copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:23 29-11-2021

COVID-ով հիվանդացածները կարող են վարակվել նաև «Օմիկրոն» շտամով. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ այն մարդիկ, ովքեր նախկինում հիվանդացել են կորոնավիրուսով, մեծ ռիսկ կա, որ կարող են վարակվել նաև նոր «Օմիկրոն» շտամով: Այս մասին են վկայում նախնական տվյալները, ասվում է ԱՀԿ կայքում։

Կազմակերպությունը խոստացել է ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել «առաջիկա օրերին ու շաբաթներին»։

«ԱՀԿ-ն աշխատում է տեխնիկական գործընկերների հետ՝ հասկանալու համար այս տարբերակի պոտենցիալ ազդեցությունը գոյություն ունեցող հակամիջոցների՝ ներառյալ պատվաստանյութերի վրա: Պատվաստանյութերը, ինչպես նախկինում, վճռորոշ նշանակություն ունեն ծանր հիվանդությունների և մահացության նվազեցման համար, այդ թվում՝ շրջանառվող գերակշռող «Դելտա» վիրուսի դեմ: Ժամանակակից պատվաստանյութերը մնում են արդյունավետ ծանր հիվանդությունների և մահվան դեմ»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, ԱՀԿ-ն հաստատել է, որ ներկայումս օգտագործվող ՊՇՌ թեստերը կարող են հայտնաբերել նոր շտամը: