Շտապօգնության ծառայության մեքենաների վարորդները իրականացրել են բողոքի ակցիա
copy image url

Շտապօգնության ծառայության մեքենաների վարորդները իրականացրել են բողոքի ակցիա

Ներքին 3 տարի առաջ - 12:09 02-11-2021

Շտապօգնության ծառայութան մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում բարձրացնել իրենց աշխատավարձերը։

«Մենք չգիտենք, ոնց պահենք մեր երեխաներին։ Առավոտից երեկո բանում ենք, ոչ կարողանում ենք ընթացքում հաց ուտել, նույնիսկ զուգարան գնալ չենք կարողանում։ Օրվա ընթացքում նույնիսկ մի քանի րոպե հանգստանալ չենք կարող։ Կանչից կանչ ենք շտապում, կորոնավիրուսի դեպքերն ավելացել են, մենք քովիսի հետ գործ չունենք, բայց այդ կանչերն էլ ենք սպասարկում»,-խնդիրը ներկայացնում է ծառայության 6-րդ ենթակայանի վարորդ Սերժիկ Գասպարյանը։

Աշխատանքային համազգեստներով 6-րդ ենթակայանի մոտ հավաքված վարորդները պահանջում են իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում։

«Էս աշխատավարձով մենք ընտանիք պահել չենք կարող։ ԱԺ-ում միլիոններ են ստանում, իսկ մենք ողջ օրն աշխատում ենք կոպեկներ ենք ստանում։ Բոլորս էլ այս աշխատավարձի հույսին ենք։ Լույսը բացվում է՝ ժամը 9-ից նստում ենք ղեկին, մինչև հաջորդ օրը։ Մենք սպասում ենք, որ գան ու մեր հարցին լուծում տան»,-նշում է նա՝ ավելացնելով, որ բողոքի ակցիայի ընթացքում սպասարկում են միայն ծանր կանչերը։

Վարորդներից մեկն էլ ասում է՝ միայնակ է ապրում, բայց ինքն էլ չի հասցնում կարիքները հոգալ։

«Աղքատավարձ է։ Մի անգամ չի եղել, որ 13-րդ աշխատավարձ ստանանք։ Վարորդների պակաս ունենք, մեքենայի պակաս ունենք, բոլորի տեղն աշխատում ենք։ Մարդիկ ուում են, գան, ընդունվեն աշխատեն, աշխատավրձի չափն իմանում են ու չեն գալիս։ Եղել է դեպք, որ մեկ օրում մեկ մեքենան 32 կանչ է սպասարկել»,-պատմում են նրանք։

Վարորդների խոսքով, արագ սլանալիս դեպքեր են լինում, որ մեքենան վնասվում է, ծախսերը հոգում են աշխատակիցներն իրենց սեփական միջոցներից։

Վերջին դեպքի ժամանակ մեքենայի ապակիներն են կոտրվել, վարորդներից մեկն է վճարել։