copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:32 01-02-2022

«Լենինյան ուղի» տխրահռչակ թերթում աշխատած պարոնը դատողություններ է անում այնպիսի բաների մասին, որոնք անհամատեղելի են իր անցյալի հետ․ Սաթիկ Սեյրանյան

«Անկեղծ ասած, տարակուսելի է, երբ «Լենինյան ուղի» տխրահռչակ թերթում աշխատած այդ պարոնը դատողություններ է անում ազատ խոսքի, մամուլի ազատության և այլ այնպիսի արժեքների մասին, որոնք պետք է որ անհամատեղելի լինեին առնվազն իր վաղ անցյալի հետ»,- Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը Oragir.news-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հայտարարություններին։ Նա ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ոճով ՀԺՄ անդամներին անվանել է «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քարոզիչներ», ապա նաև իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե ՀԺՄ-ն վերջին համագումարին անտեսել և չի հրավիրել մարզային լրատվամիջոցներին, ինչը, ըստ Մելիքյանի, վկայում է, որ ՀԺՄ 13-րդ համագումարը լեգիտիմ չէ: Աշոտ Մելիքյանը գրել է․

«Իմ վերջին հարցազրույցը կարդալուց հետո «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանն ինձ հաղորդագրություն ուղարկեց, որում իր և մի շարք այլ մարզային լրատվամիջոցների ղեկավարների անունից իր վրդովմունքն արտահայտեց առ այն, որ իրենց չեն տեղեկացրել Հայաստանի ժուռնալիստների միության համագումար կազմակերպելու և դրան մասնակցելու հնարավորության մասին։ Մինչդեռ, բոլոր մարզերում կան ՀԺՄ անդամներ, որոնք ժամանակին ընտրում էին իրենց պատվիրակներին համագումարներին մասնակցելու համար։ Այժմ միության անգործության պատճառով նրանք իրենց անտեսված են զգում, քանի որ վերջին համագումարում ոչ միայն պատվիրակ ընտրելու հնարավորություն չեն ունեցել, այլև առհասարակ չեն տեղեկացվել այդ համագումարի կազմակերպման և դրան մասնակցելու պայմանների մասին։ Պապ Հայրապետյանն իր դժգոհությունն արտահայտել է նաև այլ մարզերի գործընկերների, մասնավորապես՝ Խիկար Գեղամյանի («Կոտայք» թերթի խմբագիր, Կոտայք), Անահիտ Նահապետյանի («Տուֆաշխարհի առօրյա» թերթի խմբագիր, Արթիկ), Արևհատ Ամիրյանի («Որոտան» թերթի խմբագիր, Սիսիան), Համլետ Խաչատրյանի («Թալին աշխարհ» թերթի խմբագիր, Թալին), Նելլի Բեգլարյանի («Արարատ» թերթի խմբագիր, Արարատ), Վարդևան Գրիգորյանի («Արագած աշխարհ» թերթի խմբագիր, Արագած) և այլոց անունից, որոնք նույնպես տեղյակ չեն եղել գործընթացից։ Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀԺՄ 13-րդ համագումարի կազմակերպումն ու անցկացումը, ինչպեսև նախորդինը, լեգիտիմ չի եղել։ Չի բացառվում, որ ՀԺՄ-ից արձագանքեն, թե այդ բոլոր լրագրողները տարիներ շարունակ չեն մուծել անդամավճարները, սակայն մարզերի մեր գործընկերները նախապես հակադարձում են՝ ի՞նչ անդամավճար՝ չգործող, մեզ անտեսող կառույցին»,- գրել է Աշոտ Մելիքյանը՝ հղում կատարելով ՔՊ-ի կողմից ֆինանսավորվող «civik.am»-ին տված իր հարցազրույցին, հենց որում էլ Մելիքյանը ՀԺՄ անդամ լրագրողների հասցեին վիրավորական և պիտակավորող հայտարարություններ է իրեն թույլ տվել, իսկ այդ հարցազրույցում Մելիքյանը մասնավորապես ասել է․

«Դա կանխորոշված էր արդեն, և տեսնելով, թե մասնակիցների ճնշող մեծամասնությունն ովքեր էին, ես իմ անձնական կարծիքն ասեմ, որ դա ոչ թե Ժուռնալիստների միության համագումար էր, այլ ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քարոզիչների ալյանս էր, որը հավաքվել էր իր հերթական անելիքները որոշելու և իրենց ճամբարին սպասարկող այդ կազմակերպության ղեկավար ընտրելու»,- ասել է Մելիքյանը։
ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը Oragir.news-ի հետ զրույցում Մելիքյանին խորհուրդ տվեց զբաղվել իր գործով և դադարեցնել լրագրողների հասցեին վիրավորանքները։
«Անկեղծ ասած, տարակուսելի է, երբ «Լենինյան ուղի» տխրահռչակ թերթում աշխատած այդ պարոնը դատողություններ է անում ազատ խոսքի, մամուլի ազատության և այլ այնպիսի արժեքների մասին, որոնք պետք է որ անհամատեղելի լինեին առնվազն իր վաղ անցյալի հետ։ Բայց քանի որ խոսքի ազատությունը նաև նմանների խոսքի ազատությունն է, ստիպված եմ հիշեցնել, որ դա, այդուհանդերձ, խոսքի և ոչ թե զազրախոսության ազատություն է։ Հատկապես, երբ Ժուռնալիստների միության մասին խոսում է մեկը, ով զբաղված է լրագրողական կազմակերպության աշխատանքի իմիտացիայով և այդ իմիտացիան կոնկրետ այս փուլում՝ իշխանությանը ծառայեցնելով։

Հայաստանի ժուռնալիստների միությունը օրենքի ու էթիկայի շրջանակներում գործող բոլոր լրագրողներին միավորող կազմակերպություն է՝ անկախ լրագրողների քաղաքական կամ այլ ուղղվածությունից ու նախընտրություններից։ Մինչդեռ նշյալ սուբյեկտը զբաղված է հատկապես ու առավելապես իշխանական լրագրողների իրավունքների պաշտպանությամբ ու այլակարծության ցանկացած դրսևորման դեմ կատաղի պայքարով։ Դա, իհարկե, ծիծաղելի է մեկի պարագայում, ով, որքան տեղյակ եմ, գործում է առավելապես դրամաշնորհներով և իր գործունեության իմիտացիան ծառայեցնում է զուտ դոնորներին հաշվետվություններ ներկայացնելու համար։

Ընդ որում, տակավին անհայտ է, թե առհասարակ քանի՞ անդամ ունի որպես լրագրողական ներկայացող այդ կազմակերպությունը, քանի՞ լրագրողի համար է երբևէ որևէ քայլ կատարել և ի՞նչ է արել, բացի լրատվական դաշտն իշխանության քարոզչության հանգույն սև-սպիտակի բաժանելուց։ Մարդկայնորեն գուցե նրան կարելի է հասկանալ, քանի որ նա փորձում է իր դեկորատիվ կազմակերպությունը համեմատել Ժուռնալիստների միության հետ, որում հավաքված են լրագրության աշխարհի ակտիվ ներկայացուցիչներ՝ այսօր էլ գործունեություն ծավալող, որոնց լրագրողական նյութերը ոչ միայն հայաստանյան կազմակերպությունների, այլև միջազգային կազմակերպությունների կողմից մրցանակների են արժանացել, որոնք մշտապես խոսել ու բարձրացրել են մասնագիտական համայնքի խնդիրները՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։ Հասկանալի է, որ այդ համեմատությունն այդ պարոնին կարող է հոգեկան տրավմաներ պատճառել, բայց, դժբախտաբար, մենք այդ հարցում նրան ոչնչով օգնել չենք կարող։ Բացի բարեկամական խորհրդից, որ դադարի վիրավորել Հայաստանի ժուռնալիստների միության որևէ անդամի և, իմ անձից ունեցած սեփական բարդույթներով պայմանավորված, խնդիրները փորձի լուծել իմ և ոչ թե կազմակերպության հետ։

Լրագրության և խոսքի ազատության վեհ արժեքների մասին խոսող մարդը պետք է որ իրեն թույլ չտար մասնագիտական խնդիրների բարձրաձայնման փոխարեն դառնալ սոցցանցային ակտիվիստ՝ հեղափոխությունից հետո իրեն ազգական դարձած մեկ այլ իշխանական քարոզչի հետ իրենց էջերը ողողելով իմ լուսանկարներով, կոլաժներով, ինչ-որ «սքրինշոթերով», բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Սեյրանյանը։
Oragir,news-ը զրուցեց Աշոտ Մելիքյանին դիմած՝ «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանի հետ՝ հարցնելով, թե ո՞րն է իրենց վրդովմունքի պատճառը։ Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դադարեցվել է մարզային ԶԼՄ-ների ֆինանսավորումը, իսկ ՀԺՄ-ից էլ գանգատն այն է, որ չի օգնել մարզային ԶԼՄ-ներին վերականգնել այն։ Ըստ Հայրապետյանի՝ իրենց խնդիրներին ոչ ոք ականջալուր չի լինում։
«Մենք անդամավճար չենք վճարել, որովհետև այդ կազմակերպությանը․․․ Աստղիկ Գևորգյանի ժամանակ մենք համագործակցված աշխատել ենք, մեր խնդիրները Ժուռնալիստների միության կողմից բարձրացվել են, իրենք մեր կողքին են եղել, ինչ-որ հարցեր եղել են, մենք իրենց միջոցով լուծել ենք, իսկ Սաթիկ Սեյրանյանի գալուց հետո մենք այդ կազմակերպության գոյությունը չենք զգացել, որևէ ձևով մեզ հետ կապ չի պահպանվել, մեր խնդիրներին նեցուկ չեն եղել, իսկ եթե այդ բոլորը չկա, մենք անդամավճար ինչի՞ համար մուծենք։ Իրենք մեզ թող տեղյակ պահեին, որ պիտի անդամավճար մուծեինք»,- ասաց խմբագիրը։

Պապ Հայրապետյանին հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ ՀԺՄ-ն բազմիս լրագրողական համայնքի շահերը պաշտպանել է, դատապարտել է իշխանական ճնշումները, հանդես է եկել հայտարարություններով, ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և այլն, իսկ իրենց հետ չի աշխատում, և ինչպե՞ս է ստացվում, որ մարզային լրատվամիջոցները խոսքի ազատության դեմ ոտնձգություններին չեն արձագանքում։
«Երբ ՀԺՄ-ն դատապարտում է, մենք այդ կազմակերպության անդամ ենք, դա մեզ չի՞ վերաբերում, «Սևան» թերթը և մյուս թերթերը որ նշվել են, մենք առանձի՞ն դատապարտեինք»,- պատասխանեց Հայրապետյանը։
Բայց չէ՞ որ անդամավճարներ չեն վճարում, հետևաբար ենթադրվում է, որ ՀԺՄ գործունեությունը չեն ընդունում, իսկ չվճարելու հետևանքով էլ իրենց անդամությունը դադարեցվում է՝ հարցրինք խմբագրին, Հայրապետյանը պատասխանեց, որ մինչ այժմ ՀԺՄ անդամ են, իրենց որևէ մեկը չի տեղեկացրել, որ իրենց անդամությունը դադարեցվել է։ Խմբագրին հարցրինք՝ ի՞նչ խնդիրներ ունեն, որոնց ՀԺՄ-ն ականջալուր չի լինում, մինչդեռ Երևանում գործող ԶԼՄ-ների խնդիրներին պատշաճ արձագանքում է։

«Մենք նախկին իշխանության ժամանակ սուբսիդիա էինք ստանում՝ 500 հազար դրամի չափով՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից, 1998 թվականից, բայց այս կառավարության ժամանակ դադարեցվեց մարզային մամուլի ֆինանսավորումը։ Էդ հարցը մենք բարձրացրինք, բայց որևէ մեկը հետամուտ չեղավ, այդ թվում նաև Ժուռնալիստների միությունը»,- ասաց Հայրապետյանը՝ նաև նշելով, որ Աշոտ Մելիքյանի գնահատականներին՝ ՀԺՄ անդամներին ուղղված, թե քարոզիչներ են, ինքը համաձայն չէ և չի կիսում։

Սաթիկ Սեյրանյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Աշոտ Մելիքյանի հրապարակած «սքրինշոթերին», որոնցում «Տուֆաշխարհի առօրյա»-ն, «Սևան», «Թալին աշխարհ» ու մյուս թերթերը Աշոտ Մելիքյանին վրդովմունք են հայտնել։
«Ինչ վերաբերում է այդ «սքրինշոթերին», այն մարդիկ, որոնք դժգոհություն են արտահայտում, ՀԺՄ դռները բաց են բոլորի առաջ, իրենց հուզող հարցերը կարող են տալ և պատասխանները ստանալ: ՀԺՄ-ից բոլոր գործող անդամներին զանգահարել և տեղեկացրել են, բացի նրանցից, ովքեր Հայաստանի ժուռնալիստների միության կանոնադրությամբ՝ 2 տարի անդամավճար չվճարելուց հետո այլևս դադարել են լինել ՀԺՄ անդամ, բայց մենք նույնիսկ հնարավորություն ենք տվել վերականգնվելու, բայց եթե 5, 8 և ավելի տարիներ իրենց պարտավորությունները չեն կատարում․․․ դա իրենց որոշումն է: Միության կայքէջում, ֆեյսբուքյան էջում, տասնյակ լրատվամիջոցներով, տպագիր մամուլի էջերով բազմիցս հայտարարվել է անդամավճարների մասին, համագումարի մասին, նոր փոփոխություններով կանոնադրությունն է հրապարակվել, համագումարի ընթացքում ներկայացվել են հին և նոր կանոնադրությունները, ՀԺՄ ֆինանսական հաշվետվությունը, ամեն ինչ։ Ասում են՝ ի՞նչ է միությունն արել իրենց համար, իսկ իրենք ի՞նչ են արել միության համար, իրենք ինչո՞ւ են լռել, երբ նախկինում միության տարածքներն ու գույքը նվաստացուցիչ և ստրկական պայմաններով տրվել են ինչ-որ անձանց, և հիմա, այո, միությունը փորձում է միության ստեղծման ակունքներում կանգնած և մինչ օրս էլ միության շարքերում եղած մարդկանց ձեռքբերումը վերադարձնել միությանը։ Թող առաջին հերթին իրենք իրենց պարտավորությունները կատարեն, հետո պահանջեն։ Իսկ այդ 2 պարոնները (երկրորդը նկատի ունեմ նրան, ով կանացի զարդերիս նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի), որոնք ձեռք ձեռքի տված, արդեն երկու օր է՝ ֆեյսբուքյան գրառումներ են անում, իրենք իրավունք անգամ չունեն միության անունը տալու, թող առաջին հերթին իրենց կառույցների գործունեությունն ուսումնասիրեն»։

Իսկ ավելի լայն համատեքստում, կարող եմ միայն ենթադրել, թե որն է նմանների բորբոքման պատճառը։ Խոսքի ազատության ու մամուլի պաշտպանության բարձրագոչ կարգախոսները շատերը երկար ժամանակ դարձրել են բիզնեսի տեսակ, ամենատարբեր միջոցներով գումարներ են աշխատել ու աշխատում։ Եվ նրանք, ի դեմս այլ կազմակերպությունների, տվյալ դեպքում՝ ի դեմս Ժուռնալիստների միության, տեսնում են մրցակիցների, որոնք կարող են, բացի անիմաստ սեմինարներից, մամուլի դաշտում զբաղվել նաև իրական աշխատանքով և այդպիսով իրենց դոնորներին մտածելու տեղիք տալ, որ գուցե տարիներ շարունակ անիմաստ նպատակներով գումարներ են հատկացրել։ Կարծում եմ՝ սա է նրանց անհանգստության իրական պատճառը։
Ի դեպ, Տեղեկատվական վեճերի խորհրդին կոչ եմ անում կարգի հրավիրել իրենց անդամին»,- ասաց ՀԺՄ նախագահը։


Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր