Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:03 03-11-2021

Իշխանության գործունեությունը ոչ թե ուղղված է երկրի անվտանգության ապահովմանը, այլ իշխանության վերարտադրությանը․ Մենուա Սողոմանյան

Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի արած վերջին հայտարարության, իշխանության վարած քաղաքականության, ազգային անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է «5165» շարժում կուսակցության անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությունը, որով առաջարկվում է ուսանողներին կամ հասարակության այլ շերտերին վերցնել գործիքներ ու գնալ սահման՝ ինժեներական աշխատանքներ կատարելու:

-Շատ բացասական եմ գնահատում, որովհետև ի՞նչ է նշանակում ստեղծել գործիքներ և գնալ կոչ անել, դրանք հարցեր չեն, նման տիպի միջոցառումները հայտարարություններով չեն տեղի ունենում, սա նման է նույն այն հայտարարությանը, երբ Նիկոլ Փաշինյանն անցյալ տարի այս ժամանակներում հայտարարեց կամ հրաման տվեց․ «կազմավորեք ջոկատներ, ընտրեք հրամանատարներ, ճարեք զենքեր ու գնացեք կռվի»։ Ինչ-որ պոպուլիստական բնույթի հայտարարություններ են, ու երբ զուգահեռներ եմ անցկացնում այդ հայտարարությունների մեջ, դա ճիշտ ու վայել չէ պետական պաշտոնյային, և նման տիպի մասսայական միջոցառումներ իրականացնելու համար կա պետություն, ու պետությունը հենց նրա համար է, որ կազմակերպի մարդկանց կյանքն ու անվտանգությունը։ Այսինքն՝ Մենք չենք ակնկալում, որ միայն իրենց ռեսուրսներով դա պետք է հոգան։ Երկրի անվտանգության ապահովումը ամբողջ երկրի ռեսուրսներով պետք է տեղի ունենա, և այդ ամրաշինական աշխատանքների մեջ էլ, իհարկե, շատ ողջունելի կլինի, եթե կամավորական հիմունքներով նախաձեռնություններ լինեն, բայց այդ ամենը պետք է ուղղորդել, և ճիշտ ձևերով կազմակերպել։

-Հակասություններ չե՞ք նկատում իշխանության ներկայացուցիչների խոսքում. որոշ ժամանակ առաջ, երբ խոսվում էր սահմանների կահավորված լինելու մասին, նրանք ասում էին, որ ամեն բան նորմալ է, աշխատանքներն ընթանում են։ Իսկ հիմա նման հայտարարություններ են անում:

-Պետք է գնահատական տալ նրան, որ իրենք ասում են ամեն բան նորմալ է։ Ո՛չ, ամեն բան նորմալ չէ իրականում։ Մեր 5165 շարժման մասնակիցներն ու անդամները բոլորովին վերջերս էլ, մի քանի ամիս առաջ եղել են դիրքերում, և կան մարդիկ էլ, ականատեսներ էլ, ովքեր գալիս և պատմում են դիրքերում առկա վիճակը, որը, մեղմ ասած, մխիթարող չէ, որովհետև այս ընթացքում ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիները հասցնում են ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Խոսքը միայն կենցաղային պայմանների մասին չէ։ Նախ, այնտեղ կենցաղային պայմաններ էլ չկան, և երկրորդ՝ տեխնիկական անհրաժեշտ աշխատանքները արված չեն, սահմանների կահավորումը, բետոնապատման աշխատանքները կատարված չեն։ Դրա փոխարեն մենք տեսնում ենք ասֆալտապատման աշխատանքներ։ Այսինքն՝ իշխանության գործունեությունը ոչ թե ուղղված է երկրի անվտանգության ապահովվմանը, այլ իշխանության վերարտադրությանը, որովհետև հազարավոր քաղաքացիներ տեսնում են ասֆալտը, և դրանով պատրանք-տպավորություն է ստեղծվում, թե տեսեք՝ ամեն ինչ նորմալ է, ճանապարհներ են ստեղծվում։ Այսինքն՝ պետության անվտանգությունը համարվում երկրորդական, քանի որ հազարավոր քաղաքացիների աչքին դա չի երևում։ Փոխարենը առաջնահերթ են համարում, այն, ինչը երևում է քաղաքացիների աչքին։ Դա ցույց է տալիս իշխանության նախընտրությունը։ Այսինքն՝ նրանք սեփական իշխանությունը նախընտրում են պետության անվտանգությունից։

-Անվտանգային առումով նման հայտարարություն հնչեցնելը ճի՞շտ է, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը հայաստանյան լրատվամիջոցների մշտադիտարկում է իրականացնում:

-Ադրբեջանական կողմը շատ լավ տեսնում է ամեն ինչ, ու թաքցնելու որևիցե խնդիր չկա էլ։ Իսկ եթե մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ գուցե պետք է խոսելով մի բան հասկացնենք ու ստիպենք, որպեսզի որևէ քայլ ձեռնարկեն։ Հանրայնացնելու խնդիր ունենք։ Կան հարցեր ու հանրային ճնշում։ Պետք է պահանջ առաջ քաշենք, որպեսզի առաջնահերթ ռեսուրսները տրամադրվեն անվտանգության ապահովմանը, և երկրորդ մնացած բաները, որովհետև պետության գերխնդիրը հիմա անվտանգության ապահովումը պետք է լինի։

-Եվ վերջում, նոյեմբերի 6-ին մասնակցելու եք Մատենադարանում տեղի ունեցող «Ազգային ինքնությունը և ընտրանի» խորագիրը կրող շատ կարևոր համաժողովին, որի նպատակն է նպաստել ազգային ակադեմիական–մշակութային այնպիսի համայնքի ձևավորմանը, որը կբերի համահայկական միասնական օրակարգ։ Ի՞նչ նշանակություն ունի հետևյալ համաժողովը Ձեզ համար, և Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս համաժողովից։

-Այդ համաժողովը մենք կազմակերպում ենք «հասարակական կազմակերպության», որի անդամ եմ նաև ես, և «գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների շնորհիվ։ Դրա նպատակը ակադեմիական և մշակութային շրջանակներում խոսույթ սկսելն է, ինչպես նաև ազգային ինքնություն և ընտրանի։ Փոխկապակցված թեմաների մասին ենք խոսելու։ Այսինքն՝ ինչ արտաքին քաղաքականություն որ պետությունը վարում է, կախված է ոչ միայն արտաքին միջավայրային պայմաններից, այլ նաև կախված է ընտրանու էությունից և ինքնությունից․ որքանով է ընտրանին գնում ազգային ընտրության, որքանով է իրեն նույնականացնում ազգի հետ, որքանով է առաջնահերթ համարում ազգային արժեքները, որքանով է նրա համար պետական գաղափարը առաջնահերթ։ Որովհետև սա նպատակ չէ, այլ դիտարկելով այսօրվա կառավարող ընտրանուն, մենք տեսնում ենք շատ լուրջ բացեր այդ տեսանկյունից և այս ամենի նպատակն է, որ խոսույթը տարածվի, ակադեմիական մակարդակով հետազոտություններ այնուհետև սկսենք իրականացնել հենց այսպիսի թեմաների վերաբերյալ՝ համահայկական միասնական օրակարգ ձևավորելով։ Որովհետև մենք չենք կարող լինել անվտանգ, չենք կարող ունենալ հզոր պետականություն, մինչև չսահմանենք՝ ի՞նչ ենք ուզում, մեր նպատակների սահմանման հարցում, որը հենց այնպես չեն սահմանում։ Մեկը ասում է՝ «ես սա եմ ուզում», մյուսը բոլորավին այլ բան է ասում։ Համաժողովը, այո, այդ նպատակն է հետապնդում, որ համաձայնություն ձեռք բերվի մի շարք հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ ի՞նչ է ազգայինը, ինչպե՞ս անել, որպեսզի կերտենք ազգային դիմագիծ ունեցող ընտրանի։ Որովհետև մենք տեսնում ենք, որ այսօր չունենք ազգային ընտարի, այլ ունենք լուրջ խնդիր։ Քանի որ մենք հիմա ունենք քաղաքական կառավարող ընտրանի, որը սպառողական մշակույթի կրողն է, և ոչ թե ազգային արժեքների։ Այսպիսի խորքային թեմաների վերաբերյալ է լինելու քննարկումը, որը կրելու է շարունակական բնույթ, և հուսով ենք իր պտուղները կտա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

12:00 Ալեն Սիմոնյանին կտանեի «Ծղոտներ» ու «ուբիդիտ» կանեի, թե այդ տարածքներն ումն են. Վարդան Ղուկասյան
08:14 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ Հրապարակ
07:42 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. Փաստ
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
11:57 Զառա Արամյանը տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur․am
22:02 Գյումրիում բարի մարդիկ ինձ կարի մեքենա նվիրեցին, հիմա իմ ձեռքի շնորհքով եմ ապրում. արցախցի դերձակ
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
08:42 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
18:30 Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել