Ներքին 4 տարի առաջ - 19:39 30-11-2021

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Էրիկ Պոպի հետ

Նոյեմբերի 30-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը և պատվիրակության անդամները հանդիպել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրիկ Պոպի հետ:

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը շնորհավորել է Էրիկ Պոպին տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կառույցում հայկական պատվիրակության ղեկավարի խոսքերով` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամներից է:

Հայ խորհրդարանականները խոսել են Արցախյան երկրորդ պատերազմի և դրա հետևանքների մասին, ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը: Նշվել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հակառակորդը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի գրեթե բոլոր նորմերը` դիտավորյալ ռմբակոծելով քաղաքացիական և կրոնական կառույցներ: Արման Եղոյանի խոսքերով` ՖՄԿ-ն առաջամարտիկ է մարդու իրավունքների պաշտպանության գործում: «Կարծում եմ, որ քաղաքական նպատակահարմարությունները չպետք է ստորադասվեն այս մեծ առաքելությանը»,- ընդգծել է պատգամավորը` հույս հայտնելով, որ Էրիկ Պոպի նշանակմամբ էականորեն կփոխվեն վերոնշյալ հարցերի վերաբերյալ մոտեցումները` հօգուտ արդարության և միջազգային իրավունքի:

Օրենսդիրներն անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին և Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը:

Արման Եղոյանն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և մասնավորապես Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ցուցաբերած շահագրգիռ կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Էրիկ Պոպը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայում Հայաստանի յուրահատուկ դերակատարությունը: Նա նշել է, որ Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ֆրանսախոս երկիր, իրենց համար առանցքային նշանակություն ունի:

Հյուրը նշել է, որ ՖՄԿ-ի գործունեության առաջնահերթություններից է զանգվածային լրատվությունը ազատության գաղափարախոսությունը և խոսել այդ ոլորտում իրենց նախաձեռնությունների մասին: Դրանք միտված են երիտասարդ լրագրողներին ոլորտում գործունեություն ծավալելու հարցում նոր հնարավորություններ ընձեռելուն:

Զրուցակիցները ֆրանսերենի տարածման հարցում ընդգծել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի կարևոր դերակատարությունը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով