Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:50 09-12-2021

«Քայլիստների «բեսպրեդելին», խուլիգանություններին, նաև բացահայտ հովանավորչություններին ենք ականատես լինում»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տեղական ինքնակառավարման ընտրություններին Նիկոլ Փաշինյանը, իր տեղական ուսապարկերն ու իրեն ծառայող անձինք հույս ունեին հասնել հաջողության՝ կրկին Նիկոլի անունը շոշափելով: Կրկին մեջբերելով նախկիններին ու կրկին խաղալով քաղաքականապես ոչ գրագետ հասարակության նուրբ լարերի վրա՝ այս անգամ էլ հաջողության հասնելու հույս ունեին: Բայց ուղղակիորեն տանուլ տվեցին ամբողջ ընտրական գործընթացը:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ամփոփելով հոկտեմբերին, նոյեմբերին ու դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ու արձանագրված արդյունքները: «Նիկոլ Փաշինյանի բոլոր հույսերն ի չիք դարձան, քանի որ մի շարք մեծ քաղաքներում ու խոշորացված համայնքներում ձևավորվում են ՏԻՄ մարմիններ, որտեղ քայլիստները չկան: Բացի այդ, համայնքների խոշորացման իրենց ծրագիրը, որի միջոցով փորձում էին տեղերում իշխանություն վերցնել, կարելի է ասել, գլոբալ առումով տապալվեց ու ձախողվեց»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով այս արդյունքների պարագայում այսուհետ «ժողովրդի անունից» խոսելու իշխանության հնարավորություններին՝ նա շեշտեց. «Իրենք 2021 թ. ԱԺ ընտրություններից հետո արդեն իսկ իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից: ԱԺ ընտրություններում ընդամենը ընտրողների 30 տոկոսի կողմից ընտրված քաղաքական ուժը չի կարող խոսել ամբողջ ժողովրդի անունից: Այդ ժամանակ այս իշխանությանը ձայն է տվել 688 հազար մարդ: Սա արդեն վառ ու ցայտուն փաստ է, ըստ որի, ամոթ ու աբուռ չունեցող իշխանության ներկայացուցիչներն իրենց ավելի զուսպ պետք է պահեն և չփորձեն խոսել ժողովրդի անունից: Իսկ ՏԻՄ ընտրություններին ավելի մեծ մասշտաբներով տանուլ տվեցին և, ըստ էության, պարզապես ամրապնդվեց այն իրողությունը, որ չեն կարող «ժողովրդի անունից» խոսել»:

Զուգահեռ անցկացնելով ԱԺ ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանության՝ տեղերում ստացած ձայները՝ նա հավելեց. «Եթե նայենք ստատիստիկ տվյալներին, ապա կտեսնենք, որ, ամեն դեպքում, ԱԺ ընտրություններում բավականին մեծ ձայներ էին ստացել, օրինակ՝ նույն Գյումրիում, Ախուրյանի տարածաշրջանում, Ամասիայում: Բայց ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլ պատկեր գրանցվեց: Հաշվի առնելով, թե նույն քայլիստներն ինչ ձայներ էին հավաքել 2021ի հունիսի 20-ին, կարող ենք արձանագրել, որ քայլիստների վարկանիշը հասարակության մոտ կտրուկ նվազել է: Իհարկե, ՏԻՄ և համապետական ընտրությունները տարբերվում են միմյանցից, բայց նույնիսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Նիկոլ անհողի» կերպարը շատ ազդեցիկ պետք է լիներ: Ինքն էլ լավ գիտի, որ, եթե կարելի է այդպես անվանել, իր թիմը, բաղկացած է այնպիսի մարդկանցից, որոնք շատ դեպքերում հասարակության կողմից կա՛մ չեն ընդունվում, կա՛մ հակակերպար են: Այս ամենն ապացուցվեց ԱԺ ընտրություններից 4 ամիս անց՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով»:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱԺ-ում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքին, որը, ըստ պնդումների, եղել էր քպականների հրահրմամբ: Գագիկ Համբարյանի խոսքով՝ պետք չէ զարմանալ այն երևույթներից, որոնց ականատես ենք լինում Ազգային ժողովում: «Փողոցից եկած իշխանությունը, նախկինում փողոցում լինելով, մշտապես ծեծվել է: Հիմա, իշխանություն վերցնելով ու իրենց հետ բերելով նաև փողոցային վարքագիծը, փորձում են կոմպենսացնել այդ ամենը: Փորձում են կոմպենսացնել նաև ծեծը: Հիմա փորձում են վրեժխնդիր լինել ու իրենց մաղձն ու ատելությունը թափում են ընդդիմության գլխին: Միևնույն ժամանակ, ընդդիմադիրներին էլ եմ մեղադրում այն հարցում, որ իրենց հետ առհասարակ հանդիպումների են գնում: Ինչևէ, բռնապետության հաստատման հիմքերից մեկը նաև անպատժելի բեսպրեդելն ու խուլիգանությունն է, որն իրականացվում է բռնապետության հաստատման փորձ անող իշխանության կողմից:Բռնապետական իշխանությունների ձևավորման բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Օրինակ՝ 30-ականների Գերմանիա, 20-ականների Իտալիա, որտեղ այդ ամենը իրականացվում էր օրենքների միջոցով: Իսկ ՀՀ-ում շատ հետաքրքիր բան ենք տեսնում. Նիկոլն օրենքները չի փոխում ու ժողովրդավարության մասին է խոսում: Մինչդեռ իրականում այդ օրենքների թիկունքում, մեծ հաշվով, «քայլիստների բեսպրեդելին», խուլիգանություններին, բացահայտ հովանավորչություններին ենք ականատես լինում: Այդ քողի տակ բազմաթիվ հանցագործություններ են թաքցվում, բազմաթիվ մարդկանց ապօրինաբար, շինծու հանցագործություններով մեղադում են, բանտարկում, նաև ճնշումներ են իրականացնում: Սա ՀՀում տեղի է ունենում ոչ թե 20-րդ դարի, այլ 21-րդ դարի սկզբին, և այս ամենն անում է իրեն շատ ժողովրդավար հռչակած և հռչակող, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը»,ասաց քաղաքագետը:

Գ. Համբարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Հայաստանի առջև առկա մարտահրավերներին: Մասնավորապես՝ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանին ներկայացված վերջնագրին, հայկական կողմի արձագանքներին: «Առհասարակ, Հայաստանի ներկայիս իշխանությունները միշտ երկակի են գործել. փորձել են իրենց «պողպատյա մանդատն» օգտագործել ՀՀ-ի ներսում, մինչդեռ դրսում իրենք անգամ «թղթե շերեփ» չունեն: Հասարակությունը պետք է մի կարևոր փաստ արձանագրի, այն է՝ «Նիկոլ անհողն» ու իր կապիտուլ յանտ իշխանությունը դրսում հենց այդպիսին էլ ընկալվում ու դիտարկվում են: Դրսի ուժերը, լինի մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, թշնամի Թուրքիան, թե խոշոր տերություններ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, միևնույնն է, արհամարհում են ՀՀ հասարակության կարծիքը: Նրանք առաջնորդվում են այն ստատուս քվոյով, որը կա. այսինքն՝ ՀՀ-ն ներկայացնում է կապիտուլ յանտ իշխանություն: Մենք հիմա պարզապես հենց նշվածի հետևանքներն ենք տեսնում: Տեսնում ենք նաև, որ Հայաստանի գործող իշխանությունները բացարձակ չեն կարող պաշտպանել մեր սահմանները: Միևնույն ժամանակ զբաղված են մանիպուլ յացիաներով, կեղծիքներով ու փորձում են ՀՀ հասարակությանը համոզել, որ մեր բոլոր դժբախտությունների մեջ մեղավորը Ռուսաստանն է, որին, իրենց խոսքերով, դիմում ենք, բայց չի օգնում»,ասաց նա՝ ընդգծելով, որ իրականում առնվազն նոյեմբերի 16-ի և 17-ի դեպքերի ժամանակ պաշտոնապես դիմում չի եղել:

«ԱԽ քարտուղար Արմեն անունով անձը, որը հայտարարում էր, թե դիմելու են, ստել է: Այս ամենը, ամեն դեպքում, միտումնավոր է արվում: Այս իշխանությունները չեն կարող լուծել նաև գերիների հարցը, նաև կոմունիկացիաների բացման հարցը: Խոսենք փաստերով. պաշտոնական Բաքուն մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ճանապարհներ է սկսել կառուցել, որոշներն արդեն շահագործման է հանձնել: Խոսքը թե՛ Արցախի օկուպացված տարածքներում, թե՛ դեպի ՀՀ եկող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների մասին է: Իսկ ի՞նչ է արել այս մեկ տարվա ընթացքում պաշտոնական Երևանը: Ընդամենը խոսում են, ու սա այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն նպատակադրված առաջ է տանում իր քաղաքականությունը: Որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն հերքել ու հայտարարել, որ չեն պատրաստվում միջանցքներ տալ, ադրբեջանական կողմը պարզ քայլերով պարտադրում է այս իշխանություններին տալ այդ միջանցքները»,-շետեց նա՝ ընդգծելով, որ այն կարող է և չունենալ «Զանգեզուրի միջանցք» անունը, բայց դրանից էական ոչինչ չի փոխվում:

«Ընդհանուր առմամբ, ունենք իշխանություն, որը կարող է ժողովրդի թիկունքում ոչ միայն գրավոր, այլև բանավոր համաձայնության գալ մեր թշնամու հետ, հանձնել մեզ համար շատ կարևոր տարածքներ, նաև գաղտնի փաստաթղթեր, ինչպիսիք են ականապատ դաշտերի քարտեզները: Այս առումով այս իշխանությունից ամեն ինչ պետք է սպասել: Ի դեպ, Սոչիում տեղի ունեցած հանդիպման կարևոր երկու դրվագի քիչ անդրադարձ եղավ: Ադրբեջանի նախագահը շատ պարզ ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, Հայաստանի և Ադրբեջանի գործն է: Երկրորդ դրվագն այն էր, որ ՌԴ նախագահը պարզ նշեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեմարկացված ու դելիմիտացված սահման չկա: Հիմա հարց է առաջանում. եթե չկա, ի՞նչ հողեր է Նիկոլը տվել ադրբեջանցիներին, ինչի՞ հիման վրա են ադրբեջանցիները հաստատվել, այսպես կոչված, նորաթուխ հայ-ադրբեջանական սահմանին: Ինչ վերաբերում է խորհրդային քարտեզների վերաբերյալ հղումներին, ապա բազմաթիվ քարտեզներով նույն Գորիս-Կապան ճանապարհն անցնում է ՀՀ տարածքով: Թող «Նիկոլ անհողն» այսպիսի մի պաշտոնական քարտեզ ցույց տա: Թե ինչ թուրքամետ քարտեզներ է առաջ բերում՝ ես չգիտեմ»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված