Ներքին 4 տարի առաջ - 14:24 23-11-2021

Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում:

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումներին:

«Ինչպես արձանագրված է կառավարության ծրագրում՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Եթե ու երբ գործընթացը առաջ գնա՝ մենք, բնականաբար, հանրությանը զարգացումների մասին կտեղեկացնենք: Միաժամանակ նշեմ, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. հնգամյա ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում նշվում է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից, և «այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:

2021 թ. օգոստոսից Երևանը և Անկարան մի քանի անգամ բարձր մակարդակով փոխանակվել են երկկողմ հարաբերությունները կարգավորելու մասին դրական ազդակներով, սակայն չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մի շարք հայտարարություններին՝ այդ ուղղությամբ գործնական քայլեր առայժմ չեն արվել:

Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և եթե «Հայաստանը դրականորեն արձագանքի այդ հնարավորություններին», Թուրքիան էլ կանի անհրաժեշտ քայլեր, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում արձանագրեց, որ «տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան»: Վարչապետը հավելել էր, որ Երևանը այդ ազդակները կգնահատի և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանի:

Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Վրաստանի վարչապետը իրեն է փոխանցել հանդիպման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, սակայն Հայաստանի վարչապետի խոսնակն ի պատասխան տեղեկացրեց, որ վարչապետի պատկերացմամբ՝ բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումները:

Նոյեմբերի 20-ին հրապարակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ Փարիզ աշխատանքային այցի ընթացքում ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցը, որում Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները, ասել էր,որ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել երկկողմ հարաբերությունները առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը: Նախարարը հավելել էր, որ Երևանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, սակայն Անկարան նոր պայմաններ է առաջադրում հարաբերությունների կարգավորման համար, դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքի» հարցն է, ինչը բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ