Ներքին 4 տարի առաջ - 22:32 12-11-2021

Հայաստանը միացել է «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին. ԿԳՄՍՆ

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված պետություն, և Հայաստանի գիտնականները իրավունք են ստանում օգտվելու Եվրոպական միության ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո, ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի ընձեռած հնարավորություններից:

Համաձայնագրի ստորագրմանը նվիրված առցանց հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Համաձայնագիրը ՀՀ կողմից ստորագրել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար և Բելգիայի Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, ԵՄ կողմից՝ Հետազոտությունների և նորարարության եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռացոն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ մասնակցությունը «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացման համար կարևոր քայլ է, նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման հնարավորություն:

«Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է միջոցառումներ, որոնք կնպաստեն ծրագրին Հայաստանի գիտական հանրույթի մասնակցության ընդլայնմանը: Մենք լիահույս ենք, որ ծրագրի շնորհիվ հայաստանյան գիտական խմբերն ավելի մեծ ներդրում կունենան ժամանակակից գլոբալ մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտական աշխատանքներում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընթացում ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում՝ Եվրոպական միությունում ՀՀ դեսպանությանը՝ ի դեմս Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և Եվրոպական միությունում հայաստանյան ներկայացուցչության ղեկավար տիկին Աննա Աղաջանյանի, սեղմ ժամկետում համաձայնագրի վավերացման աշխատանքները կազմակերպելու համար:

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար: Մասնակցությունը ծրագրին հնարավորություն է տալիս հայ գիտնականներին ինտեգրվել եվրոպական գիտական տարածքում, օգտվել ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից և դառնալ մասնակից համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններին:

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը փոխարինելու է «Հորիզոն 2020» ծրագրին, որին Հայաստանը հաջողությամբ մասնակցել է 2016-2020 թթ.։ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել են 312 հայտեր, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, և ֆինանսավորման են երաշխավորվել 35-ը: Ասոցացված երկրների շարքում Հայաստանի Հանրապետության մասնակցության հաջողության գործակիցը 11,81 տոկոս է:

«Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին, ինչպես նաև միջազգային այլ ծրագրերին ՀՀ գիտնականների մասնակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ այս տարվա օգոստոսին վերաբացվել է Գիտական ծրագրերի ինտեգրման աջակցության կենտրոնը, որը հայտարարված մրցույթների մասին տեղեկատվությունը տարածում է գիտական շրջանակներում, հայտատուներին և ծրագրի հնարավոր շահառուներին, մատուցում է խորհրդատվական ծառայություններ, համակարգում է ծրագրի թեմատիկ ուղղություններով նշանակված ազգային կոնտակտային անձանց աշխատանքները:

ՀՀ կառավարության նոյեմբերի 4-ի նիստում հաստատվել էր «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջար­կությունը:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում