Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:13 25-12-2021

Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց. Նիկոլ Փաշինյան

Ինքս եղել եմ Երևանի քաղաքապետի թեկնածու և ամբողջությամբ եմ պատկերացնում, թե ինչպիսի բարձր պատիվ է լինել մայրաքաղաքի ղեկավար։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ՝ դիմելով վերջինիս։

Նա հաջողություններ մաղթեց քաղաքապետին և ավագանուն՝ նախանշված ծրագրերն իրագործելու համար։

«Ուզում եմ շնորհավորել Երևանի ավագանուն, որովհետև իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է, և վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց ՀՀ-ում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական սկզբունքայնության համար»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ այսօր ՀՀ-ի 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է համայնքի կառավարման նոր մոդել, որը համապատասխան է երկրի կառավարման մոդելին։ «Պետք է արձանագրենք, որ այս նոր մոդելը իր արդյունավետությունը ցուցադրել է նաև Երևանի, Գյումրիի, Վանաձորի կառավարման առումով»,-ասաց նա։

Վարչապետն ընդգծեց՝ այն ծրագիրը, որը 2018-ից իրագործվում է Երևան քաղաքում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը մեծամասամբ բխում է «Ելք» դաշինքի Երևանի ավագանու 2017-ի ընտրությունների ծրագրից, և զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են Երևանում, իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում։

«Դեռ 2018-ին, երբ ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականն ու արձանագրումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվեն այն նախընտրական ծրագրի դրույթները, որոնք դեռևս 2017-ին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20 տոկոս ձայն է ստացել»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս ընթացքում կառավարությունը էական և շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին։ «2018-ից ի վեր շուրջ 50 մլրդ դրամի ֆինանսական տարբեր գործիքներով Կառավարությունը հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին»,-հայտարարեց նա։

Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններին մեծամասամբ հաղթել են գործող քաղաքապետները, ինչը, ըստ վարչապետի, պատահական չէ։

«Դեռևս մի քանի տարի քաղաքական վերլուծաբաններն ու տեսաբանները ասում էին, որ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը գործում է ինքն իր դեմ։ Ինչ նկատի ունեին՝ մենք 2018-ից ի վեր շուրջ 350 մլն դոլարի ներարկումներ ենք արել ՏԻՄ-երին և ստեղծել ենք համակարգ, որը պարտադրաբար համայնքների ղեկավարներին դնում է ընտրողին, քաղաքացուն, ժողովրդին հանդիման։ Այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի՝ ընտրությունների արդյունքները չեն կեղծվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։