Երևան +11°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 17:25 21-12-2021

Պատերազմական քրոնիկոն․ ինչո՞ւ Խաչիկի գումարտակը այդպես էլ չուղևորվեց ճակատ

Երբ ավարտվում է պատերազմը, սկսվում է բանահյուսությունը։ Զավեշտալին այն է, որ մեր պատերազմի դեպքում դա պետության մենաշնորհն էր, իսկ պատերազմից հետո սկսեցին ջրի երես դուրս գալ տեղեկություններ, որոնք չէին համապատասխանում «պաշտոնական բանահյուսությանը»։ Թե դրանցից քանիսն են ճիշտ, քանիսը՝ հորինվածք, դժվար է ստուգել։ Հնարավոր հարցերին ՊՆ-ն հիմնականում պատասխանում է «լկտի սուտ է ու պետական գաղտնիք» տրամաբանությամբ։

Բայց կան պատմություններ, որոնք արժանի են ուշադրության ու արձանագրվելու, որոնք գուցե հետագայում կօգնեն հասկանալ՝ ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ Արցախում այդ 44 օրերի ընթացքում։

Oragir.news-ը սկսում է պատերազմական պատմությունների շարք, որոնք պատմում են իրական մարդիկ։ Տեղեկությունները հրապարակում ենք գաղտնիության սկզբունքով։ Որոշ անուններ ու տեղանուններ չեն նշվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հոկտեմբերի առաջին կեսին Շիրակի մարզից մի խումբ կամավորների ու պահեստազորայինների ավտոբուսը ճանապարհ ընկավ Վայոց Ձորի ուղղությամբ։

Այդ ժամանակ Ջրականը (Ջաբրայիլ) դեռ չէր ընկել։ Մտահղացումն այսպիսինն էր։ Գյումրու ու հարակից բնակավայրերի կամավորներն ու պահեստազորայինները պետք է ուղևորվեին Խաչիկ գյուղ և զբաղեցնեին այդ հատվածի դիրքերը։ Իսկ Խաչիկի առաջնագծում ծառայություն իրականացնող պայմանագրայինները պետք է ուղևորվեին Ջրականի ուղղությամբ։

Ամեն ինչ տրամաբանական էր, մինչև այն պահը, երբ այդ հատվածի տեղանքին ծանոթ կամավորներից մեկը հասկանում է, որ ավտոբուսն ուղևորվում է բոլորովին այլ ուղղությամբ։

Այստեղ կարևոր է նշել, որ համապատասխան որևէ հանդերձանք ու համալրում անձնակազմը չէր ստացել ու չի ստանալու մինչև պատերազմի ավարտը։

Երբ սկսում են հարցուփորձ անել, թե ո՞ւր են իրենց տանում, այդ ժամանակ միայն ուղեկցող սպաները խոստովանում են, որ իրականում ուղևորվում են Ջրականի ուղղությամբ։

Անմիջապես աղմուկ է բարձրանում, ու հրամանատարությունը ստիպված է լինում խոստովանել՝ իրականում ինչ է տեղի ունենում։

«Մեզ ասում են, որ Խաչիկի դիրքերը պահող գումարտակի անձնակազմը հրաժարվել է Ջաբրայիլ մեկնելուց, նրանց հարազատներն էլ փակել են ճանապարհը, որպեսզի հանկարծ ավտոբուսները չշարժվեն։ Ու անգամ էդ ժամանակ չեն ապահովում համապատասխան հանդերձանքով, միայն մեր դաշտային համազգեստն էր ու մարդա մի հատ խլամ ԱԿ։ Ասենք դրանով բեսպիլոտնիկի կամ գռադի դեմն ի՞նչ պիտի պիտի անեինք։ Սկի մի հատ լապատկա չունեինք, որ փոս փորեինք մտնեինք մեջը։ Հա, սաղս էլ հասկանում էինք՝ ինչի համար ու ուր ենք գնում, բայց էդ ի՞նչ վերաբերմունք ա, կամ մենք հարազատներ չունե՞նք, որ կարային ճամփա փակեին։ Ի՞նչ ա նշանակում՝ հարազատները ճամփեն փակել չեն թողում, դրա համար ձեզ ենք տանում Ջաբրայիլ»,- պատմում է մեր զրուցակիցը։

Երբ հրամանատարությունը հասկանում է, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, որոշում են ընդառաջ գնալ կամավորներին ու պահեստազորայիններին, մինչև կհասկանային, թե խնդիրն ինչպես են լուծելու։

Քանի որ Խաչիկի դիրքերում նրանց կարիքը չկար այլևս, նրանց տանում են Ամաղու գյուղում գտնվող մի լքված շենք։ Հետո պարզվում է, որ շենքը կառուցվել է որպես մենաստան (կուսանոց), սակայն հետագայում ծրագիրը կասեցվել է, և շենքը մնացել է անավարտ։

Դուռը կոտրելով՝ ներս են մտնում՝ տեղավորվում հատակին, ու սպասում, թե ի վերջո ինչ է որոշելու հրամանատարությունը։

Այսպես անցնում է մի քանի օր, հետո շաբաթ, առաջնագծից գալիս են հակասական ու ոչ այնքան հուսադրող տեղեկություններ։

«Էդքանից հետո արդեն էնտուզիազմն էլ կորավ։ Թամամ չէին էլ հիշում, որ ընդեղ մարդ կա, ինչ ենք անում։ Հա ընտանիքի պես էինք, ասենք քնած ժամանակ մեկը բացվեր հելնում ծածկում էինք, էդ կարգի, բայց կարար և տենց չլիներ»։

Որոշ ժամանակ անց գալիս է մի գնդապետ, որը հավատացնում էր, թե Ջրականից է գալիս ու այն մերն է, պարզապես պետք է ուղևորվել այնտեղ, որպեսզի փոխարինեն այնտեղ գտնվող անձնակազմին։ Այդ ժամանակ արդեն Հադրութն էլ էր ընկել ու Ամաղուի անձնակազմը, ըստ մեր զրուցակցի, շատ լավ տեղյակ էր այդ ամենից։

Անձնակազմին զարմացրել էր հատկապես գնդապետի փայլուն ճտքակոշիկները, բոլորովին նոր համազգեստն ու գրեթե կուսական մաքրության «Վիլիսը»։ Բանն այն է, որ նույնիսկ սովորական պայմաններում Ջրականից վերադառնալիս, այն էլ տարվա այդ եղանակին, երբ Ջրականի կավահողերը միայն օդի խոնավությունից վերածվում են անանցանելի ցեխի ճահիճների, հնարավոր չէ պահպանել ոչ մեքենայի, ոչ էլ հագուստի մաքրությունը։

Ըստ մեր զրուցակցի՝ շարքում կանգնած տղաներից մեկը, որն ամենայն հավանականությամբ քաջ ծանոթ էր Ջրականի տեղանքին, դա նկատում է ու հարցնում գնդապետին, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ Ջրականից հետ վերադառնալուց հետո կարողացել է նման տեսքով ներկայանալ զորքին։ Գնդապետը տվել է կցկտուր պատասխաններ և հասկանալով, որ բերած պատճառաբանությունները համոզիչ չեն, սկսել է սպառնալ տրիբունալով ու Ռազմական ոստիկանությամբ։

Երբ հասկացել է, որ դա էլ չի օգնում, ու շարքում կանգնածներից և ոչ մեկն էլ չի պատրաստվում ուտել ստի հերթական չափաբաժինը, պարզապես հեռացել է այդտեղից։

Դրանից հետո գնդապետին այլևս չեն տեսնում։ Որոշ ժամանակ անց, երբ արդեն հայտնի էր դարձել պատերազմի ելքը, անձնակազմին հետ են ուղարկում։

Ահա այսպես, 600 հոգանոց անձնակազմից ու պայմանագրայիններից կազմված մի ամբողջ պրոֆեսիոնալ գունդ այդպես էլ չմասնակցեց մարտական գործողություններին, քանի որ ծնողները փողոց էին փակել։

Աղվան Ասոյան