Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:28 15-10-2021

Պատերազմից հետո վանդալիզմը մեր կողմից պետք է արժանանա ամենախիստ դատապարտման. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հոկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Դեսպան Տեր-Ստեփանյանի հաշվետու ելույթը հրապարակվել է Nouvelles d'Arménie հանդեսի՝ «Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը քննադատում է ատելության դրսևորումները» վերտառությամբ հոդվածում։

«Արմենպրես»-ը ներկայացնում է դեսպանի ելույթի հայերեն թարգմանությունը:

«Պարոն Գործադիր խորհրդի նախագահ, տիկին գլխավոր տնօրեն, Ձերդ Գերազանցություն դեսպաններ, հարգելի գործընկերներ, առաջին հերթին, կցանկանայի շնորհակալություն հայտնել Գլխավոր տնօրենին զեկույցի համար և օգտվելով առիթից՝ ողջունել այն հսկայական աջակցությունը, որն ուրվագծվում է իր թեկնածության շուրջ մեր Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու կապակցությամբ:

Այս վստահությունը հատկապես կարևոր կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար:

Դրանց թվում է կրթության համընդհանուր հասանելիության խիստ կարևոր հարցը. այն ուղղորդում է մեր Կազմակերպության գործունեության նշանակալի մասը:

Դա վերաբերում է բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի պաշտպանությանը՝ ապահովելու կրթության հասանելիությունը յուրաքանչյուրի համար՝ անկախ մարդու կարողությունից, ռասայից, սեռից, էթնիկ ծագումից: Այն վերաբերում է նաև խոցելի բնակչությանը, հատկապես հակամարտության գոտիներում ապրողներին: Այս առումով, ես կարևոր եմ համարում հիշատակել մեկ տարի առաջ Արցախից հեռացած հազարավոր փախստականների իրավիճակը, որոնք ստիպված են եղել փախուստի դիմել իրենց պարտադրված պատերազմի պատճառով։ Հայաստանն աշխատում է բավարարել այդ մարդկանց կրթական կարիքները՝ սպասելով նրանց վերադարձին Արցախում իրենց մշտական բնակության վայրեր:

Այս մարտահրավերների թվում է նաև ատելության խոսքի և անհանդուրժողականության այն վիրուսը, որը տարածվում է շատ մտահոգիչ կերպով. այն, ցավոք, ամրապնդվում է քաղաքական առաջնորդների հայտարարություններով, որոնք խարան են դնում որոշակի էթնիկ խմբերի վրա` նրանց նկատմամբ բռնություններն օրինականացնելու նպատակով: Գլոբալ քաղաքացիության կրթությունը մնում է այս արհավիրքը վերացնելու արդյունավետ միջոցը, և մենք պետք է հավատարիմ մնանք այն խթանելու գործին:

Մենք նաև տխրությամբ արձանագրում ենք, որ ատելության և անհանդուրժողականության այս վիրուսն ազդում է մարդկության մշակութային ժառանգությանը պատկանող հարստության վրա:

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանն ահազանգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին այն լուրջ սպառնալիքների մասին, որոնց ենթարկվում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքները և դրանց ամբողջական ոչնչացումից խուսափելու համար անհապաղ միջամտելու անհրաժեշտության մասին:

Մենք երախտապարտ ենք տիկին Օդրի Ազուլեին այն ջանքերի համար, որ նա ներդրել է այդ ժամանակից ի վեր, շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ և դրան հարակից տարածքներ գործուղելու անկախ տեխնիկական առաքելություն, որը կկարողանար հավասարակշռության սկզբունքի հիման վրա մուտք ունենալ կողմերի մշակութային վայրեր:

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը կողմ էր արտահայտվել Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին ի աջակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությանն ընդունված հռչակագրին, այդ երկիրն այս ամբողջ ընթացքում շարունակել է արգելափակել այդ առաքելության իրականացումը:

Նման խոչընդոտող մոտեցումը մեզ ստիպում է լուրջ մտավախություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի համար, մանավանդ որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ավերածություններն ու վանդալիզմի գործողությունները շարունակվել են և մեր կողմից պետք է արժանանան ամենախիստ դատապարտման:

Հայաստանն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը և անդամ պետությունները կշարունակեն մոբիլիզացված մնալ այս հարցում: Իրոք, մշակութային ժառանգության պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր դերի լիարժեք իրագործումը մեր բոլորիս պատասխանատվությունն է:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասված է դեսպանի խոսքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան