Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 11:52 29-01-2022

Ընդդիմությունը պետք է որոշում կայացնի ԵԽԽՎ-ի վերաբերյալ՝ բոյկոտ, կամ ծանր աշխատանք․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«ԵԽԽՎ-ն հրապարակել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձեւը։ Այն ընդունվել է ընդամենը 50 «կողմ» ձայնով։ Ընդ որում, եղել է մասնակցության շատ ցածր ցուցանիշ՝ 324 խորհրդարանականներից ընդամենը 80 պատվիրակ է մասնակցել քվեարկությանը, որոնցից 14-ը «դեմ» է քվեարկել։ «Դեմ» քվեարկողներից մեկն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն է, որին քննադատում են իբրեւ թե հակահայկական քվեարկություն իրականացնելու համար։ Իսկ իշխանականները հրճվանքի մեջ են՝ Վեհաժողովը բարձր է գնահատել 2018-ին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021 թ. հունիսին կայացած ընտրությունների շնորհիվ:


Բանաձեւում նշվում է նաեւ գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները եւ չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը, եւ սա երեկվանից շահարկում են իշխանությունները՝ այս բանաձեւի ընդունումը համարելով իրենց հաղթանակը։

ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ավելի վաղ՝ դեռ 4-5 ամիս առաջ գիտեր այդ գնահատականի մասին։ «Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, որն այդ պահի դրությամբ հրապարակային չէր, հենց այդպիսի դիրքորոշում է արտահայտել Հայաստանի հարցով համազեկուցողներից մեկը։ Եվ սա փաստ է, որն արձանագրված է։ Ընդդիմության կողմից մանդատները վերցնելուց հետո սա ընդամենը փաստի արձանագրում է։ Այս համատեքստում դիտարկեք այն կարծիքները, որոնք վերաբերում էին մանդատները վերցնելու որոշման ոչ ճիշտ լինելուն: Հավելեմ, որ այս փաստի արձանագրումը նշանակում է, որ, օրինակ, եվրոպացու աչքով՝ Հայաստանի ընդդիմությունն ավելի կառուցողական է, քան, օրինակ, նույն Վրաստանի ընդդիմությունը, որին իրենք երկար ժամանակ է՝ խնդրում են չբոյկոտել խորհրդարանի աշխատանքը, վերադառնալ խորհրդարան եւ աշխատել»,- ասաց տիկին Հովհաննիսյանը։

- Իսկ զեկույցը, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք չէ՞ր կարող ընդդիմությունն այնպես աշխատել, որ այսպիսի ձեւակերպումներ տեղ չգտնեին բանաձեւում, կամ իրականությունն արտացոլող ձեւակերպումներ լինեին։

- Կարծում եմ, պետք է մի քանի մասի բաժանել գնահատականները, որովհետեւ այս զեկույցն առավելապես իշխանությունների տեսակետը ներկայացնող զեկույց է, որը կարող է իր հիմքում ունենալ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այս իշխանություններին տրամադրած քարտ բլանշն է կամ իշխանությունների հանդեպ եվրոպական տարաբնույթ կառույցների ունեցած առավել դրական վերաբերմունքը, այդ թվում` արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Իսկ սուբյեկտիվ պատճառները բազում կարող են լինել՝ ընդդիմության աշխատանքից մինչեւ փաստարկների ներկայացման եղանակ ու ձեւ։ Ուզում եմ հիշեցնել, որ ԵԽԽՎ-ն եւ նրա աշխատանքը, մեղմ ասած, լիագումար նիստերի դահլիճում օնլայն կամ օֆլայն, գրավոր կամ բանավոր տեքստով ելույթ ունենալը չէ, դա ծանր եւ չարքաշ աշխատանք է ԵԽԽՎ միջանցքներում, անհատական մոտեցում մարդկանց հետ եւ տեսակետների հիմնավորում։ Այն, ինչ քեզ առաջին հայացքից թվում է ակնառու եւ ապացուցման կարիք չունեցող, ինչպես, օրինակ, Հայաստանում քաղաքական դրդապատճառներով կալանքները, Խորհրդարանական վեհաժողովի որեւէ պատվիրակի կամ Հայաստանի հարցով համազեկուցողի համար այդպես չէ։

- Բանաձեւում նշվում է, որ Վեհաժողովը գոհունակություն է արտահայտել առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները եւ չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը, եւ սա, կարծես, շատ է դուր եկել իշխանություններին։

- Նախ արձանագրենք, որ Վեհաժողովը համարում է, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը վերջ է դրվել 2021 թ․ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, այդ թվում՝ ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքների չբոյկոտման եւ արդյունքներն ընդունելու հետեւանքով։ Ավելին` կան գնահատականներ, որոնք նվազագույնը հարցեր են առաջացնում, օրինակ՝ հենց առաջին կետում խոսվում է սահմանադրական կարգի տապալման փորձի մասին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ընդհանուր առմամբ, դրական են խոսում ընտրական ռեֆորմի մասին, նշում են, որ 2018 թ․ իրենց նշած հիմնական թերությունները փորձ է արվել վերացնել 2021-ին, ինչը հիմնականում հաջողվել է։ Տեքստում մի քանի տեղ օգտագործվում է «բեւեռացված» բառը, որը նկարագրությունն է ՀՀ քաղաքական դաշտի, մի դեպքում հույս են հայտնում, որ կհաղթահարվի, մյուս դեպքում ասում են, որ, չնայած դրան, իշխանությունները կարողացան լավ ընտրություններ կազմակերպել։ Դրա համար էլ ես ասում եմ, որ այստեղ օբյեկտիվ պատճառների առկայությունն ակնառու է: Դրական են նշում նաեւ մի շարք կոնվենցիաների ընդունումը, դատական բարեփոխումները, որոնց մեջ կառանձնացնեի Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը։

- Ընդհանուր Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:

- Ամենացայտուն հատկանիշը, որով ես կբնութագրեի այս բանաձեւը, հավասարության նշանն է: Հավասարության նշան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որտեղ կողմերին կոչ է արվում ինչ-որ գործողություններ կատարել։ Հավասարության նշան ընդդիմության եւ իշխանության միջեւ, որտեղ կողմերին կոչ է արվում կառուցողական եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցել իրենց հարաբերությունները՝ անդրադառնալով 2021 թ․ օգոստոսի ծեծկռտուքին, որ տեղի ունեցավ մեր խորհրդարանում։ Նաեւ հավասարության նշան իշխանությունների գործելաոճի եւ ՍԴ անդամների, նրա նախագահի գործողությունների, նրանց պաշտոնազրկման ու դրան հասնելու մեթոդների միջեւ։ Իսկ սա ընդունելի չի կարող համարվել: Ամենաբացասականն այն է, որ առհասարակ խոսք չկա քաղաքական դրդապատճառներով կալանքների մասով: Որեւէ խնդիր չեն տեսել: Դեռ մի բան էլ` այսպես կոչված, կալանք տվող դատարանների մասով, ողջունման հիմք է տվել մի վիճակագրություն, որի համաձայն՝ նախնական կալանքների մերժման թվի կտրուկ աճ է եղել: Սա շատ տարօրինակ է:

- Չկա՞ մի մաս, որտեղ քննադատում են իշխանություններին։

- Վեհաժողովի ամենաբացասական վերաբերմունքը մեդիային առնչվող փոփոխություններն են: Այդ մասով ընդունելով հանդերձ, որ խուճապի եւ ապատեղեկատվության տարածման դեմ պայքարը լեգիտիմ նպատակ է, այդուհանդերձ, ձեռնարկված միջոցները համարում են ոչ ադեկվատ, կոչ են անում գտնել այլ լուծումներ՝ կանխարգելիչ պատժողականությունը համարելով սխալ, այդ թվում վերահաստատելով իրենց դիրքորոշումն առ այն, որ զրպարտությունը պետք է լինի ապաքրեականացված: Կոչ են անում, որ դատախազությունը միասնաբար կիրառի «ծանր վիրավորանքի» նորմերը, որպեսզի չդառնա անհատների ու մեդիայի դեմ պայքարի գործիք: Կոչ է արվել նախատեսել ԲԴԽ-ի կարգապահական հարցերով կայացված որոշումների բողոքարկման հնարավորություն:

- Ընդդիմությունից այս բանաձեւի ընդունմանը դեմ է քվեարկել Հայկ Մամիջանյանը, որին հիմա մեղադրում են իբրեւ թե հակահայկական դիրքորոշում հայտնելու եւ այս «հայանպաստ» բանաձեւին դեմ քվեարկելու համար։

- Հայանպաստ կարող ես որակել, երբ այս կամ այն ձեւակերպումը քո ազգային շահին ակնհայտ համապատասխան է: Չեմ կարծում, որ սա իսկապես հայանպաստ էր: Ամենակարեւորը` արցախյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով գործածված էր եվրոպացիների սիրած հնարքը` «երկու կողմերին կոչ ենք անում.....»:

Իսկ սա չի կարող համարվել հայանպաստ: Պատշաճ անդրադարձ չկա ադրբեջանցիների կողմից կատարված ռազմական հանցագործություններին, կամ, օրինակ, ականապատ քարտեզների տրամադրումը ողջունվել է, բայց խոսք չկա այն մասին, որ դա արվել է որպես եւս մեկ քայլ գերիների ազատության համար: Մինչդեռ իշխանություններն այդպես էին թմբկահարում: Գերիների հարցը դիտարկվում է որպես եռակողմ հայտարարության 8-րդ կետի չկատարում: Ժողովրդավարական մյուս ինստիտուտների մասով հիմնականում ներկայացված է իշխանության տեսակետը: Ուստի կոռեկտ չեմ համարի մեկնաբանել կոնկրետ պատգամավորի քվեարկությունը, առավել եւս` սպառիչ ներկայացված են փաստարկները: Կարծում եմ՝ ընդդիմությունն ինստիտուցիոնալ կերպով պետք է որոշում կայացնի ԵԽԽՎ-ի հետ իր հարաբերությունների ձեւաչափի մասով: Կա՛մ բոյկոտ, ու, հետեւաբար, չբողոքել, կա՛մ ծանր աշխատանք ու հետագա քայլեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։