«Բազմակողմանի խնդիր՝ տարբեր ուղղությունների ձախողումներով». կորոնավիրուսային հակառեկորդների պատճառները․ Փաստ
copy image url

«Բազմակողմանի խնդիր՝ տարբեր ուղղությունների ձախողումներով». կորոնավիրուսային հակառեկորդների պատճառները․ Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 09:16 13-11-2021

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում գրեթե ամեն օր կորոնավիրուսի տարածման ու հատկապես վարակից մահացության դեպքերի հակառեկորդներ են գրանցվում: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ, այսօր ստեղծված իրավիճակը ռազմավարական մոտեցման բացակայությունն է, ինչը մեր երկրում ակնհայտ էր դեռ համաճարակի տարածման սկզբից:

«Խոսքը կոմպլեքս խնդրի մասին է, և այդ տեսանկյունից հնարավոր չէ ասել, որ, օրինակ՝ մի հանգամանքի պատճառով է նման իրավիճակ ստեղծվել: Տարբեր ոլորտներում և ուղղություններում ձախողում է եղել: Սպասվող իրավիճակի տեսանկյունից կանխատեսումները հստակ չեն եղել: Իսկ եթե անգամ կանխատեսումներ են եղել, ապա պրոակտիվ աշխատանք չի կատարվել: Չենք նախապատրաստվել նման զարգացումներին, դրա համար էլ այսօր նման իրավիճակում ենք: Խոսքը և՛ պատվաստման գործընթացի, և՛ բուժման կազմակերպման, և՛ թեստավորման կազմակերպման, և՛ վաղ ախտորոշման, և՛ թե ամբուլատոր բուժման խնդրի մասին է: Օրինակ՝ հիմա քարոզչությունը տարվում է այն ուղղությամբ, որ միայն պատվաստումն է փրկելու մահերից, բայց դա միակ գործոնը չէ: Մահացությունը կախված է նաև այն հանգամանքից, թե որքան շուտ կհայտնաբերվի վարակը, որքան շուտ կսկսվի պատշաճ բուժումը, տնային ճիշտ բուժում կիրականացվի, թե ոչ: Այս ամենը հաշվի առնելու արդյունքում քիչ մարդ կհոսպիտալացվի»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Է. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ ամենն իր դրական շղթայական ազդեցությունը կունենա:

«Մասնավորապես, հիվանդանոցները քիչ ծանրաբեռնվածություն կունենան, ըստ դրա, նաև ավելի որակով բուժում կիրականացվի և ավելի քիչ մարդ կմահանա: Ընդհանուր առմամբ, գործ ունենք բազմակողմանի խնդրի հետ՝ տարբեր ուղղությունների ձախողումներով: Մասնավորապես՝ սկսած կանխարգելումից մինչև բուժում և պատվաստում: Հիմնականում խնդիրը կազմակերպչական հարցերն ու հատկապես մենեջմենթն է: Պետք է գաղափար ունենալ մենեջմենթից, որ, օրինակ՝ իրավիճակ գնահատելու համար ճիշտ աշխատանքային խմբեր ստեղծվեն, այդ գնահատման հիման վրա ռազմավարություն մշակեն, հետո կառավարեն գործընթացները և այդպես շարունակ: Դա բավականին մեծ ու լուրջ աշխատանք է, որը, սակայն, չեն պատկերացրել, չգիտեն՝ ինչ է պետք իրականացնել, ու քայլեր չեն ձեռնարկել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այս փուլում ևս որոշումներն ու քայլերը միայն խորացնում են իրավիճակը: «Օրինակ՝ հոկտեմբերի 1-ից գործող որոշումը միայն ու միայն իրավիճակը վատթարացնող է, որովհետև, միևնույնն է, մեզ մոտ ռիսկի գոտում գտնվողներին, խոցելի խմբերին պատվաստելը առաջնահերթություն չէ: Պատվաստում են երիտասարդներին, որոնց դեպքում հոսպիտալացումը ցածր տոկոս է կազմում: Նրանք ոտքի վրա են տանելու հիվանդությունը, և մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց վարակը տարածվում է ու հասնում իրենց տներ, տան մեծահասակներին, որոնք, իրենց կարծիքով, տներում ապահով նստած են: Հենց սա է նաև մահացության նման բարձր ցուցանիշի հետևանքը»,-ասաց նա՝ այս համատեքստում շեշտելով, որ պատվաստումը չի ապահովագրում վարակվելուց, բայց հնարավոր է դարձնում խուսափել ծանր ընթացքից ու մահվանից:

«Այսօր պետք է հանենք պարտադրանքի հարցը, թեթևացնենք հերթերը: Հերթագրումը պետք է օնլայն լինի, մարդիկ չպետք է գնան ու կենդանի հերթ կանգնեն: Ամբողջ աշխարհում հերթագրում են, պատվաստում են առաջինը հենց ռիսկի խմբին, տարեցներին ու խրոնիկ հիվանդներին: Ընտանեկան բժիշկների ուժերը, որոնք այսօր կենտրոնացած են պատվաստման պարտադրանքից բխող գործընթացի վրա, պետք է ուղղված լինեն պատվաստման կարիք ունեցող մարդկանց հայտնաբերելուն ու ցուցակագրելուն: Խոսքը հատկապես դեռ չվարակված խոցելի խմբերի մասին է: Նույնիսկ եթե այդ մարդիկ տանից դուրս չեն գալիս, պետք է գնալ ու տանը պատվաստել նրանց: Այդպես գոնե մահացության ցուցանիշը պետք է իջեցնել: Մյուս կողմից՝ պետք է աշխատել գործատուների հետ, որ ախտանշաններ ունեցող մարդկանց թույլ տան չգալ աշխատանքի:

Ինչու եմ սա կարևորում, որովհետև մեզ մոտ մինչև այդ մարդիկ հետազոտվում են, մինչև բյուլետեն են ստանում, մոտ 4 օր հաճախում են աշխատանքի, ու այդպես վարակը տարածվում է: Հարց է նաև, թե արդյոք հետազոտվո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև միայն բարձր ջերմության դեպքում են մեզ մոտ մարդկանց պետպատվերով հետազոտում: Համաճարակի նման պիկի ժամանակ ախտանշանների դեպքում հենց առաջին օրը պետք է տեղեկացնել գործատուին և աշխատանքի չներկայանալ: Պետք է երաշխավորվի նաև, որ մարդիկ իրենց աշխատավարձը չեն կորցնելու: Միայն այդպես կարող ենք որոշակի ձևով զսպել իրավիճակը: Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ է պատվաստումներով իջեցնել մահացությունը, նաև ինչ-որ ձևով կարգավորել ամբուլատոր բուժումը, որպեսզի մարդիկ սկսեն ավելի շուտ բուժում ստանալ ու հոսպիտալացման ենթակա ծանր վիճակի չհասնեն»,-ասաց նա:

Մասնագետի խոսքով, կարևոր է, որ այսօր ոչ ոքի խոսք չհակասի գիտությանն ու մարդկանց փորձին. «Հենց այդպես է վստահություն ձևավորվում, բայց այսօր այն մեզ մոտ կորել է, և պաշտոնական մակարդակով տարվող քարոզչութամբ անգամ չեն կարողանում ձեռք բերել մարդկանց վստահությունը, ինչի հետևանքով ամեն ինչ տապալվում է: Օրինակ՝ ուղղակի հայտարարեցին, որ պատվաստանյութ ունենք, հետո փողոցում սկսեցին պատվաստել նաև զբոսաշրջիկներին: Այս ամենը փողոցային առևտրի տպավորություն թողեց, երբ ապրանքն աշխատում են շատ արագ սպառել տուրիստների ու մյուսների վրա: Սա մարդկանց ենթագիտակցության մեջ այլ կերպ է ընկալվում: Մեծ հաշվով՝ առաջին օրվանից գաղափարը վարկաբեկվել է, իսկ վերականգնումն այսօր շատ դժվար է»:

Ամենից շատ դիտված

17:03 Այս պահին հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ․ մանրամասներ՝ Երևանում ավտոբուսի վթարից
19:22 Մի տխմար իմ մասին խոսելիս ասում է՝ «փնթի էգ», մյուսը՝ «տգետ հարճ». Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների մասին
23:28 «Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն ա. մեր շրջապատում ուրիշ ձև են արտահայտվում. Տիգրան Վարդանյան
18:08 Մխչյանի դպրոցի տնօրենն աշխատանքի չի բարեհաճում, ուսուցիչներն էլ հերքում են, որ թմրանյութ է բաժանվել
18:49 Դրամահավաքի մասին բարձրաձայնելուց հետո տնօրենը հրահանգել է նվաստացնել երեխայիս
22:07 Ամբողջ գյուղը խոսում է, որ թմրանյութ են բաժանել․ տեղներս չենք գտնում․ ինչ են պատմում Մխչյանում
10:03 Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից
20:00 5 տարեկան Արեգիս ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, թռել երկինք․ 22-ամյա Պարգևի սպանության հետքերով
15:15 Մեծ ձեռքբերում է, որ նստած է, այլ ոչ թե չոքած․ Էդգար Ղազարյան
18:30 Սկանդալներ, «դավաճանություն» և ոչ միայն. ինչը չներեց Փաշինյանը Դիանա Գասպարյանին