copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:07 01-02-2022

4 ժամ 45 րոպե․ չշրջանցելով Հայաստանը

Հունվարի 27-ին Թուրքիայի նախագահի նստավայրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի (թուրքերեն՝ Milli Güvenlik Kurulu) 2022 թվականի անդրանիկ փակ նիստը: Ինչպես և ակնկալվում էր, նիստի կենտրոնական թեման Դոնբասում իրավիճակի կտրուկ վատթարացումն էր ու հնարավոր սցենարների դեպքում Թուրքիայի միջնորդական դերի հստակեցումը: Բայցևայնպես, մոտ 5 ժամ ձգված քննարկման ընթացքում պակաս ուշադրության չի արժանացել նաև հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված ճանապարհային քարտեզի հարցը, որի մեկնաբանությամբ որպես զեկուցող հանդես է եկել ԱԱԽ անդամ, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թեպետ Խորհրդի անդամներն առանձին հարցազրույցներով և մեկնաբանություններով հանդես չեն եկել, սակայն նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ տեղեկատվությունն ամփոփվել է եզրափակիչ հայտարարությամբ, ըստ որի՝

«1․ Բազմակողմանիորեն ամփոփվել են 2021 թվականին մեր ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական կարևոր զարգացումները, քննարկվել են հավանական մարտահրավերները, որոնց հնարավոր է բախվել 2022 թվականին, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք այս շրջանակում պետք է ձեռնարկել։

2․ Խորհրդին զեկուցել են մեր ազգային միասնության և համերաշխության, ինչպես նաև գոյատևման բոլոր տեսակի սպառնալիքների և վտանգների, հատկապես՝ «PKK, KCK, PYD, YPG», «FETÖ» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների դեմ վճռականորեն և հաջողությամբ իրականացված գործողությունների մասին։

3․ Քննարկվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև աճող լարվածությունը։ Ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ լարվածության էսկալացիան չի հանգուցալուծվելու որևէ մեկի օգտին, բոլոր կողմերին կոչ է արվել նվազեցնելու լարվածությունն՝ առաջնորդվելով առողջ բանականությամբ։

4․ Ընդգծվել է կողմերի՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված մեխանիզմների և գործադրվող ճիգերի, հատկապես՝ Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերի առաջմղման կարևորությունը։

5․ Վերահաստատվել է Էգեյան և Միջերկրական ծովերում մեր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու վճռականությունը, իսկ Հունաստանին, որն անպատասխանատու կերպով խախտում ու խեղաթյուրում է միջազգային իրավունքը, համառորեն շարունակում է զինել կղզիները՝ անտեսելով պայմանագրերը, առաջարկվել է անկեղծորեն արձագանքել երկխոսության և համագործակցության մեր կոչերին։

Հայաստանում մինչ Շանթ Հարությունյանն ու Արա Պապյանը բանավիճում են Կարսի պայմանագիրը չեղարկելու և Սևրի դաշնագիրը կյանքի կոչելու նպատակահարմարության մասին, թուրքական կողմը՝ ի դեմս Չավուշօղլուի, Հայաստանին հրավիրում է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ըստ էության, թեպետ տեղեկատվության սղության պայմաններում լիարժեքորեն հնարավոր չէ պատկերացում կազմել հայ-թուրքական օրակարգային հարցի քննարկման բովանդակության վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ Խորհրդում մեկ անգամ ևս ընդգծվել է հայաստանյան վեկտորի հարցում Բաքվի որդեգրած արտաքին քաղաքականությունը հաշվի առնելու և թուրք-ադրբեջանական միասնական դիրքորոշմամբ հանդես գալու հրամայականը: Այս համատեքստում պետք է բացատրել այն իրողությունը, որ արտգործնախարար Չավուշօղլուն Խորհրդի նիստի օրը՝ հունվարի 27-ին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Սիլվի Բաիպո-Թեմոյի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին մասնակցության հրավեր ուղարկելուն՝ ընդգծելով, որ Ադրբեջանն արդեն իսկ ընդունել է հրավերը, ինչը նշանակում է, որ Թուրքիայում Ադրբեջանը կարող է ներկայացնել իր կարծիքը, իսկ Հայաստանն իրենը՝ ամրապնդելով վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերը: Այս կերպ պաշտոնական Անկարան, անշուշտ, ոչ միայն ցանկանում է առերես և առանց երրորդ կողմի միջնորդության շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգը, այլև ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական բանակցությունները տեղափոխել Թուրքիա: Երևանում սա շատ քաջ են գիտակցում, բայց ակնհայտորեն հապաղում են՝ փորձելով հասկանալ ռուսական կողմի խանդի դրսևորումները, այնինչ Կրեմլին այս պահին ոչ այնքան հետաքրքիր է Հայաստանի մասնակցության ձևաչափը, որքան Անթալիայի դիվանագիտական ֆորումի բովանդակության կողմը, քանի որ այս հարթակը, որը հյուրընկալելու է շուրջ 50 երկրի ԱԳ նախարարի և 30-ից ավելի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության, վերածվելու է հակառուսական հիստերիայի հավաքույթի, ուստի ամենևին զարմանալի չէ, որ մասնակցության առթիվ Կրեմլից հնչել է խուսափողական պատասխան՝ իբրև հիմնավորում բերելով թագաժահրով պայմանավորված իրադրությունը:

Հատկանշական է, որ թե՛ Մոսկվայում սպասվող հանդիպման, թե՛ դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերի մասին հայաստանցին տեղեկացել է թուրքական մամուլից: Ակնհայտ է, որ երկկողմ հարաբերությունների վերականգնմանն ուղղված միջոցառումների տեղեկատվության ապահովման առաջին աղբյուրը դարձել է Թուրքիան, իսկ հայկական կողմը ոչ միայն ԶԼՄ-ների մակարդակով զբաղված է թուրքական պաշտոնական մամուլի թարգմանությամբ, այլև չափազանց խուսափողական կեցվածք է որդեգրել՝ վախենալով ինչպես խորհրդարանական արմատական ընդդիմության, այնպես էլ ժողովրդական լայն զանգվածների քննադատություններից և բողոքի ալիքից: Այլ կերպ ասած, թուրքական կողմը դարձել է քարոզչության և լուսաբանման թելադրող կողմ, իսկ հայը՝ տեղեկատվության սպառող, մինչդեռ տեղեկատվական անվտանգության և պետություն-քաղաքացի վստահության մթնոլորտի ապահովման տեսանկյունից հույժ կարևոր է հայկական կողմի նախաձեռնողականությունը՝ հայ-թուրքական օրակարգին առնչվող ցանկացած խնդիր առաջինը բարձրացնելու և հանրայնացնելու հարցում: Նման մոտեցումը կարևոր է այն տեսանկյունից, որ Արևմուտքում և տարածաշրջանում կոտրվի այն պատրանքը, թե երկկողմ հարաբերությունների կարգավորմամբ մտահոգված և շահագրգռված է առաջին հերթին Թուրքիան: Սա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ բանակցությունների ձախողման դեպքում պատասխանատվության ամբողջ բեռը չբարդվի հայկական կողմի վրա: Նույն տրամաբանությամբ պետք է առաջնորդվել նաև տարածաշրջանային 6-յակի համագործակցային նախագծերը լուսաբանելիս, մանավանդ, որ նախաձեռնության լոկոմոտիվը Թուրքիան է, իսկ հարթակի անհաջողությունները՝ ակնառու:

Թուրքիայի առաջ քաշած «3+3» հարթակն ի սկզբանե տապալվեց, քանի որ Վրաստանի իշխանություններն առանց վարանելու դեմ արտահայտվեցին ձևաչափին՝ պատճառաբանելով Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնահարցն ու Ռուսաստանի մասնակցությունը: Անկարայում հրաշալի են գիտակցում, որ Թբիլիսիի կողմից առաջարկը մերժելու պարագայում «3+2» տարբերակը պահպանելու համար կենսական է Երևանի մասնակցությունը, ինչը նշանակում է, որ հայ-թուրքական բանակցությունների տապալման դեպքում տապալման է ենթակա նաև «3+2» հարթակը: Թուրքիային իրողությունների նման զարգացումը բացարձակապես ձեռնտու չէ, քանի որ խորքային առումով խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Այսրկովկասում Ռուսաստանի և Իրանի առանց այդ էլ թուլացած դիրքերի վերջնական խարխլումը, մանավանդ, որ այդ հիմքերը գցված են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Վրաստանում: Առհասարակ, չնայած այն հանգամանքին, որ լիրայի արժեզրկման համատեքստում 2021-ը չափազանց ծանր էր Թուրքիայի տնտեսության համար, բայցևայնպես, արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Էրդողանի և նրա քաղաքական թիմի համար, ինչպես նախորդ, այնպես էլ առաջիկա ընտրություններին ընդառաջ եղել և շարունակում է էական և վճռորոշ նշանակություն ունենալ: Հետևապես ամենևին զարմանալի չէ, որ ակտիվորեն սկսվել է քննարկվել կառավարության կազմի փոփոխության հարցը, իսկ պաշտոնին հրաժեշտ տվող գործիչների շարքում նշվում է նաև Չավուշօղլուի անունը, որին, ամենայն հավանականությամբ, կհաջորդի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հավատարիմ կադրերից մամուլի քարտուղարը՝ Իբրահիմ Քալընը։ Բայցևայնպես, Չավուշօղլուին պետք է արժանին մատուցել, քանի որ վերջինիս առջև դրված է ոչ միայն Հայաստանի, այլև արաբական աշխարհի հետ հարաբերությունները կարգավորելու ծանր բեռը, ինչը դիվանագետին հաջողվում է, եթե հաշվի առնենք Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի մասնավոր օրինակները:

Բացի դրանից՝ թուրքական գործող իշխանությունները լրջագույն մտահոգություններ ունեն, որ «սեփական արտադրության» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հերթական գործընթացի անհաջողության դեպքում տապալելու են նաև 2023 թվականի հունիսի նախագահական ընտրությունները: Այսպես՝ «Եվրասիա» հետազոտական կենտրոնի կողմից հունվարին անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներով Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ը մոտ 5 տոկոսով զիջում է ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ին: Էրդողանական ԱԶԿ-ն մտահոգություն ունի, որ արտաքին վեկտորը տապալելու դեպքում ընդդիմության կոնսոլիդացիայի արդյունքում տեղի կունենա «Ազգային դաշինք»-ի համալրում: Եվ, ըստ էության, չի սխալվում, քանի որ դաշինքի առանցքային ուժերի առաջնորդները՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն և «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները նախագահական ընտրություններին ընդառաջ ակտիվ բանակցություններ են վարում «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուի հետ:

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը հեռացրել են
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
10:20 «Նիկո՛լ, ս.» պահանջով դուրս գանք փողոց. Վարդան Ղուկասյանի կոչը ընդդիմադիրներին
09:00 Մարդկանց երեսը դառնում է պադոշ. պատմական 4 վիրավորանքները
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման