Արտաքին 4 տարի առաջ - 09:00 22-12-2021

Իլ դը Ֆրանսի ղեկավարը կոչ է անում Ադրբեջանին անվերապահորեն վերադարձնել 51 հայ գերիներին

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը կոչ է անում անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` Վալերի Պեկրեսը այդ մասին խոսեց հայկական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում` շեշտելով, որ այն, ինչ 2020 թվականին կատարվեց Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ, կարևոր նախազգուշացում էր Եվրոպային։

Պեկրեսը տեղեկացրեց, որ իր երևանյան այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Իլ դը Ֆրանսի ղեկավարը նաև ճաշել է Հայաստանի նախագահի հետ։

«Այդ հանդիպումների ընթացքում խոսեցինք 2020 թվականի [44-օրյա] պատերազմի մասին։ Ես իմ լիակատար համերաշխությունը հայտնեցի հայ ժողովրդին այդ դժվարին փորձությանը դիմագրավելիս», - ասաց Վալերի Պեկրեսը` հիշեցնելով, որ 2020 թ. նոյեմբերից սկսած թե՛ Իլ դը Ֆրանսը և թե՛ Ֆրանսիայի Սենատը մի շարք նախաձեռնություններ են ստանձնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևերի ընդունման ուղղությամբ։

Ըստ նրա` Ֆրանսիայի կառավարությունը ևս հստակ ձևակերպել է, որ այդ պատերազմի պատասխանատվությունը ամբողջությամբ Ադրբեջանի վրա է ընկնում, նա է սանձազերծել պատերազմը Թուրքիայի հետ միասին և նաև որոշ սիրիացի ջիհադիստների օժանդակությամբ։

«Եվ կարծում եմ, որ այն, ինչ պատահեց Հայաստանում, կարևոր նախազգուշացում էր Եվրոպային, և շատ սխալ կլիներ մեր կողմից թերագնահատել դրա կարևորությունը և մտածել, որ այդ ամենը, ինչ կատարվեց այստեղ, մեզ չի սպառնում, որովհետև Եվրոպայի պատմությունը լի է դասերով, որ վտանգները գլուխ են բարձրացրել այն ժամանակ, երբ դրանք թերագնահատվել են», - շեշտեց Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավարը։

Վալերի Պեկրեսը 2015 թ. դեկտեմբերի 18-ից Փարիզ քաղաքը և նրա անմիջական արվարձաններն ընդգրկող Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահն է: 2021 թ. հուլիսին «Հանրապետականներ» ցենտրիստական կուսակցության անդամ Վալերի Պեկրեսը հայտարարել է 2022 թ. ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին:

2021 թ. դեկտեմբերի 4-ին Պեկրեսը Հանրապետականների համաժողովի կողմից առաջադրվել է որպես 2022-ի նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն:

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանը երկար տարիներ համագործակցում է Հայաստանի կառավարության և Երևան քաղաքի հետ:

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդը Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև էր ընդունել, ինչպես նաև 75 հազար եվրո օգնություն էր հատկացրել պատերազմի հետևանքով տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու համար։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան