Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:35 14-12-2021

Նախագահական նստավայրում անցկացվել է «Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխությունը

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել «Աշակերտության զարգացումը Հայաստանում՝ շվեյցարական փորձի հիման վրա» ծրագրի շրջանակում կազմակերպված՝ «Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխությունը: Ծրագիրը, որն իրականացվում է «Միասին» հիմնադրամի և շվեյցարական GAN կազմակերպության հետ համատեղ՝ Ժնևի քաղաքապետարանի աջակցությամբ, նպատակ ունի մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար սահուն անցում ապահովել ուսումնական հաստատությունից աշխատաշուկա: Ծրագրում ընդգրկվել են 16 կրթական հաստատություններ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերից և ևս երկու կրթօջախ՝ Երևանից:

Ողջունելով ծրագրի իրականացումը և մրցանակաբաշխության կազմակերպումը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երիտասարդ սերնդի համար կարևոր է համարել տաղանդի բացահայտումն ու մասնագիտության մեջ արհեստավարժ դառնալը: «Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն ինչ-որ ասպարեզում տաղանդ ունի: Արհեստավարժությունն այն է, ինչին պետք է ձգտեք տարիների ընթացում: Տաղանդից դեպի պրոֆեսիոնալիզմ երկար ճանապարհ է: Այդ ճանապարհն, իհարկե, հեշտ չէ: Պետք է նվիրում, սեր ընտրած մասնագիտության հանդեպ, ինչպես նաև երկար տարիների կարգապահ աշխատանք,- ընդգծել է նախագահը՝ ավելացնելով. -Բացի տաղանդից և արհեստավարժությունից, սիրուց և նվիրվածությունից երրորդ բաղադրիչը կա՝ ուսուցիչ՝ վարպետ ունենալը»:

Կարևորելով վարպետի դերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տաղանդը, աշխատանքը, նվիրվածությունը բավարար չեն, եթե մարդ կյանքում նաև չգտնի իր ուսուցչին, նրան, ով, իր կյանքի փորձն ու նվիրվածությունը կփոխանցի. «Սա ճիշտ է բոլոր մասնագիտությունների համար: Ուսուցիչը կարևոր է՝ մաթեմատիկայում, երաժշտության, նկարչության մեջ: Վարպետը մեր ժողովրդի համար ամենաբարձր կոչումներից մեկն է՝ գուցե ամենաբարձրը: Ուզում եմ նորից կրկնել՝ անկախ ձեր մասնագիտությունից, դարձեք վարպետ, դարձեք արհեստավարժ վարպետ»:

Նախագահի խոսքերով՝ մենք կարող ենք հպարտ լինել, քանի որ արհեստավարժությունը, արհեստները մեր ժողովրդի կյանքում մեծ տեղ են ունեցել. «Գյումրիում, օրինակ, գեղեցիկ բառ կա՝ ուստա, որը նշանակում է վարպետ: Գյումրին եղել է վարպետների քաղաք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ քաղաքն այդպիսին էլ մնա, կամ վերականգնենք այն՝ նաև ձեր միջոցով, զարգացնենք այն, ինչպես նաև մեր բոլոր բնակավայրերը»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ևս բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է երիտասարդ մասնագետների մասնագիտական որակների և հմտությունների զարգացմանը. «Հանրապետության 8 մարզերում իրականացվել են վարպետաց դասեր, վերապատրաստումներ, որոնք հնարավորություն են տվել մեր երիտասարդներին դառնալ ավելի մրցունակ և ուսումնական հաստատությունից անցում կատարել աշխատաշուկա»:

Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութը ոգևորիչ է համարել նման միջոցառման անցկացումը. «Մեր այս աջակցությամբ հուսով ենք նպաստել, որ հաջողության հասած երիտասարդները պատրաստ լինեն իրենց ապագան վերցնել իրենց ձեռքն ու աջակցել Հայաստանի հաջող ապագային»:

Ծրագիրն իրականացնող՝ «Միասին» հիմնադրամի ղեկավար Աստղիկ Մարանջյանը ներկայացրել է ծրագրի ընթացքն ու արդյունքները. ««Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխությունն առաջին անգամ է տեղի ունենում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Հուսով եմ՝ սա կդառնա ամենամյա միջոցառում: Այս սիմվոլիկ մրցանակաբաշխությամբ ուզում ենք ասել, որ ցանկացած մասնագիտության մեջ կարելի է ձգտել կատարելության, որակի և գերազանցության»:

Միջոցառման ընթացքում խրախուսվել են ծրագրի մասնակից բոլոր երիտասարդները, իսկ 10 լավագույնները խորհրդանշական մրցանակների են արժանացել: Շնորհակալագրեր են հանձնվել նաև ծրագրում ներգրավված կրթական հաստատությունների ներկայացուցիչներին և գործատուներին:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ