Երևան +23°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:39 22-12-2021

Միասին գնացինք, միայնակ հետ եկա. զոհվածի հայր

«Տղաս ծառայել է Սովետաշենի սպեցնազում, ու ծառայության ընթացքում ես իրենից ոչ մի գանգատ, ոչ մի բողոք թե՛ հրամանատարության կազմից, թե՛ իր կողմից չեմ լսել»,- իր պատմությունն այսպես սկսեց ընտանիքում սիրված ու սպասված որդու, պատերազմի թեժ կետում զոհված Ռոբերտ Տիտանյանի հայրը՝ Արմեն Տիտանյանը։

Հայրը պատմում է, որ ինքն էլ է պատերազմի մասնակից, ունի սպայական կոչում, իսկ պատերազմի սկսվելուն պես հենց նույն օրը՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ, հայր ու որդի արդեն Օմարում էին։

Ծանր օրեր են ունեցել, մի օր էլ ստանում են հրաման, որ գնդի ամբողջ անձնակազմը պետք է դուրս գա, ու գնացել են Քարվաճառի շրջան։

Սեպտեմբերի 29-ին կապն այդքան էլ հաջող չէր. տղայի հետ զրուցել է մի պահ՝ հասկանալու, թե արդյո՞ք գնդի կազմը նույն տեղում է, թե՞ ոչ, սակայն չի կարողացել տեսնել որդուն։

«Ամսի 1-ին բոլորիս տագնապով հանեցին դիրքեր, երկու խումբ՝ 24 և 25-հոգանոց, ընկնում ենք ռմբակոծության տակ, և այդպես էլ երեխային չեմ տեսնում, ու երեխեքի վրա կարկուտ է թափվում, այսինքն՝ ԱԹՍ-ի ու հրետանու արկերն են մեր ամբողջ երեխեքի վրա թափվել։ Տղերքը մտածել են, որ զոհվել եմ, որովհետև արկն անմիջապես մեր մեքենայի՝ «ՈՒԱԶ»-ի վրա է ընկնում, ու հինգ հոգի զոհվում են»,-հուզված պատմում է հայրը։

Որպեսզի նման լուրեր չլսեր որդին, ուղարկում են նրան Երևանի Սովետաշենի զորամաս։ Հաջորդ օրը կապնվում է կնոջս հետ, վերցնում է տղեն ու ասում, որ զորամասում է։ Հայրը մտածում է, որ տղան է վիրավոր, տղան էլ մտածում է՝ ինքն է վիրավոր։

«Տղես մնում է Սովետաշենի զորամասում, ես հոկտեմբերի 12-ին գալիս եմ Երևան, իսկ 13-ին գնում եմ տեսնում տղայիս։ Հրադադարի պայմանագիր խոստացավ ադրբեջանական կողմը, սակայն չարեցին, տղաս զանգում, ասում է, որ դուրս են գալիս՝ չասելով, թե ուր, մոտավոր Ջաբրայիլի, Խնձորեսկի և Կուբաթլուի կողմեր։ Գնում եմ զորամաս՝ ճանապարհելու մի ուրիշ ակնկալիքով ու տագնապով»,- ասաց հայրը։

Հայրը սկզբում ցանկացել է որդու փոխարեն ինքը գնալ, սակայն չեն թողել, իսկ հոկտեմբերի 18-ին, երբ խոսել է որդու հետ, ասել է՝ Գորիսում եմ, որն էլ եղել է իրենց վերջին խոսակցությունը։

«Պապ, տեղ ենք գնում, երկու օր չեմ զանգի, կգամ՝ կզանգեմ»,- սա լսելուց հետո սպասել է երկու օր, որից հետո իմ մեքենայով գնում է Ներքին Խնձորեսկ՝ տղայի հետևից։

Խնձորեսկում իրեն ծանոթ սպայական կազմից ասել են, որ կտեղեկացնեն մանրամասներ, սակայն րոպեներ անց կանչել են իրենց մոտ ու, ձեռքը սեղմելով՝ ասել, որ ցավակցում են, երեխեքն իրենց ամբողջ խմբով զոհվել են, ու որոնողական խումբը չի կարողանում առաջ գնալ, քանի որ տղաների մարմինները մնացել են թշնամու գրաված տարածքում։

Հայրը պատմում է, որ իրենց միակ հույսը համբերատար սպասելն էր, որ երեխայի մարմինը կհայտնաբերեն, եկել է տուն, բայց տնեցիներին որևէ բան չի ասել օրեր շարունակ։

«Սրտիս մեջ շատ մեծ վերք ա, անպատմելի, բավականին երկար ժամանակ անցնում է այդ դեպքից, ու կնոջս էլ անգամ չեմ կարողանում ասել, անգամ չեմ կարողանում նախապատրաստել։ Չեմ կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում ինձ հետ»,-ցավով հիշում է հայրը։

Անցնում են ամիսներ, ու որևէ լուր չի լինում որդու մարմնից, որոնողական աշխատանքները, սակայն, շարունակում էին ընթանալ։ Մի օր էլ՝ մարտի 23-ին, զանգում, ասում են, որ գտել են տղաների դիակները.

«ԴՆԹ-ն, ախր, համընկնում էր, նկարները նայում եմ, չեմ հավատում, մինչև ԴՆԹ-ի երկրորդ պատասխանն է արդեն գալիս ու պարզ է լինում, որ մեր տղան է։ Թուրքերը երեխուս մարմինը թաղած են լինում, հունվարին դիակները որոնողական կազմը հանում է, բերում Գորիս, բայց ես հո դեկտեմբերից գիտեի, որ թաղված են մարմինները, ու ոչ մեկին չէի ասում»։

Հայրը պատմում է, թե ինչպես է մոտեցել տղայի մարմնին, որ իր մեջից կասկածները դուրս գան, մտքում ասել է՝ երանի ինքը չլինի, բայց լրիվ ինքն էր, ամբողջությամբ տղան է եղել։ Հուղարկավորությունը մարտի 26-ին է եղել, բայց զոհվել է հոկտեմբերի 26-ի առավոտյան։

«Մենք սիրտներս լայն, հպարտանում ենք, որ զավակ ունենք, որն իր կյանքը տվել է հայ ժողովրդին, որ այսօր բոլորս շնչում, աշխատում ու կյանքը շարունակում ենք ապրել իրենց կյանքի գնով։ Փառք մեր երեխեքին»,- այսպես եզրափակեց զրուցը որդեկորույս հայրը։

Լուսանկարները՝ Ռոբերտ Տիտանյանի մոր անձնական արխիվից

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք