copy image url
Խոսք 2 տարի առաջ - 11:57 07-12-2021

ՏԻՄ ընտրությունները ապացուցեցին, որ նախորդ ընտրությունների արդյունքները կեղծվել են․ Արտակ Գալստյան

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, դրանց արդյունքերի և քաղաքական հետևանքների մասին Oragir.News-ը զրուցեց «Հայոց հայրենիք» կուսակցության 1֊ին համարը ներկայացնող իրավապաշտպան Արտակ Գալստյանի հետ։

Պարոն Գալստյան, հետևո՞ւմ էիք Հայաստանի 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին։ Դուք, որպես իրավապաշտպան, ինչ֊որ խախտում նկատե՞լ եք նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում։

Մենք մեր կուսակցությամբ անձամբ ներկայացված չենք եղել ընտրություններին, ներկայացուցիչներ չենք ունեցել։ Բայց զուտ մամուլի հրապարակումներից պարզ դարձավ, որ Պտղնիում եղել է ընտրակաշառք, ձայնագրություններ, լցոնման դեպքեր, ահազանգներ եղել են նաև վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված։ Երեկ զանգեցին, նաև Պտղնիի ընտրատեղամասի լցոնման հետ կապված, ասացին, որ հաղորդում է ներկայացվել և հարուցվել է քրեական գործ։ Մինչ ընտրությունները մի տեղեկություն էլ տարածվեց այն մասին, որ բոլոր ընտրատեղամասերից հեռացրել են տեսանկարահանող սարքերը, ինչը հենց լցոնումներին նախապատրաստվելու համար է արվել։

Իսկ Դուք, որպես իրավապաշտպան, ինչպե՞ս կվերլուծեք ընտրության արդյունքները։

Ես, ընտրության արդյունքները տեսնելով, գալիս եմ այն եզրակացությանը, ինչին եկել էի Սահմանադրական դատարանի հուլիսի 20-ի ընտրություններից հետո։ Կարծում եմ՝ եթե ՏԻՄ ընտրությունները վերցնենք այսպիսի կեղծված ձևով, ընդհանուր առմամբ, քաղաքացիական պայմանագիրը հավաքել է 25-30 տոկոս։ Սա լավագույն ապացույցն է այն բանի, որ հուլիսի 20-ի ԱԺ ընտրությունները եղել են կեղծված։ Որպես օրինակ վերցնենք Գորիս համայնքը, որը ճիշտ է՝ այս ընտրությունների հետ կապ չունի, բայց ԱԺ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել էր մոտ 11800 ձայն, իսկ այս ընտրությունների ժամանակ Առուշ Առուշանյանը, բանտում նստած լինելով, հավաքեց ավելի շատ ձայն, իսկ ՔՊ-ն, ընդամենը 3800՝ չորս անգամ պակաս։ Նմանատիպ պատկերի մենք ականատես եղանք նաև Կապանում։ Չի կարող կուսակցության ռեյտինգը 4 ամսվա ընթացքում այս աստիճան ընկնել։ Հաշվի առնելով, որ իրենց համար ամենածանր հատվածը եղել է կապիտուլյացիան, որից հետո նրանք կարողանում են 54 տոկոս հավաքել, ապա եթե այս համատեքստով նայենք, ոչինչ չի փոխվել։ Եթե այդ բարդ իրավիճակից հետո նրանք այդքան ձայն էին հավաքել, հիմա էլ պետք է կարողանային հավաքել։ Չի կարող այդքան տարբեր (70տոկոս) ցուցանիշ լինել, վատագույն դեպքում 5-10 տոկոսի տարբերություն կարող էր լինել։ Այսինքն՝ ես վերադառնում եմ իմ՝ Սահմանադրական դատարանում հնչեցրած այն մտքին, որ ՔՊ֊ի ռեալ, իրական ձայները ՀՀ֊ում ընդամենը 15 տոկոս են։

Պարոն Գալստյան, ըստ Ձեզ, քաղաքական ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս ՏԻՄ ընտրությունները։

Մեր կուսակցությունը ՀՀ-ում միակն է եղել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկել է Եվրոդատարանում։ Հիմա այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները մենք վերլուծելու ենք տեղամաս առ տեղամաս և ուղարկենք Եվրոդատարան՝ որպես ևս մեկ հիմնավորում այն փաստագրած տվյալների, որ ընտրությունները կեղծված են եղել։ Եթե ներկայիս իշխող ուժը մի քիչ բարոյականություն ունենար, այս ՏԻՄ ընտրություններից հետո հրաժարական կտար։

Իսկ դուք ինչո՞ւ չմասնակցեցիք ընտրություններին։

Քանի դեռ գործում է կառավարման այս կարգը, մենք չենք կարող արդար ընտրություններ անցկացնել։ Եթե մենք ունենայինք ներկայացուցիչներ և մասնակցեինք ընտրությանը, հաղթեինք ինչ-որ համայնքներում, ունենայինք գյուղապետներ, ապա մոտակա 2 ամսվա ընթացքում նրանց վերափոխելու էին, դարձնեին կա՛մ ՔՊ-ական, կա՛մ դատելու էին։ Ձուկը գլխից է փտած։ Մենք մյուս կուսակցությունների նման չենք մտածում, որ կարող ենք կառավարման ներքին օղակներում հաղթել, հետո բարձրանալ վերև։

Օրինակները շատ են, տեսանք՝ Սյունիքում Առուշ Առուշանյանը հաղթել է։ Հիմա Եղեգնաձորի հաղթած թեկնածուն որտե՞ղ է։ Երկուսն էլ բանտում են։ Մենք, չառաջադրվելով, խնայել ենք մեր մարդկային և ֆինանսական ռեսուրսները։ Եթե չկարողանային հաղթած թեկնացուներին փակել, ամբողջ համայնքին էին պատժելու դոտացիաներ՝ չտրամադրելով։



Լիլիթ Հարությունյան