Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:34 09-12-2021

«Ամենաթողություն ու բարձիթողի վիճակ. մեր հասարակությունն ավելի է աղքատան. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում այս տարվա ընթացքում արագ տեմպերով գնաճ է արձանագրվել տարեսկզբին ու նոյեմբեր ամսվա ընթացքում: Տարեսկզբին այդ գնաճը բացատրում էին դոլար-դրամ փոխարժեքով:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ շեշտելով, որ այլ է իրավիճակը նոյեմբերի դեպքում: «Նոյեմբերին արդեն դրամի փոխարժեքը բավականին ցածր էր: Ու այս դեպքում գների ժամ առ ժամ կամ օրեցօր բարձրացման դինամիկան վկայում է այն մասին, որ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում գործող մենաշնորհները ինչպես նախկինում, այնպես հիմա պահպանում են իրենց դիրքերը և կարողանում են իրենց կամքն ու գները թելադրել: Անշուշտ, այս ընթացքում կուտակում են գերշահույթներ՝ ի հաշիվ հասարակության: Այս ամենաթողության թիվ մեկ պատասխանատուն մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, որը վերջին տարիներին ուղղակի անգործության է մատնված: Այն զբաղված է տեսական հետազոտություններով, հոդվածների հրապարակումներով, որոնք մեր քաղաքացիներին ոչինչ չեն տալիս: Այդ վարքագծով փորձում են այս կամ այն օլիգարխին չնեղացնել:

Այս առումով կարող են բերել շաքարավազի օրինակը, որի գինը հուլիսին, սեպտեմբերին, նոյեմբերին մի քանի անգամ ավելացավ: Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ևս ավելացավ այն դեպքում, երբ դրամն արժևորվել է: Այս ուղղությամբ հանձնաժողովում որևէ վարույթ չկա: Մրցակցության հանձնաժողովը դարձել է մենաշնորհների «փաստաբանը» ու ոչ թե պատժում, այլ արդարացնում է նրանց գործողությունները»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ այս իրավիճակում մեծ անելիք ունի նաև կառավարության տնտեսական բլոկը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության:

«Մինչդեռ նախարարությունը, որը չի կարողանում տնտեսական զարգացում ու աճ ապահովել, բնականաբար, նպաստում է գնաճին: Այս առումով էլ վառ օրինակը գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ 9 ամսվա հաշվարկով 1,5 անկում կա: Այս պայմաններում առաջին անհրաժեշտության ապրանքների գները, բնականաբար, աճելու են: Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն էկոնոմիկայի նախարարն է, որն իր ամպագոռգոռ հայտարարություններից հետո որևէ էական արդյունք չի գրանցել: Գյուղատնտեսության վարկերի սուբսիդավորման համար ծախսվել, մսխվել ու փոշիացվել են միլիարդավոր դրամներ: Իսկ ո՞ւր է այդ արդյունքը, 1,5 տոկոս անկո՞ւմն է: Այդքան գումար փոշիացնելով՝ կառավարությունում չեն կարողացել արդյունք ստանալ: Այս ամենն իր շղթայական ազդեցությունն է ունենում գների վրա»,-ասաց Ս. Պարսյանը:

Նա ընդգծեց, որ գնաճը շարունակական բնույթ է կրում: Ս. Պարսյանի դիտարկմամբ, այն արձանագրվում է ոչ միայն նախորդ տարվա համապատասխան ամիսների, այլ այս տարվա իրար նախորդող ու հաջորդող ամիսների համեմատությամբ:

Անդրադառնալով նաև 2021թ. նոյեմբերին արձանագրված գնաճին, երբ նույն 2021 թ. հոկտեմբերի համեմատ սննդամթերքի 3,7% գնաճ էր արձանագրվել, նա նշեց. «Սննդամթերքի գնաճից մարդիկ չեն կարող խուսափել: Օրինակ՝ բանջարեղենը, ալ յուրը, շաքարավազը, նաև ձեթն առաջին անհրաժեշտության ապրանքներ են, և մարդիկ չեն կարող հրաժարվել, օրինակ՝ շաքարավազից ու դրա փոխարեն օգտագործել էժանացող այլ ապրանք: Ու անգամ բարձր գնաճի պայմաններում մարդիկ վճարում են շաքարավազի, ալ յուրի և մյուս ապրանքների համար՝ ի հաշիվ, օրինակ՝ հագուստի, այլ ապրանքների ու ծառայությունների: Մարդիկ հրաժարվում են այլ ապրանքներից, որ կարողանան գոնե միայն սննդամթերքի հարց լուծել: Այս համատեքստում մենք պետք է խոսենք հասարակության աղքատացման մասին: Եթե պաշտոնական վիճակագրությամբ 2020-ին աղքատության միջին ցուցանիշը կազմել է 27 տոկոս, ապա 2021ին այդ ցուցանիշն աճելու է՝ հաշվի առնելով 7,1 տոկոս գնաճը:

Նկատի ունենանք այն, որ թոշակներն ու նպաստները չեն ավելացել, իսկ աշխատավարձը, որը պաշտոնական վիճակագրությամբ աճել է 6,7 տոկոսով, ավելի ցածր է 7,1 տոկոս գնաճից: Ցածր աշխատավարձի, բարձր գնաճի, անփոփոխ թոշակների ու նպաստների պայմաններում աղքատության ցուցանիշը 2021-ի համար ավելի բարձր է լինելու: Մեր հասարակությունն ավելի է աղքատանալու, ինչի հետևանքն արտագաղթն է: Նույն պաշտոնական վիճակագրությամբ, ժամանողների ու մեկնողների տարբերությունը 146 հազար է: Սա լուրջ մտահոգության առիթ է: Յուրաքանչյուր արտագաղթողի հետ մենք կորցնում ենք մեր երկրի զարգացման, անվտանգության հնարավորությունը: Եթե Հայաստանը դատարկվի, ի՞նչ տնտեսական զարգացման, ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել: 2022 թ. պետբյուջեի մեջ կառավարությունը նշել է՝ «պետք է տնտեսությունը զարգացնենք, որ մարդկանց կենսամակարդակն աճի»:

Իրականում նախ՝ մարդկանց պետք է փորձեն պահել Հայաստանում, հետո մտածեն տնտեսական զարգացման մասին: Արտագաղթող, դատարկ երկրում տնտեսական աճ չի կարող լինել»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում