Երևան +19°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:41 28-01-2022

Մենք կկարողանանք ոտքի կանգնել, և վերականգնել մեր բանակի բարի հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայոց բանակի կազմավորման 30-ամյակը և կից հրապարակել նկար․

«Այսօր Հայոց բանակը նշում է իր վերստեղծման 30-րդ տարեդարձը։ Նախկինում, այս օրը տարվա կարևորագույն տոնն էր, մենք նշում էինք մեր Հաղթական բանակի օրը։ 2020 թ․ Արցախյան պատերազմից հետո, մեր բանակը, ցավոք խոցված և վիրավոր է, և բանակի օրը հակասական զգացումներ է բերում՝ հպարտությանը ցավ է խառնված, անցյալի հաղթանակներին՝ ներկայի կորուստներ։

2014 թ․-ից ի վեր, երբ մենք սկսեցինք զինված ուժերի հետ համագործակցության մեր ծրագիրը, իմ կյանքը սերտորեն շաղկապվեց Հայոց բանակի հետ։ Նրա հաջողությունները իմ ամենամեծ ուրախությունն էին, նրա ամեն կորուստ՝ իմ սրտին արձակած մի փամփուշտ։ 2020 թ․ նոյեմբերի 9-ի ճակատագրական գիշերը, երբ հայտնի դարձավ զինադադարի աղետալի համաձայնության մասին, պարտության շոկի հետ եկավ այն դառը գիտակցությունը, որ տասնամյակների ընթացքում կառուցած մեր ողջ պաշտպանական համակարգը փլուզվել է, և որ մենք նորից պետք է սկսենք քարը քարի վրա դնելով, վերականգնել մեր բանակի մարտական ներուժը, նրա զինծառայողների վստահությունը սեփական առաքելության, սեփական զենքի, սեփական հրամանատարության նկատմամբ, նրանց մարտական ոգին և կորովը։

Այս ամենը բնավ դյուրին չի, և անցած տարին ցույց տվեց, թե ինչ ծանրագույն մարտահրավերների է բախվում մեր բանակը՝ լկտիացած ու հաճախ անպատժելի թշնամու պարբերական սադրանքներ, աննախադեպ ծանր պայմաններում ընթացող ծառայություն, քաղաքական ղեկավարության կողմից դրսևորվող անտարբեր և երբեմն նույնիսկ անպատասխանատու վերաբերմունք, հրամանատարության հաճախակի փոփոխություններ, բնակչության կողմից վստահության զգալի կորուստ։ Այս ամենի ֆոնին մեր բանակը տոկում է՝ պարբերաբար կոշտ հակահարվածներ է տալիս թշնամուն, փորձում է վերականգնել իր մարտական կարողությունները, նոր լուծումներ գտնել անլուծելի թվացող խնդիրներին, նոր պաշտպանական ամրություններ սարքել, և քայլ առ քայլ վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Պարբերաբար շփվելով մեր զինված ուժերի ներկայացուցիչների հետ, ես ուրախությամբ արձանագրում եմ, որ տեղերում մարդիկ չեն կոտրվել, գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը, իրենց պատասխանատվությունը պետության և ազգի առջև։ Սա հույս է տալիս, որ մեր բանակը, և արդյունքում մենք էլ ազգովի կկարողանանք ոտքի կանգնել, ուղղել մեր մեջքը, անվարան ընդառաջ գնալ նոր մարտահրավերներին, և լիարժեք վերականգնել մեր բանակի բարի հեղինակությունն ու համբավը։

Անցած պատերազմի ընթացքում, մեր բանակը իր վրա կրեց թշնամու հիմնական հարվածը, նրա բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքով նվաճեցին մեր բոլորի ազատ ապրելու իրավունքը։ Այսօր նրանց սուրբ հիշատակի առաջ մենք բոլորս վիթխարի պարտք ու անսպառ անելիք ունենք։ Բանակն այսօր բոլորիս հոգածության կարիքն ունի, նրանից չի կարելի միայն պահանջել, պետք է նաև նրան ամենօրյա աջակցություն ցույց տալ՝ և խոսքով, և գործով, և վստահությամբ։ Զինվորին և սպային, որոնք այսօր կանգնած են թշնամուն դեմ հանդիման, ձյունապատ լեռներում, պետք է մեր ոգևորող խոսքը, մեր կողմից տրամադրված տարատեսակ սարքավորումը և հանդերձանքը, որը դյուրացնում է նրանց ծառայությունը, մեր վստահությունը, որ իրենք պատվով կկատարեն իրենց առաքելությունը։ Ավելի ընդարձակ իմաստով, մեր զինվորն և սպան պետք է համոզված լինեն, որ ոչ հեռու ապագայում հայկական բանակը նորից առաջնակարգ մարտական կառույց կդառնա՝ իր արդիական սպառազինությամբ, իր ժամանակակից հետախուզական միջոցներով, իր լավ պաշտպանված դիրքերով, իր խորագիտակ և հոգատար բարձրագույն հրամանատարությամբ։ Մեզ այստեղ դժվարին ճանապարհ է սպասում, պետք է միաժամանակ նախանձախնդիր և խստապահանջ լինել, ատամները սեղմած, միահամուռ աշխատել և պայքարել՝ վերականգնելու մեր բանակի հզորությունը, և ճանապարհ բացելու նրա ապագա հաղթնակների համար։ Համոզված եմ, որ մենք միասին դա կարող ենք, և դա կլինի լավագույնը, ինչ մենք կարող ենք անել թե մեր հերոս նահատակների հիշատակի, և թե մեր ապագա սերունդների արժանապատիվ կյանքի համար։

Ավարտելով խոսքս, ես ցանկանում խոնարհել գլուխս մեր բանակի բոլոր տարիների նվիրյալների առաջ, հավերժ հիշատակ ցանկանալ մեր բոլոր հերոս նահատակներին, մխիթարություն՝ նրանց ընտանիքներին։ Իրենց ծառայությունը պատվով շարունակող մեր բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին ես ցանկանում եմ ուժ ու կորով, վստահություն և հաստատակամություն, խաղաղ և անկորուստ ծառայություն։ Կեցցե Հայոց բանակը, փառք ու պատիվ ձեզ, Հայոց բանակի եղբայրներ և քույրեր, Աստծո օրհնությունը ձեզնից անպակաս!»:

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
13:00 էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին
14:00 Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է
18:00 Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
12:48 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել. shamshyan.com
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը
12:32 Չհաջողված «էքսպերիմենտ»․ Փաշինյանը ջուրը լցրեց սեղանին և սկսեց լղոզել այն