Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:35 25-12-2021

Արցախում 2025 թվականից յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք կապահովվի առանձին բնակարանով

Բնակարանաշինության ներկա տեմպերը հնարավորություն են տալու 2025 թվականի հունվարի 1-ից Արցախում առանձին բնակարաններով ապահովել բոլոր նորաստեղծ ընտանիքներին:

Գալիք տարվա պետական բյուջեի սոցիալական շեշտադրումների համատեքստում, այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Միջնաժամկետ ծախսային ծրագրով, որի հիմքը դրվել է 2022 թվականի պետբյուջեով, 2025 թվականի հունվարից Արցախում նոր ամուսնացող զույգերին ապահովվելու են առանձին բնակարաններով։ Առաջին փուլում նորաստեղծ ընտանիքներին կտրամադրվեն՝ մեկուկես կամ երկու սենյականոց, այնուհետև 3 երեխա ունենալու դեպքում՝ 3 սենյականոց բնակարաններ։

Կարևորելով ժողովրդագրության բարելավումը, նախագահ Արայիկ Հարությունյանը հավելել է, որ բացի բնական աճի ապահովմանը միտված ծրագրերից, բնակչության թվի ավելացումը նախատեսվում է նաև վերաբնակեցման, հայրենադարձության միջոցով։ Այդ նպատակով ներկայիս պետական բյուջեի միջոցները թույլ են տալիս կառուցել լրացուցիչ առնվազն 500 բնակարան։

Երկրի ղեկավարն այդ առումով թիրախային ցուցանիշ է համարել տարեկան 1000 բնակարանի կառուցումը։

Արցախում արդեն իսկ սկսված են մոտ 3000 բնակարանների կառուցման աշխատանքները։ Առաջիկայում կմեկնարկի ևս 1500-2000 բնակարանների կառուցումը, ինչը, երկրի ղեկավարի գնահատմամբ, թույլ է տալու լուծել բնակապահովման խնդիրը։

Այս փուլում բնակարանները տրամադրում են առաջին հերթին զոհվածների ընտանիքներին ու տեղահանվածներին։ Առավելագույնը մեկուկես տարում ավարտին կհասցվի զինվորականների, սպայական անձնակազմի բնակարանային ապահովումը:

Նախագահը շեշտել է, որ Արցախում ձևավորվող յուրաքանչյուր ընտանիք պիտի ունենա առանձին բնակարան, իսկ ծնվող ամեն մի երեխայի համար պիտի լինի պետական աջակցություն։

«Սա մեր սոցիալական քաղաքականության հիմքն է, որն ապահովելու է ժողովրդագրական աճ»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է վիճակագրությանը՝ Արցախը 2022 թվականի նախաշեմին արդեն 19 հազար 500 աշակերտ ունի, ինչը վկայում է ավելի քան 115 հազար բնակչության և ընդամենը մոտ 33 հազարի բացակայության մասին, այն պարագայում, երբ տեղահանվածների թիվը հասնում էր 40 հազարի։

Հանրապետության նախագահը նշել է, որ պետբյուջեով, Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցությամբ, ինչպես նաև բարեգործական ներդրումներով իրականացվող և նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերը միտված են Արցախում բնակվելու համար գրավիչ պայմանների ստեղծմանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը

Ձեզ գուցե հետաքրքրի