Արտաքին 4 տարի առաջ - 17:37 02-02-2022

Թուրքիան Ռուսաստանի ճնշմամբ է Հայաստանին բարեկամության ձեռք մեկնել. թուրք վերլուծաբան

Թուրքական ընդդիմադիր «Sözcu» լրատվամիջոցի վերլուծաբան Էմին Չոլաշանը հայ-թուրքական կարգավորման թեմայով հոդված է հրապարակել՝ վերնագրում Հայաստանն անվանելով չակերտյալ բարեկամ ու եղբայր։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, թուրք վերլուծաբանը, դիմելով իր լսարանին, ասել է. «Սիրելի ընթերցողներ, Հայաստան անունով պետության հետ սահմանակից հարևան ենք, բայց երկու երկրներն էլ միմյանց պաշտոնապես չեն ճանաչում»։

Այնուհետև նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական պատերազմում Թուրքիան, բնականաբար, դեմ հանդես եկավ Հայաստանին՝ շեշտելով, որ Ադրբեջանում կան թուրքական բանակի ստորաբաժանումներ, թուրք զինվորականներն են ադրբեջանական բանակը վարժեցնում ու հրահանգավորում։ Դե, իսկ պատերազմի ողջ ընթացքում էլ եթե անգամ զորք չեն ուղարկել, փոխարենը մեծաքանակ զենք-զինամթերք ու տեխնիկա են տրամադրել Ադրբեջանին։

Այս ամենով հանդերձ, սակայն, հոդվածի հեղինակը մատնանշում է մի հանգամանք, ըստ որի՝ իրենց ղեկավարներն ամեն թեմայով և ամեն բնագավառում մշտապես կիրառում են մի շատ կենսունակ սկզբունք։ Այդ սկզբունքի տրամաբանությունը հետևյալն է. «Սկզբում վախեցնել, սպառնալ, իսկ հետո անել հետքայլ»։

«Վերջին տարիներին բոլորս էլ ականտես ենք եղել այդպիսի օրինակների։ Օրինակ՝ Եգիպտոսին անընդհատ սպառնում էին, բայց հենց ԱՄՆ-ն գործի անցավ, արդեն սկսվեց Եգիպտոսի հետ բարեկամական ուղերձների փոխանակումը... Կամ ասենք Հայաստանի պարագան. երեկ բացեցին օդային սահմանը ու արդեն փոխադարձ չվերթներ սկսեցին իրականացնել»։

Շարունակելով օրինակների շարքը՝ թուրք վերլուծաբանը հիշատակում է Իսրայելի դեպքը։ Սկզբում Թուրքիայում բոլոր մակարդակներով ինչ ասես չէին ասում Իսրայելին, էլ հայհոյանքներ, էլ սպառնալիքներ, բայց հենց կրկին պրոցեսի մեջ մտավ ԱՄՆ-ն, պատկերը փոխվեց։ Վաշինգտոնն Էրդողանին ասաց, որ հարկադրված եք հաշտվել Իսրայելի հետ։ Ու հիմա արդեն Թուրքիան Իսրայելի հետ բարեկամության շեմին է։ Մամուլը նույնիսկ գրում է, որ Իսրայելի նախագահը հնարավոր է այց կատարի Թուրքիա, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։

«Եվ եթե շատ շուտով նույն այդ մարդկանց բերանից հանկարծ լսեք «Բարեկամ և եղբայր Հայաստան» արտահայտությունը, ամենևին չզարմանաք»,- զգուշացնում է թուրք վերլուծաբանը։

Այս գործելաոճից ու առհասարակ Թուրքիայի արտգործնախարարության կադրերից և գործունեությունից դժգոհություն ակնարկելով՝ հոդվածի հեղինակը հետևյալ կերպ է ամփոփում իր եզրակացությունը. «Ռուսաստանի ճնշմամբ՝ Հայաստանին, իսկ ԱՄՆ-ի ճնշմամբ էլ Իսրայելին ու Եգիպտոսին բարեկամության ձեռք մեկնելու որոշում են կայացրել։

Դե ինչ ասենք, շնորհավոր լինի»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի