արձանագրում, և, ինչպես Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարն է նշում, հռչակագիրը «ռազմավարական ուղեցույց» է: Հատկանշական է, որ վավերացումը տեղի է ունենում հիմա: Ըստ էության, սա Ռուսաստանի հանդեպ հոգեբանական որոշակի ազդեցության փորձ էր Էրդողանի կիևյան այցից առաջ: Թուրքիան փորձում է միջնորդական դեր ստանձնել ռուս-ուկրաինական հակամարտությունում, բայց Մոսկվան դրա հանդեպ անտարբերություն է ցուցաբերում, կամ, որ առավել ճիշտ կլինի բնորոշել, Անկարայից ակնկալում է, որ կհամոզի Ուկրաինային՝ կատարելու Մինսկի համաձայնագրի դրույթները: Բայց, քաջ գիտակցելով, որ Էրդողանը Դոնբասի և Ղրիմի հարցում բացահայտ օգնում, աջակցում ու զինում է Կիևին, Կրեմլը դիվանագիտական քաղաքավարությամբ մերժեց դիվանագիտական ֆորումի մասնակցության հրավերը՝ հիմնավորմամբ, թե այցի նպատակահարմարությունը կդիտարկեն ապագայում, եթե ժամանակացույցը թույլ տա: Ուստի, ամենևին զարմանալի չէ, որ հիմա Էրդողանն ինքն է որոշել կիևյան այցից հետո մեկնել Մոսկվա: Այդ ֆոնին հատկանշական է Քալընի հերթական հեռախոսազրույցը Բայդենի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանի հետ: Այս իմաստով հետաքրքիր է նաև Պուտին-Մակրոն կապը. վերջին օրերին արդեն երկու անգամ նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Ֆրանսիան, իհարկե, խնդիր ունի կանխելու Եվրամիության հանդեպ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա գերազդեցության հաստատումը, որը տեղի է ունենում «ռուսական ագրեսիայի» գերսպասում առաջացնելու միջոցով, մանավանդ, որ հարևան Գերմանիան շատ դեպքերում չի կիսում Փարիզի մտահոգությունները։ Օգտվելով առիթից, Մոսկվան Ֆրանսիայի ու մասամբ նաև Գերմանիայի անհանգստությունը փորձում է նյութականացնել Միացյալ Նահանգների հետ անվտանգային երաշխիքների շուրջ բանակցային գործընթացում: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական այս զարգացումները, Թուրքիան ակնհայտորեն փորձում է ակտիվություն ցուցաբերել՝ ակնկալիքով, որ Վաշինգտոնը կդիտարկի Թուրքիայի ակտիվացումը խթանելու տարբերակը՝ ի հակակշիռ Ռուսաստանի և, ինչու ոչ, նաև Չինաստանի, հատկապես այն բանից հետո, երբ Չինաստանն իր աջակցությունը հայտնեց Ռուսաստանին՝ կանխելու արևելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի առաջխաղացումը։ Իսկ թուրքական արտաքին քաղաքականության ակտիվացումը ենթադրում է որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության աշխուժացում ինչպես հյուսիսում, այնպես էլ Արցախում, որն Անկարայում ընկալվում է որպես «Ադրբեջանի ապահայկականացում և ապառուսականացում»:

Փաստացի, անգամ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական գործոնը շարունակում է գերակա մնալ հայ-թուրքական օրակարգում: Թյուրքալեզու այս երկրների հարաբերությունները, որոնք և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը հիմնավոր պատճառներով որակում են որպես «եղբայրական» և բնութագրում «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, ուղղակիորեն ազդում են հայ-թուրքական բանակցային գործընթացի վրա։ Հայ հասարակության, այդ թվում՝ փորձագիտական համայնքի շրջանում տարածված կարծրատիպ կա, ըստ որի՝ Ադրբեջանը չունի Թուրքիայի վրա ազդեցություն գործելու և դիրքորոշումը վերաձևակերպելու անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքակազմ: Մինչդեռ Ադրբեջանը հակառակն ապացուցել է դեռևս 2007-ին՝ ցյուրիխյան բանակցությունների պաշտոնական մեկնարկից առաջ: Մասնավորապես, թուրք-ադրբեջանական գործակցության ամենատարբեր հարթակներում Ադրբեջանը մշտապես բարձրացրել է հայ-թուրքական համագործակցության դեպքում տնտեսական և քաղաքական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում Ադրբեջանը տնտեսական հակաքայլ ասելով նկատի է ունեցել բնական գազի դամփինգը, քանի որ Ապշերոնից գազի արտահանումը Թուրքիա տեղի է ունենում համաշխարհային շուկայական արժեքից ավելի ցածր գներով, իսկ քաղաքական հակաքայլը ենթադրել է իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների խորացում: Այս հանգամանքը հաշվի առնելով քեմալական Հանրապետա-ժողովրդական կուսակցության անդամ Միթհաթ Ալի Քաբաալին բերում է արաբական աշխարհում հայտնի ասացվածքը․ «Չկա պատերազմ առանց Եգիպտոսի, չկա խաղաղություն առանց Սիրիայի»՝ նկատի ունենալով, որ արտահայտությունը պետք է տեղայնացնել հարավկովկասյան տարածաշրջանում, այն է՝ «չկա խաղաղություն առանց Ադրբեջանի»։ Նախկին դատավորն անշուշտ իրավացի է, քանի որ անգամ Արցախյան երկրորդ պատերազմի ելքից հետո Ադրբեջանը չի համաձայնել սահմանի հրադադարի ռեժիմը չխախտելու պայմանավորվածություններին, ընդ որում, ինչպես արցախյան, այնպես էլ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ: Սակայն թուրք գործիչը «չկա խաղաղություն առանց Ադրբեջանի» թեզն առաջ քաշելով նկատի ունի Ադրբեջանում հաստատված խաղաղությունը՝ ի հաշիվ Լեռնային Ղարաբաղի՝ իբրև քաղաքական միավորի վերացման: Հետևաբար թյուր է թուրք ընդդիմադիրների շրջանում տարածված այն պատկերացումը, թե հայ-թուրքական բանակցություններին Ադրբեջանի մասնակցությունը զերծ կպահի նոր փակուղիներից, մանավանդ, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի քաղաքական ամբիցիաները չեն ավարտվում Արցախի հարցի թյուրքանպաստ հանգուցալուծման պահանջով:

Ակնհայտ է, որ Շուշիի հռչակագիրը, որը թուրքական մեջլիսը հավանության է արժանացրել 266 կողմ ձայներով, բացասական ազդեցություն է գործելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, քանի որ այն ենթադրում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ինտեգրացիոն ավելի խորը հարաբերութուններ։ Ըստ էության, Թուրքիան և Ադրբեջանը վավերացրած փաստաթղթով մոտավորապես ունենալու են այն հարաբերությունները, ինչպիսին հետխորհրդային տարածաշրջանում ունեն Ռուսաստանն ու Բելառուսը Միութենական պետության ձևաչափով: Բայց, եթե ռուս-բելառուսական դաշինքը չի ենթադրում օկուպացիոն ինտերվենցիա, ապա թուրք-ադրբեջանական հռչակագրի համաձայն՝ երրորդ պետության կամ պետությունների կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում նախատեսվում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն անհրաժեշտ փոխօգնություն ցուցաբերում, այլև «Զանգեզուրի միջանցքի» բացում։ Իսկ թե՛ Սյունիքի հիպոթետիկ միջանցքը, թե երրորդ պետությունը հենց Հայաստանի Հանրապետությունն է՝ «անիծյալ սեպը», ինչպես ժամանակին բնորոշել էին Թուրքիայի նախկին ղեկավարներ Դեմիրելն ու Օզալը: Հռչակագրով Թուրքիան ձեռք է բերում նաև լրացուցիչ լեգիտիմություն՝ կազմաքանդելու Մինսկի խմբի ձևաչափը, ինչն անընդունելի է հայկական կողմի համար, և Հայաստանը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Հռչակագրի ընդունմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է վերջնականապես վիժեցնել նաև հայ ընդդիմադիրների շրջանում տարածված հակապարտվողական և ռևանշիստական տրամադրությունները՝ զգուշացնելով, որ նոր պատերազմի դեպքում Թուրքիան ներգրավվելու է առանց Ադրբեջանի խնդրանքի, քանի որ հռչակագրով արդեն իսկ օժտված է նման պարտավորությամբ: Այլ կերպ ասած, ցանկացած «ոտնձգություն» Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ դիտարկվելու է որպես ոտնձգություն Թուրքիայի Հանրապետության դեմ: Այս համատեքստում կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել նաև հասարակական համակրանքի գործոնին: Այսպես, եթե Բելառուսի նախագահական վերջին ընտրություններից հետո Կրեմլն աջակցեց Լուկաշենկոյին ու բռնությամբ ճնշեց համազգային բողոքը, ինչի արդյունքում լրջագույն վնաս հասցվեց Միութենական պետության հեղինակությանն ու վարկանիշին, ապա Արցախյան 2-րդ պատերազմից հետո Թուրքիան Ադրբեջանում ամրապնդել է ոչ միայն իր ռազմա-քաղաքական դիրքերը, այլև փափուկ ուժն ու հանրային դիվանագիտությունը՝ արձանագրելով համակրանքի ամենաբարձր ցուցանիշը, քանի որ Ադրբեջանում համակարծիք են բոլորը. առանց Թուրքիայի ուղղակի աջակցության հնարավոր չէր լինի գրավել Արցախը:

Ձեզ գուցե հետաքրքրի