copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:12 03-11-2021

Բոլոր պարտություններից հետո բոլոր երկրներում հասունանում է ազգային ոգին, մարդիկ գիտակցում են միասնական լինելու կարևորությունը. Արամ Փախչանյան

Մասնավոր դպրոցների պահանջարկի, ոչ պետական կրթության, «Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցացիայի վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի հետ։

-Մասնավոր դպրոցների իրական պահանջարկ կա՞ ՀՀ-ում ըստ Ձեզ։

-Իհարկե, կա պահանջարկ, և դա պայմանավորված է նրանով, որ ոչ բոլոր ծնողներն են համաձայն ու դիտարկում պետական դպրոցներում իրականացվող կրթական գործընթացը՝ որպես համապատասխանող իրենց երեխաների կարիքներին, սակայն դա իսկապես կա ամբողջ աշխարհում և ՀՀ-ում էլ՝ անհրաժեշտություն է։

-Կա տեսակետ, որ ՀՀ-ում վտանգված է ոչ պետական կրթությունը, ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։

-Այսպես ասեմ, որևէ անմիջական վտանգ այս պահին չկա, ոչ պետական դպրոցներն աշխատում են և իրենց պարտավորությունները պետության առջև կատարում են։ Վտանգն այստեղ կարող է լինել այն դեպքում, երբ փոխվի պետական քաղաքականությունը, իսկ կրթության կառավարման և կարգավորման դաշտում արդեն կա այն հայտարարությունը, որ հարկային դաշտ կարող է մտնել, այ դա կարող է լուրջ վտանգ հասցնել կրթությանը, ոչ միայն դպրոցների, այլև ոչ պետական բուհերի համար կարող են խնդիր դառնալ, իսկ դպրոցները, եթե հարկային փոփոխությունների ենթարկվեն և պետությունը փորձի հավելյալ արժեքի հարկ հավաքագրի հանրակրթական դպրոցներից, դա իրապես կարող է բերել մեծ վնասի և մեծ կորուստների։

-Համագործակցության մշակույթի կարևորության մասին եկեք խոսենք։ «Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցացիայի վերաբերյալ ի՞նչ կասեք, այն որքանո՞վ է արդյունավետ անդրադառնալու կրթության որակի բարելավվման վրա։

-Լինելով այդ կազմակերպության խորհրդի նախագահը՝ ես համոզված եմ, որ կազմակերպությունը շատ կարևոր դերակատարում ունի, որոհետև սա եզակի այն օրինակներից է, որ ոլորտային կազմակերպությունները, այս պարագայում դպրոցները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները և տարբերությունները, միավորվել են և իրենց շահերը ներկայացնում են և պետության ու հանրության հետ ունենում են այդպես ճիշտ հարաբերություններ, որի նպատակն այն է ընկալումը և՛ պետական և՛ հանրության կողմից համապատասխանեն իրականությանը և մարդիկ չհիմնվեն բամբասանքների վրա , այլ հասկանան իրական դերը, որովհետև շատ մի պարզ բան կա, որը փորձում ենք բոլորին բացատրել, որ եթե դպրոցը ստիպված է գումար վերցնել ծնողներից կամ բարերարներից, դա այդքան էլ կարևոր չէ, ապա այդ դպրոցը պետք է իսկապես մի բան առաջարկի, որը չկա պետական համակարգում։ Իրապես դա կարևոր բան է, իսկ դա նշանակում է, որ այդ դպրոցները պետք է միշտ մի քանի քայլ առաջ լինեն, այսինքն ինչքան զարգանա պետական համակարգը, նրանք էլ պետք է համընթաց քայլեն այդ ամենին։ Դա նշանակում է, որ հանրության համար պետք է այդ դպրոցները դառնան կրթական լաբորատորիաներ, նոր գիտելիքների, նոր կրթական մշակույթի զարգացման կենտրոններ և իրենք իրենց ներկայությամբ կարևոր դերակատարում են ունենում մեր կրթության զարգացման գործում։ Եվ սա ես չեմ փաստում իմ պատկերացումներից, այլ դրա մասին կան հետազոտություններ . ամբողջ աշխարհում էլ կան հետազոտություններ, որոնք փաստում են այդ մասին։

-Եվ վերջում, նոյեմբերի 6-ին մասնակցելու եք Մատենադարանում տեղի ունեցող կարևոր՝ «Ազգային ինքնությունը և ընտրանի» խորագիրը կրող համաժողովին, որի նպատակն է նպաստել ազգային ակադեմիական–մշակութային այնպիսի համայնքի ձևավորմանը, որը կբերի համահայկական միասնական օրակարգ։ Ի՞նչ նշանակություն ունի հետևյալ համաժողովը Ձեզ համար և Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Այդ համաժողովը կարևոր նշանակություն ունի այնքանով, որ այն ապաքաղաքական է, իր նպատակը առջնահերթ այն է, որ ծավալվի մի շատ կարևոր խոսակցություն։ Բոլոր պարտություններից հետո բոլոր երկրներում հասունանում է ազգային ոգին, մարդիկ գիտակցում են միասնական լինելու կարևորությունը ու սովորաբար բախվում են խնդիրների, քանի որ միասնականության պակասի դրսևորում է լինում, իսկ պարտությունները բերում են ազգի միավորման, զարգացման, ազգային արժեքների վերահաստատմանը։ Կարծում եմ , որ մենք պետք է մեր նախկին սխալներից դաս քաղենք և կենտրոնանանք ոչ թե պառակտվելու ու իրարից տարբերվելու վրա , այլ համախմբվենք բոլոր ոլորտներում, և այդ համաժովը հենց այդ ուղղությամբ կատարվող շատ կարևոր քայլ է, որպեսզի մենք բյուրեղացնենք այն ամենը, ինչի և մենք ի վիճակի ենք և կարող ենք միավորվել։

Քնարիկ Պետրոսյան