Երևան +19°
Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 03:10 24-11-2021

Ստամբուլն ու Անկարան պահանջում են կառավարության հրաժարականը

Թուրքական «Sözcü»-ի փոխանցմամբ՝ լիրայի պատմական արժեզրկումից հետո Թուրքիայի Աշխատավորական կուսակցությունը գնացել է Ստամբուլի Կենտրոնական բանկի մասնաճյուղ և պահանջել կառավարության հրաժարականը։ Իսկ ահա մայրաքաղաք Անկարայում բազմաթիվ քաղաքացիներ միացել են Թուրքիայի կոմունիստական ​​կուսակցության ակցիային և վանկարկել․ «Կառավարությունը պե՛տք է հրաժարական տա»։

Դոլարի փոխարժեքի նոր ռեկորդից հետո (գերազանցել է թուրքական 13 լիրան) բողոքի առաջին ալիքը բարձրացել է սոցիալական ցանցերում։ Կարճ ժամանակահատվածում «Կառավարության հրաժարական» (թուրքերեն՝ «Hükümet istifa») հեշթեգով գրառումների թիվը գերազանցել է 146 հազարը։

Ստամբուլում․ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած բողոքի գործողություններից հետո անվտանգության ուժեր են ուղարկվել և հրապարակը փակվել է արգելապատնեշներով։ Այնուհետև մի խումբ ակտիվիստներ հավաքվել են հարակից փողոցներում և վանկարկել «Կառավարություն հրաժարական» կարգախոսը։

Ստամբուլի Շիշլի շրջանի Քուրթուլուշ թաղամասում մի խումբ ցուցարարներ ցուցապաստառներով ու հացով ցուցադրաբար փողոց են դուրս եկել՝ բողոքելով ծախսերի ու տնտեսական ճգնաժամի դեմ։ Ցուցարարները, որոնք վանկարկում էին «Կառավարությունը պետք է հրաժարական տա» կարգախոսը, բախվել են ոստիկանների դիմադրությանը։ Ցուցարարների և ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո փողոցը փակվել է։ Հայտնի է դարձել, որ Ստամբուլի տարբեր հատվածներում փողոց դուրս եկած քաղաքացիներն ինքնակազմակերպվել են և ինքնաբուխ ակցիաներ կազմակերպել։

Թուրքիայի Աշխատավորական կուսակցության Ստամբուլի նահանգային կազմակերպության անդամները Կենտրոնական բանկի Ստամբուլի մասնաճյուղի մոտ հանդես են եկել մամուլի հայտարարությամբ՝ հայտնելով, որ AKP-MHP դաշինքի տնտեսական քաղաքականությունը ժողովրդին հասցրել է աղքատության, երկիրը՝ աղետի եզրին։ Հետևապես բոլոր նրանք, ովքեր երկիրը հասցրել են այս վիճակին, դատապարտվելու են: «Ամենուր ճգնաժամ, ամենուր աղքատություն» և «Իշխանության հրաժարական» կարգախոսների վանկարկումից հետո Թուրքիայի Աշխատավորական կուսակցության Ստամբուլի նահանգային կազմակերպության կողմից ստորագրված մամուլի հաղորդագրությունում տեղ են գտել հետևյալ հայտարարությունները.

1․ ․․․Թուրքիան վերածել են էժան աշխատուժի դրախտավայրի և թալանում են՝ ըստ ցանկության․․․ ամեն օր հայտարարում են աշխատավարձերի բարձրացման մասին ու ակնկալում, որ երախտագիտություն հայտնեն իրենց։

2․ Այս ռեժիմից ելք կա, որը չի առաջարկում ոչինչ, բացի չքավորությունից ու սովից։ Ելք կա ազատվելու Պալատից (նախագահական նստավայր), որն այլևս ի վիճակի չէ կառավարելու Թուրքիան և պաշտպանելու աշխատավորների իրավունքները։

3․ Ձեր հացը գողացողներին պատասխանատվության ենք ենթարկելու։ Մենք Թուրքիան փրկելու ենք աղքատությունից։

Անկարայում․ Մայրաքաղաք Անկարայում հակակառավարական ակցիայով են հանդես եկել կոմունիստները՝ Չանքայայի շրջանի Էսաթ պողոտայում բաժանելով թռուցիկներ։ Փողոցում երթի մասնակիցները վանկարկել են «ԱԶԿ-ի հրաժարականը», ինչից հետո պողոտա են ուղարկվել անվտանգության ուժեր։

Մյուս կողմից, ODTÜ-ի (Միջին Արևելքի տեխնիկական համլսարան) ուսանողները հայտարարել են, որ փոխարժեքի բարձրացումը շարունակում է սպառնալ երիտասարդների գրպանին և որոշել են ժամը 20.30-ին հավաքվել համալսարանում՝ բողոքելու տնտեսության անկման դեմ։ Ուսանողները բողոքի ակցիայի ժամանակ վանկարկել են «Կառավարության հրաժարական»։ Գրեթե ամբողջ օրը փոխարժեքի բարձրացման և կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ դժգոհություններ են եղել նաև Էսքիշեհիրում։ Հին Բաղլար թաղամասի Հալեր երիտասարդական կենտրոնի դիմաց հավաքված ակտիվիստները երթիին մասնակցել են՝ վանկարկելով «Կառավարության հրաժարական» և «ԱԶԿ-ի հրաժարական» կարգախոսները։ Ոստիկանությունը ակտիվիստներին նախազգուշացրել է, որ նրանց ակցիան հակաօրինական է, ինչին հաջորդած լարվածություն ու բախման հետևանքով ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիային մասնակցած 6 անձի, այդ թվում՝ մեկ կնոջ։




Ամենից շատ դիտված