Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:37 01-02-2022

ՀՅԴ բյուրոյին ենթարկվող որոշ անձինք բացահայտորեն որդեգրել են հակապետական դիրքորոշում․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հակապետական է որակում ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի տարածած հայտարարությունը, որում նշվում է, որ ՀՅԴ Ֆրանսիայի ողջ հայ ընտանիքը մերժում է Զարեհ Սինանյանին։

Նշենք, որ Սինանյանը փետրվարի 8-19-ը պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Ֆրանսիա։ Այս առիթով ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն մասնավորապես գրել է․

«Այս պոյքոթին պատճառը յստակ է ու մեկին: Յանձնակատարը ուղղակի դրածոն է վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձին և կամակատարը անոր: Պատերազմի խայտառակ պարտութիւն բեմադրած, 9 նոյեմբերի դաւադիր անձնատուութիւն ստորագրած, թշնամիին հայրենի հող զիջած, թուրքին հետ առանց նախապայմանի սիրաբանութեան անցած, ազգը պառակտած, Սփիւռքի քայքայման ուղղութեամբ գործող, Հայ Դատը ուրացող անձը եւ անոր կամակատարները, որոնց շարքին Սինանեան, տեղ չունին մեր յարկին տակ, ինչպէս նաեւ չունինք փոխանակման որեւէ թեմա անոնց հետ: Աւելին: Սինանեան իր պաշտօնին նշանակման առաջին իսկ օրէն գործեց Սփիւռքի աւանդական կառոյցները քանդելու եւ բաժնելու ուղղութեամբ, որ կը կազմէ իր իշխանութեան դաւադիր ծրագիրներէն մէկը: Յատկապէս ֆրանսահայ գաղութի պարագային, ան զօրակցեցաւ, աշխատեցաւ ու տակաւին կը շարունակէ աշխատիլ նորաբոյս, ինքնակոչ միութիւններու հետ, որոնք ոչ մէկ ներդրում ունեցած են կամ ունին համայնքէն ներս եւ կը յաւակնին վերցնել գաղութին ղեկը եւ շրջանցել աւանդական կառոյցները, որոնց տասնամեակներու վաստակը անժխտելի է: Այս գործելաոճով Սինանեան եւ իր խմբակը կը փորձեն ուղղակի իրենց իշխանութեան տակ առնել գաղութ մը, որ իր կենսափորձով, քաղաքական ու Հայ Դատի գծով արձանագրած որոշակի յաջողութիւններով կը հանդիսանայ Սփիւռքի կարեւոր օղակներէն մէկը: Պէտք է ընդգծել նաեւ այսպէս կոչուած հայ-թրքական յարաբերութիւններու գործօնը: Սինանեան կը փորձէ ներառել ֆրանսահայ գաղութը՝ Թուրքիոյ հետ յարաբերութիւններու «բնականոնացման» գործընթացին մէջ, որուն տենդագին լծուած են իր իշխանութիւնները, քաջ գիտնալով անշուշտ, որ այս գաղութը չ‘ընդունիր նման ազգադաւ գործընթաց, որուն ապացոյցը իր պինդ կեցուածքով տուած է 2009-ի նմանօրինակ փորձին եւ պատրաստ է նաեւ տալու այսօր աւելի քան երբեք»,- ասված է հայտարարության մեջ։

Oragir.news-ը այս հայտարարության վերաբերյալ պարզաբանում ուզեց Սինանյանի գրասենյակից․

«ՀՅԴ բյուրոյին ենթարկվող որոշ անձինք բացահայտորեն որդեգրել են հակապետական դիրքորոշում, և այս հայտարարությունն այդ դիրքորոշման ամենավերջին և շարքային դրսևորումն է: Ֆրանսահայ համայնքը եղել և մնում է Հայաստանի պետականության կողքին և մշտապես ակտիվ դեր է խաղացել Հայաստանին աջակցելու և շահերը պաշտպանելու գործում:

Այս այցի նպատակն է ֆրանսահայ համայնքին ներկայացնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերն ու խորացնել կապերը և համագործակցության մակարդակը համայնքի հետ, ինչպես նաև միասնաբար քննարկել մեր ապագա քայլերը»,- պատասխանել են հանձնակատարի գրասենյակից։