Երևան +14°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 13:59 03-12-2021

Ես զարմանում եմ, որ ԵՊՀ֊ում տարրական իրավաբանություն չգիտեն․ Կարեն Հեքիմյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի և ԵՊՀ֊ի դեմ դատական հայցերի, դրանց մանրամասների շուրջ Oragir.News-ը զրուցեց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի, ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանի, ինչպես նաև ԵՊՀ Հանրային կապերի ծառայության բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանի հետ։

Պարոն Հեքիմյան, մենք գիտենք, որ Դուք դատական հայց ունեք Բարձրագույն որակավորման կոմիտեի դեմ։ Կմանրամասնե՞ք՝ ինչն է հիմք հանդիսացել հայցադիմում ներկայացնել ԲՈԿ֊ի դեմ։

ԲՈԿ-ի դեմ հայցադիմումի խնդիրը հետևյալն է. Հովհաննես Հովհաննիսյանը պաշտպանել է դոկտորական թեզ, որը, մասնավորապես ինձ մոտ, գրագողության իմաստով ողջամիտ կասկածներ է առաջացնում։ Ես այդ դոկտորական աշխատանքի մեջ գտել եմ գրագողության բազմաթիվ տարրեր, հիմնականում, հնարավոր գրագողությունը կատարվել է Ավետիս Քալաշյանի աշխատություններից։ Ես դիմել եմ ԲՈԿ, խնդրել եմ ուշադրություն դարձնել գրագողության փաստի վրա և դատական վարույթ հարուցել, գրագողության հետ կապված՝ ԲՈԿ-ի շրջանակներում լսումներ իրականացնել։ Սակայն ԲՈԿ-ը հրաժարվել է վարույթ հարուցելուց, և ես դիմել եմ Վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ԲՈԿ֊ին այդ հարցով վարույթ իրականացնել, և լսումներ կազմակերպել։

Առաջին ատյանի վարչական դատարանը հայցի ընդունումը մերժել է։ Հիմա գործը Վարչական վերաքննիչ դատարանում է, գործն ընդունվել է վարույթ։

Իսկ ԲՈԿ-ը ի՞նչ պատճառաբանությամբ է Ձեր դիմումը մերժել։

Մերժել է՝ բերելով շատ անհեթեթ պատճառաբանություն առ այն, որ ես, լինելով շահագրգիռ անձ, պետք է իմանայի թեզի պաշտպանության օրը և վայրը, գնայի այնտեղ և իմ նկատառումները հայտնեի տեղում։ Այս ամենից հետևում է, որ եթե ես չեմ գնացել, տեղում չեմ հայտնել իմ նկատառումները, ուրեմն ոչինչ անել հնարավոր չէ։ Դա նույնն է, ինչ գողը բնակարանից գողություն անելիս տեղում չբռնվելու դեպքում հանգիստ մարսի գողությունը, դա փաստացի նույն բանն է։ ԲՈԿ-ի հետ կապված՝ այս պահին այսքանն է։ Հիմա Վերաքննիչ դատարանը հայցը վարույթ է ընդունել, ես կարծում եմ, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը կչեղարկվի և մենք ականատես կլինենք, կամ միգուցե կմասնակցենք նաև ԲՈԿ-ի կայացրած նիստերին և լսումներին, որտեղ կխոսվի գրագողության մասին։

Պարոն Հեքիմյան, ինչպես արդեն գիտենք, դուք դատարանում հայց ունեք նաև ընդդեմ ԵՊՀ-ի, կմանրամասնե՞ք՝ ինչն է վիճարկվում, ինչ խախտում է թույլ տվել ԵՊՀ-ն։

Հայցս վերաբերվում է աշխատանքային օրենսգրքին և դրա շրջանակներում է։ Ես աշխատում էի ԵՊՀ-ում, որտեղ միշտ որոշակի անհամաձայնություններ են եղել ԵՊՀ-ի ղեկավարության հետ։ Երբ ԵՊՀ֊ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հովհաննես Հովհաննիսյանը, անհամաձայնությունները շարունակվեցին։ Անհամաձայնությունները վերաբերում էին տարբեր ոլորտների խնդիրներին։ Իմ հայցադիմումը վերաբերում է աշխատանքային վեճին։ Ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ սահմանվում է աշխատանքային պայմանագրի լուծարման 3 տարբերակ՝ 1֊ը աշխատողի նախաձեռնությամբ, 2֊ը գործատուի նախաձեռնությամբ և 3֊ը համատեղ։ ԵՊՀ-ից աշխատանքից հեռանալիս ես ընտրեցի 1-ին տարբերակը։ Այսինքն՝ իմ նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծարելու տարբերակը, որը ևս 2 տարբերակ ունի․1֊ը այն է, որ աշխատակիցը աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացնում և դիմումի մեջ հստակ նշում այն օրը, թե երբ է ուզում աշխատանքից դուրս գալ։ 2֊րդ տարբերակում դիմումում հստակ օր չի նշվում։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը և աշխատանքից դուրս գալու հստակ օր չնշեցի։

Եթե մարդ ընտրում է երկրորդ տարբերակը և հստակ օր չի նշում, տեղի է ունենում աշխատանքային օրենսգրքի 112֊րդ հոդվածով սահմանված ընթացակարգը, և աշխատակցին դիմումը գրելուց հետո տրվում է 3 օր ժամանակ, որպեսզի փոշմանելու դեպքում կարողանա հետ վերցնել իր դիմումը։ ԵՊՀ֊ի ղեկավարությունը, ստանալով իմ դիմումը, այն աստիճանի է ուրախացել և ոգևորվել, իմ ի վերջո համալսարանից դուրս գալու համար, որ միանգամից հրաման է տվել և ինձ ազատել աշխատանքից։

Ինձ հնարավորություն չտվեցին աշխատանքային օրենսգրքով սահմանված 3 օրվա ընթացքում դիմումս հետ վերցնելու։ Ես հաջորդ օրը գնացի համալսարան՝ դիմումս հետ վերցնելու, բայց քանի որ ինձ ասացին, որ արդեն հրաման կա ինձ աշխատանքից ազատելու վերաբերյալ, այս պատմությունն էլ հիմք հանդիսացավ, որ ես դիմեմ դատարան և վիճարկեմ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը՝ ինձ աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Ձեր աշխատանքային վեճը հիմա ի՞նչ փուլում է գտնվում, դատական լսումներ եղե՞լ են, թե՞ ոչ։

Դատական լսումներ դեռ չեն եղել, հայցս ընդունվել է վարույթ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նշանակվել է դատավոր։ Ես կարծում եմ, որ Հայաստանի մասշտաբով ԵՊՀ-ն հանդիսանում է իրավաբանության դարբնոց, և չկա համալսարանի նման ևս մեկ կառույց, որտեղ այդքան իրավաբաններ կրթեն։ Բայց միևնույն ժամանակ զարմանում եմ, որ ԵՊՀ֊ում տարրական իրավաբանություն չգիտեն։ Համալսարանում կա մի մեծ վարչություն, որը կոչվում է իրավաբանական վարչություն, և որի ղեկավարն է հանդիսանում Թադևոսյան Արմենը։ Նա առաջին հայացքից կիրթ, գրագետ իրավաբանի և մարդու տպավորություն է թողնում, իսկ նման տարրական, մինիմալ բաներ չիմանալը ես խայտառակություն եմ համարում։ Ես այս ամենը մի կերպ կհասկանայի, եթե դա կատարվեր ինչ֊որ շենքում, համատիրությունում, ինչ-որ տեղ նաև հանրակրթական դպրոցում կամ մանկապարտեզում։ Բայց համալսարանում, որտեղ կա իրավագիտության ֆակուլտետ, լավագույն մասնագետները այնտեղ են, չեմ պատկերացնում նման բան։ Ես, իրոք, զարմանում եմ և չէի կարող պատկերացնել, որ այդ նույն ստորաբաժանման ղեկավարը՝ Թադևոսյան Արմենը, նման անգրագետ վարքագիծ կդրսևորի։

Այս թեմայի շուրջ ինֆորմացիա ստանալու և ԵՊՀ-ի մեկնաբանությունը լսելու համար Oragir․News-ը կապ հաստատեց Երևանի պետական համալսարանի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ իրավունք և լիազորություն չունի Կարեն Հեքիմյանի դատական գործի, և առհասարակ, ԵՊՀ-ի վերաբերյալ տեղեկություն փոխանցելու լրատվամիջոցներին։ Նա մեզ խորհուրդ տվեց կապ հաստատել ԵՊՀ Հանրային կապերի ծառայության հետ և այդ գործով մանրամասներ ստանալ։

Այդ գործի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Oragir․News-ը կապ հաստանեց նաև ԵՊՀ հանրային կապերի ծառայության բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանի հետ։ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործի վերաբերյալ ոչ մի ինֆորմացիայի չի տիրապետում։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

13:05 Սամվել Ալեքսանյանի կինն ու աղջիկները, «Մարիաննայի» և «Վիվառոյի» սեփականատերերը․ Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքի մասնակիցները
09:00 Գիշատիչների խնջույք. ինչո՞ւ է փող հավաքում Աննա Հակոբյանը  
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
08:35 Լույս չի լինի Երևանի և մարզերի հետևյալ հասցեներում
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
10:30 44-օրյայի զոհերի անունները թաքցնող ՔՊ-ն խոսում է 1.5 մլն ցեղասպանվածներին նույնականացնելուց
13:29 Կհորդորեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, դա մեղք է. ՔՊ պատգամավոր
12:30 Տուգանքի փողը ես եմ մուծելու. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
18:30 Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել