Երևան +10°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:31 17-12-2021

Մեզ համար դաշնակից կարող է լինել հավաքական Արևմուտքը․ քաղաքագետ

Բրյուսելյան երկկողմ, ապա եռակողմ հանդիպումների մասին առավել մանրամասն Oragir.news-ի հետ զրուցել է Էմիլ Օրդուխանյանը։

Ըստ քաղաքագետի` հանդիպումը առաջին անգամն էր պատերազմից հետո, երբ եռակողմ բանաձևին զուգահեռ որևէ գործնական, լուրջ ինչ-որ միջոցառում է կազմակերպվում ոչ Ռուսաստանի կողմից, ինչը շատ կարևոր է: Ցավոք սրտի, բրյուսելյան հանդիպումը չունեցավ որևէ գրավոր արձանագրում, ինչպես, օրինակ, Սոչիի, Մոսկվայի հանդիպումների պարագայում էր: Կարևոր էր, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներում նշվեց ԵՄ փորձագետների անհրաժեշտության մասին: Քանի որ արձանագրվել է, որ սահմանների ճշգրտման գործընթացը լինելու է երկկողմ, այսինքն՝ լինելու են Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ Ռուսաստանն ունենալու է փորձագիտական ներգրավվածություն, հիմա ճիշտ աշխատանքի ու Արևմուտքի բավարար շահագրգռվածության դեպքում մենք կունենանք հնարավորություն թույլ չտալու, որպեսզի այս գործընթացում լինի միայն, այսպես ասած, ռուսական «արբիտրաժը», այլ լինի և՛ Եվրամիության, և՛ ռուսական խորհրդատվական ներկայություն:

Թե ինչո՞ւ է դա կարևոր, քաղաքագետն ասաց, որ ԵՄ ներկայությունը հույսեր է արթնացնում, որ այդ գործընթացը կլինի իրավական հիմքի վրա, որը ձեռնտու է հայկական կողմին, քանի որ իրավական բոլոր հիմքերը հօգուտ մեզ են, իսկ եթե միայն ռուսական խորհրդատվությունը կամ «արբիտրաժը» լիներ, մեծ կասկածներ ունեմ, որ գործընթացն իրավական հունով ընթանար, շատ հավանական է, որ ամեն բան կգնար քաղաքական հունով:

Նրա առաջ քաշած պայմաններին հակադրվելու շատ փաստեր կան. առաջինն այն է, որ Նախիջևանն անկլավ չէ ու ունի արտաքին սահմաններ, մինչդեռ Ղարաբաղը չունի:

Ըստ էության, Ալիևը հետ է կանգնում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, ու դա պետք է Ադրբեջանի համար հետևանքներ ունենա: Եթե դիտարկում ենք կողմերի առանձին հայտարարությունները, գալիս ենք եզրակացության, որ Ադրբեջանը հնարավոր է՝ գնա նոր սրացումների ու փորձի Սյունիքում ճանապարհի բացմանը զուգահեռ (եթե այնտեղ տեղադրվեն հայկական մաքսակետեր) նույնն անել Լաչինում:

«Եկեք հստակեցնենք, որ խոսքն այս փուլում միայն երկաթուղային հաղորդակցության մասին է, եթե այն բացվում է ընդհանուր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում, բնականաբար, բխում է մեր շահերից: Բայց եթե այն բացվում է հենց այն ձևաչափով, որը գրված է 9-րդ կետում, այսինքն՝ ռուսական վերահսկողություն և անխոչընդոտ ապրանքաշրջանառություն, ապա, իհարկե, մեզ ձեռնտու չէ, որովհետև դա իրավական առումով գուցեև միջանցք չէ, բայց գործնականում միջանցք է:

«Եթե մենք չունենք արդյունավետ վերահսկողության գործիք, եթե մեր տարածքում ուրիշ պետություն է վերահսկողություն իրականացնելու, եթե այդ ճանապարհով լինելու է անխոչընդոտ ապրանքաշրջանառություն, ապա դա հենց միջանցքն է: Միջանցքը պոզով-պոչով չի լինում»,- ասաց նա:

Բայց այստեղ խնդիրը դետալների մեջ է. արդյոք այդ ճանապարհին մաքսակետ կլինի՞, թե՞ չի լինի, ռուսական ներկայությունն այդ ճանապարհի վրա կունենա՞ ժամկետ, որովհետև Արցախում տեղակայված խաղաղապահների վրա ժամկետ կա դրված, իսկ այստեղ չկա:

Եթե այս բոլոր դետալներով հայկական կողմը կարողանա որոշակի հաջողության հասնել, ապա այս ճանապարհի մեջ, բովանդակային առումով, միջանցքի տարրը դուրս կգա, ինչում շատ խիստ կասկածում եմ:

«Բնական է, որ եթե ամեն բան լիներ ՌԴ-ի որոշելով՝ այս հանդիպումը չէր լինի, բայց տարածաշրջանը չի գտնվում Ռուսաստանի հարյուրտոկոսանոց վերահսկողության տակ: Ռուսաստանը ստիպված է հաշվի նստել որոշակի գործընթացների հետ, բայց, միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ այս հանդիպումը ոչնչով չխախտեց եռակողմ գործընթացի բովանդակությունը: Քաղաքական առաջնորդությունը պատկանում է Ռուսաստանին, էլի եռակողմ գործընթացը հիմնական պլատֆորմն է: Այսինքն՝ Բրյուսելն ունեցավ մուտքային որոշակի տրամաբանություն այս գործընթացներում, այն ավելին էր, քան զուտ հումանիտար հարցերի քննարկումը, բայց որևէ կերպ չփոխեց եռակողմ ձևաչափի բովանդակային դրվածքը:

Քաղաքագետը վերջում եզրափակելով ասաց, որ եռակողմ ձևաչափը կասեցնելու, դրա արդյունքների վրա որոշակի ազդեցություն ունենալու համար մեզ ծայրահեղ անհրաժեշտ են դաշնակիցներ, ու հենց այդպիսի դաշնակից կարող է լինել հավաքական Արևմուտքը, իսկ այս հանդիպումը քայլ էր այդ ուղղությամբ: