copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:34 25-01-2022

Պետք է կարողանանք ուսուցչի 400.000 դրամ աշխատավարձը դարձնել իրականություն. Ժաննա Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ:

Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ խորհրդարանը մեկ ամիս առաջ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող մեծածավալ փոփոխություններ: Նրա խոսքրով՝ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկման ընթացքում նաև ընդդիմադիր պատգամավորների առաջարկով որոշում է կայացվել կազմակերպել հանրային լսումներ՝ ավելի առարկայական քննարկելու դպրոցում առկա խնդիրները, լսելու նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի առաջարկությունները և դիտողությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է հանրակրթության ոլորտում բարեփոխումների մասով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին: Ժաննա Անդրեասյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ հիմնավորելով դպրոցական գիտելիքների ոչ արդյունավետ իրացման հանգամանքը թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական առարկաների մասով:

Ըստ զեկուցողի՝ հանրակրթության բովանդակության փոփոխությունները լիովին արդարացված են նաև գնահատման կարգի փոփոխության մասով. նախատեսվում է չեղարկել անբավարար գնահատականի շեմը, աջակցել հավելյալ կրթությանը, կիրառել գնահատման բազմազան ձևեր, սովորել ու սովորեցնել, որ գնահատականը միայն թվանշան չէ, որը հաճախ դառնում է «կյանքի ու մահվան» հարց սովորողի, իսկ ավելի հաճախ՝ ծնողի համար:

Փոխնախարարի խոսքերով՝ մանկավարժների համալրման խնդիր կա. այսօր արդեն տարեկան կտրվածքով ուսուցչի 700 հաստիք թափուր է մնում և չի լրացվում:

Անդրադարձ է եղել վերապատրաստման ու ուսուցչի մասնագիտական զարգացման խնդիրներին՝ նշելով, որ մասնագիտական զարգացման առանձին մոտեցում է անհրաժեշտ սկսնակ ուսուցիչների համար:

Փոխնախարարն անդրադարձել է հանրակրթության բովանդակության փոփոխություններին՝ նշելով, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը փորձարկվում է Տավուշի մարզում: Գիտելիքը հմտության և կարողության վերածելու, ինչպես նաև դաստիարակության խնդիր լուծելու հարց է դրվելու դպրոցի առջև:

Հաջորդը՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման քաղաքականության փոփոխությունն է, ուսուցչի մասնագիտական դաշտի ընդլայնումն ու փոխկապակցումը վարձատրության համակարգին: Ուսուցիչն ատեստավորման գործընթաց անցնելու հնարավորություն է ստանալու, որի արդյունքում փոխվելու է ուսուցչի դրույքաչափը:

«Մենք գնալու ենք ատեստավորման կարգի փոփոխությունների: Հաշվարկներն արդեն արված են, որ մենք կարողանանք ուսուցչի 400.000 դրամ աշխատավարձը դարձնել իրականություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Վերապատրաստումներն իրականացվելու են՝ ըստ մասնագիտական կարիքի: Ուսուցիչների համար ընդլայնվելու են տարակարգից օգտվելու հնարավորությունները:

Ներառական կրթության ֆինանսավորման տրամաբանությունն է փոխվում. առաջարկվում է հրաժարվել կրթության բարձրացված չափաքանակով ֆինանսավորումից և անցում կատարել նպատակային ֆինանսավորմանը:

Հաջորդ ուղղությունը հանրակրթության կառավարման համակարգի փոփոխությանն է վերաբերում: Առաջարկվում է բաժանել մասնագիտացված գործառույթները, դպրոցում ունենալ առանձնացված վարչատնտեսական կառավարում, որը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք և կառույցները:

Փոխվելու է դպրոցի գործադիր մարմնի ընտրության եղանակը: Գործող տնօրենների հավաստագրման գործընթացը փոխարինվելու է ատեստավորմամբ, որի հիմքում զարգացման ծրագրերի կատարողականն է լինելու:

Լսումների մասնակիցներն անդրադարձել են հանրակրթության ժամանակակից մարտահրավերների ու օրենսդրական բարեփոխումների կանխատեսվող ազդեցությանը: Նրանք հիմնականում ողջունել են ոլորտում իրականացվող փոփոխությունները, ներկայացրել իրենց հուզող հարցերն ու դիտարկումները:

Մանկավարժի մոտիվացման հարցում արժևորվել է ուսուցչի աշխատավարձի բարձրացումը: Ընդգծվել է դպրոցների միջև սերտ համագործակցության կարևորությունը: Անթույլատրելի է համարվել տնօրենների՝ կուսակցական գործունեությամբ զբաղվելը, առաջարկ է եղել նաև վերանայել տնօրենի՝ պարտադիր մանկավարժական կրթություն ունենալու դրույթը: Կարծիք է հնչել, որ վարչատնտեսական կառավարման առաջարկվող նոր մոդելը չի գործելու, ավելին՝ այն խնդիրներ է առաջացնելու համակարգում:

Բարձրացվել են նաև խնդիրներ՝ կապված ներառական կրթության իրականացման, դպրոցներում համապատասխան մասնագետների համալրման, լաբորատորիաների և այլ գույքային հագեցվածության հետ:

Ամփոփիչ խոսքում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հնչած թե՛ քննադատության և թե՛ առաջարկների համար: Նա նշել է, որ լսումներից հետո նախարարությունը կկազմակերպի քննարկում՝ անդրադառնալու բարձրացված դիտարկումներին՝ նպատակ ունենալով ավելի բարելավել նախագիծը: «Փոփոխությունը կարևոր է, բայց անհրաժեշտ է, որ նախաձեռնությունը լինի հնարավորինս լավ մշակված, որակյալ և քննարկված»,- ընդգծել է փոխնախարարը:

Ամենից շատ դիտված

12:48 Տարիքով մարդուն տվել են պոլին․ լարված իրավիճակ Աբովյան փողոցում
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև