Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 08:44 19-11-2021

Գնաճի զսպման դեմ պայքարում է միայն ԿԲ-ն, իսկ Կառավարությունը ոչինչ չի անում․Կառլեն Խաչատրյան

Սննդամթերքի թանկացման, դրա առաջացման պատճառների, և այս թեմային առնչվող այլ հարցերի շուրջ Oragir.News-ը զրուցեց տնտեսագետ, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ։

Պարոն Խաչատրյան, վերջերս սննդամթերքի շուկայում նկատելի է սննդի գների բարձրացում։ Ինչի՞ց է կախված այդ ամենը, ի՞նչ կասեք այդ մասին։

Գնաճը տնտեսական վատթար վիճակի հետևանք է, որը շատ ավելի սուր արտահայտվում է սննդամթերքների և առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում։ Այս ապրանքների գների բարձրացումը որոշակիորեն կապվում է նաև դրսի՝ համաշխարհային շուկայի, գների բարձրացման հետ։ Բայց երբ համեմատում ենք միջազգային շուկայում գների փոփոխությունը մեր երկրում տեղի ունեցած սննդամթերքների գների փոփոխության հետ ակնհայտ է դառնում, որ այդ գնային փոփոխությունը Հայաստանում շատ ավելի մեծ չափով է արտահայտվում, ինչն էլ խոսում է երկրի ներսում տնտեսական վատ վիճակի և պատկան մարմինների ոչ բավարար քայլերի մասին։

Դուք կարծո՞ւմ եք, որ գնաճի պատճառը ներքին խնդիր է և կապվում է միայն տնտեսության սխալ, ոչ արդյունավետ կառավարման հետ։

Անշուշտ, Կառավարությունը և պատկան մարմինները մեծ անելիք ունեն գների աճի զսպման առումով և պետք է շտապ քայլեր ձեռնարկեն։ Բայց պետք է նշել նաև, որ օբյեկտիվ գործոնների ազդեցության տակ, դրսի շուկայում նույնպես գները աճել են։ Բացի սրանից բեռնափոխադրման գործընթացն է թանկացել։ Բայց միայն այս գործոնները չեն, որ պայմանավորում են գնաճը։ Բացի այս արտաքին գործոններից, ներքին գործոններ էլ կան․ անորոշությունը բիզնեսի ոլորտում, որոշակի պահանջարկի ավելացումը և գնաճի զսպմանը միտված քայլերի բացակայությունը։

Իսկ ո՞ւմ է վերապահված գների կայունության ապահովումը, արդյո՞ք ապահովվում է այդ կառույցը գների կայունությունը և եթե ապահովվում է ինչպե՞ս է անում դա։

Այսօրվա դրությամբ է գների կայունության ապահովվումը վերապահված է կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկը վերջին 1 տարվա ընթացքում տարբեր քայլեր իրականացրել է սկսած վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից, վերջացրած դեպի տնտեսություն դոլարային ներարկումներով։ Բայց ժամանակը ապացուցեց, որ այդ քայլերը բավարար չէին զսպելու գնաճի այն մեծ ալիքը, որը գալիս էր և պատճառն էլ այն էր, որ Կառավարությունը կենտրոնական բանկին այս հարցում որևէ աջակցություն ցույց չտվեց։ Այսինքն՝ ստացվում էր այնպես, որ գնաճի դեմ պայքարում էր միայն կենտրոնական բանկը իր ունեցած ամբողջ գործիքակազմով, մինչդեռ Կառավարությունն էլ տնտեսական կառավարության պատասխանատու լինելով, պետք է իր կողմից որոշակի քայլեր ձեռնարկեր ։

Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը որ կարողանա զսպել և բալանսավորել այս գնաճի արագ տեմպը։

Կառավարությունը առաջին հերթին պետք է կանխատեսելի տնտեսական միջավայր ստեղծի այն ահռելի անվտանգային անորոշությունները լուծելու համար, որոնք ծառացել են մեր երկրի առջև, որևէ կերպ, որևէ քայլով չեն ցրվում և դրանք օբեկտիվորեն թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի մոտ վատ սպասումներ են ձևավորում, ինչն էլ իր հերթին բերում է գների բարձրացման։ Բացի դրանից, մյուս գործոնն այն է, որ նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, մարդկանց եկամուտները չեն աճում և համարժեք չեն գնային փոփոխությանը, սրի հետևանքով սոցիալական լարվածությունը մեծանում է, հասարակության մեջ աղքատների քանակը շատանում է։ Կառավարությունը պետք է անի ամեն ինչ այս ամենը բալանսի բերելու համար։

Լիլիթ Հարությունյան