Երևան +13°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:35 12-01-2022

Նախարարի ուղեղում «խցանում է առաջացել»

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության ամենազարմանահրաշ նախարարը, ուղիղ կապ է տեսում խցանումների և տնտեսական աճի միջև։

«Ես կես կատակ արտահայտություն անեմ՝ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի, ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Եվ ես կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»,- այսօր այսպիսի առույգ մտքեր է արտահայտել Քերոբյանը՝ հերթական անգամ դառնալով ծաղրուծանակի առարկա։

Երբեմն թվում է, թե Վահան Քերոբյանը հատուկ ներդրված անձ է այս կառավարությունում, որպեսզի զբաղեցնի հանրությանն իր աշխույժ մտքերով և տնտեսական աճի հույս ներշնչի։ Մարդիկ էլ չեն հրաժարվում կուլ տալ Քերոբյանի առաջարկած խայծն ու ամեն անգամ զվարճանալ նրա բացառիկ «տրամաբանական» մտքերի վրա և օրը մթնեցնել նման «ախմախություններով»։ Քերոբյանն ասես դարձել է մեր ժամանակների «պարապ վախտի խաղալիքը»․ սահմանին զինվոր է զոհվում՝ հայտնվում է Քերոբյանը, թուրքը մտնում է մեր սուվերեն տարածք՝ նորից գալիս է Քերոբյանը, Հայաստանից հերթական տարածքն են հանձնում՝ էլի Քերոբյանն է հասնում օգնության, որ ցրի հավերժ ողբերգական այս մթնոլորտը։

Հիմա էլ որոշել է, որ խցանումները աշխատանքային օրով տնտեսական ակտիվության ցուցանիշ են։ Փաստորեն, մենք ամեն Աստծո օր տնտեսական աննախադեպ աճի ականատես ենք լինում, երբ վատ կարգավորվող երթևեկության պատճառով ամեն առավոտ և երեկոյան աշխատանքից վերադառնալիս հայտնվում ենք խցանումների մեջ ու հայհոյում և՛ դիմացի մեքենաների վարորդներին, և՛ հետևից ազդանշան տվողներին, և՛ իշխանություններին՝ ուղղակի, սովորության համաձայն, նաև արժանի են՝ դրա համար։ Հետաքրքիր է, միայն ճանապարհայի՞ն խցանումներն են տնտեսական ակտիվության կամ, առհասարակ, ինչ-որ բանի ցուցանիշ։ Օրինակ՝ արյունատար համակարգում առաջացած խցանումներն ինչի՞ ցուցանիշ են՝ ըստ Քերոբյանի, լավ ապրելո՞ւ։ Քերոբյանի տրամաբանությամբ՝ արյունատար համակարգը խցանվում է յուղոտ բաներ շատ ուտելիս, օրինակ։Իսկ դա նշանակում է, որ մարդկանց գործերը լավ են, որ մակարոնի փոխարեն յուղոտ սնունդ են օգտագործում, իսկ եթե մարդկանց գործերը լավ են, նշանակում է՝ մարդկանց ձեռքը շատ փող կա, իսկ եթե շատ փող կա, ուրեմն շատ էլ ծախսում են։ Ու քանի որ շատ են ծախսում, տրամաբանորեն՝ տնտեսական ակտիվություն է առաջացնում, փողի շրջանառությունը մեծանում է, տնտեսությունը սկսում է կտրուկ աճել։ Հետևաբար, արյունատար անոթներում խցանումը ոչ թե ինֆարկտի նախադրյալ է, այլ տնտեսական աճի ռեալ ցուցանիշ։ Այս դեպքում հետաքրքիր է, թե ուղեղում առաջացած խցանո՞ւմն ինչի ցուցանիշ է։ Դա էլ, հավանաբար, տխմարություններ դուրս տալու ցուցանիշ, ինչը ևս կարելի է ուղղակիորեն կապել տնտեսական աճի հետ։ Եթե մարդը տխմարություններ է դուրս տալիս, ուրեմն նա կամ այնքան անդարդ է, ոչ մի սոցիալական ու ֆինանսական խնդիր չունի, որոնց մասին պիտի ուղեղը ծանրաբեռնի ու մտածի, և անդարդությունից «ախմախություններով» է ծանրաբեռնում ուղեղը։ Իսկ եթե մարդը ոչ մի ֆինանսական խնդիր չունի, հետևաբար, լիքը փող ունի այն ծախսելու և տնտեսությունն աշխուժացնելու։ Կամ էլ տվյալ մարդն ուղղակի նախարար է՝ Փաշինյանի կառավարության անդամ, ինչը նշանակում է, որ նա և՛ անդարդ է՝ մտածելու բան չունի, և՛ լիքը փող ունի, քանի որ բարձր աշխատավարձ և ճոխ պրեմիաներ է ստանում, դրա համար էլ լուրջ հարցերով ու երկրի հոգսերով ուղեղը ծանրաբեռնելու փոխարեն՝ ախմախություններով է զբաղված, ու քանի որ նա և՛ շատ փող ունի, և՛ քիչ հոգս ու քիչ խելք, հետևաբար՝ շանսը մեծ է, որ տվյալ նախարարը աշխատանքից հետո կգնա խանութ և իր վաստակած գումարը անխնա կծախսի ախմախ բաների վրա՝ նպաստելով տնտեսական ակտիվությանը։ Ահա և քեզ տնտեսական աճի ռեալ ցուցանիշ։

Ֆրիկ