Արտաքին 4 տարի առաջ - 20:40 26-11-2021

Հանդիպումից հետո Պուտինը, Ալիևը և Փաշինյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. տեքստ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտել են եռակողմ բանակցությունները։ Քաղաքական գործիչները հայտարարություն են արել ԶԼՄ-ների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եռակողմ հանդիպումն ավարտվել է, նախագահները մամուլի համար համատեղ հայտարարություն են արել, այն մեր կողմից կհրապարակվի ընդամենը մի քանի րոպեից»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պուտինը սկսել է երկկողմ հանդիպումը Փաշինյանի հետ։ «Ներկայումս երկկողմ զրույց է սկսվել նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև»,- ասել է Պեսկովը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում