Տարածաշրջանում կատարվող գործընթացների, ներկայիս իշխանության վարած քաղաքականության, Խաղաղության պայմանագրի, նախկին նախագահների՝ վերջին շրջանում արված հայտարարությունների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի գործունեության վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոս, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։
- Տարածաշրջանում բավականին բուռն գործընթացներ են ծավալվում: Իրանի տարածքում շատ առանցքային դեր զբաղեցնող գեներալ Փակբուրը հայտարարել էր, որ չեն հանդուրժելու աշխարհաքաղաքական սահմանային որևէ փոփոխություն տարածաշրջանում, նաև խոսել է, որ թույլ չեն տալու ՀՀ-ի հետ ցամաքային սահմանի անքակտելիության որևէ դրսևորում։ Շատերը սա մեկնաբանեցին որպես ուղիղ տեքստով հայտարարություն այն մասին, որ վտանգի տակ դրվի Իրանը ՀՀ-ին կապվող ցամաքային սահմանը՝ մասնավորապես Գորիս-Կապան միջպետական մայրուղին, ապա Իրանը զորքը կմտցնի Սյունիք։ Արդյո՞ք իսկապես այդ հայտարարությունը դա էր նշանակում, և արդյո՞ք այդ մայրուղու միջպետական ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակելը ուղիղ սպառնալիք էր Իրանին ուղղված։
- Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Գորիս-Կապան մայրուղին այստեղ մեծ դերակատարում ունի, որովհետև Իրանը կարող էր քայլեր ձեռնարկել այն պարագայում, եթե մենք ինքներս դա համարեինք հայկական։ ՀՀ իշխանությունը Գորիս-Կապան մայրուղին համարում է ադրբեջանական, հետևաբար՝ Իրանը ի՞նչ կարող է անել, եթե մենք այն համարում ենք ադրբեջանական։ Բայց մյուս պարագայում Իրանը որևէ պարագայում չի կարող հանդուրժի, որ իր ելքը դեպի արտաքին աշխարհ սահմանափակվի կամ կտրվի պանթյուրքիստական ծրագրի շրջանակներում։ Եթե ավելի հանգամանալից վերաբերվենք դրան, գեներալն ասաց, որ անկախ նրանից, թե ինչ իրավիճակ կլինի, հնարավոր է՝ զորքերը նաև մտցնեն ՀՀ տարածք՝ անվտանգությունը երաշխավորելու համար։ Մենք հիմա խնդիր չունենք մտածելու, թե ինչ շահեր ունի Իրանը, դա, կարծում եմ՝ ավելի լավ իրանցիները գիտեն, թեպետ մենք էլ պարտավոր ենք դա իմանալ։ Բայց մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ ունենք և ինչ շահ պետք է հետապնդենք, կամ ո՞րն է մեր անվտանգային համակարգը։ Իրանը իր այդ հայտարարությամբ մեսիջ ուղարկեց, ըստ էության, որ ՀՀ-ն այլևս սուբյեկտ չէ։ Պատկերացնո՞ւմ եք, երկու սուվերեն պետություն միմյանց հետ երկխոսեն կամ գնան փոխգործակցության, ընդ որում՝ որպես դերակատար մենք գոյություն չունենք, քանի որ Իրանն ասում է, առանց ձեր կարծիքը հարցնելու մեր զորքերը կմտցնենք ՀՀ տարածք։ Աշխարհաքաղաքական գործընթացներն այս պահին որքան էլ որ ցավոտ լինեն, ընթանում են հետևյալ տրամաբանությամբ. ՀՀ-ն չի երկխոսում և չի բանակցում ոչ մի երկրի հետ։ Առաջին՝ քանի որ ունակ չէ, և երկրորդ՝ մեզ ուղղակի, լավագույն դեպքում, տեղեկացնում են կատարվելիքի մասին։ Շատ ժամանակ մեզ նաև չեն տեղեկացնում, հետևաբար՝ այս հայտարարությունը գեներալի կողմից ևս տեղեկատվական բնույթ է կրում, և իրականում մենք չգիտենք էլ, թե ինչ է տեղի ունենում։
- Սա հետևանք է ՀՀ-ի կողմից արտաքին և ներքին քաղաքականություն չիմանալո՞ւ, թե՞ պարզապես պատերազմից հետո աշխարհաքաղաքական իրավիճակն է մեզ պարտադրում այդ դիրքից մեզ հանդես գալ։
- Նախ՝ օբյեկտիվ լինելու համար պետք է ասել, որ աշխարհաքաղաքական իրադրությունները բավականին մեծ տեղ և դեր ունեն, սակայն դա չի նվազեցնում իշխանության պատասխանատվությունը, և այստեղ չի կարելի ասել, որ միակ դերակատարը գերտերություններն են, և այստեղ ՀՀ-ն ևս ունեցել է բավականին կարևոր դերակատարություն։ Սակայն ինքներս պետք է կարողանանք ֆիքսենք, որ ՀՀ իշխանությունները իրականացնում են բացառիկ ապաշնորհ քաղաքականություն` չունենալով նաև սեփական շահի գիտակցում կամ սեփական տեսլական։ Այսօր ՀՀ-ն չունի անվտանգային օրակարգ, մենք չենք կարողանում նույնիսկ հասկանալ, թե ինչ է անվտանգությունը։
- Բայց չէ՞ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ առաջնային խնդիրներից մեկը անվտանգության ապահովումն է։
- Անվտանգությունը կարևոր եզրույթ է, բայց շատ ավելի կարևոր է, թե մենք ինչ ենք հասկանում անվտանգություն ասելով։ Մեկը անվտանգություն ասելով հասկանում է, որ պետք է ձեռքերս վեր պարզեմ ու խաղաղություն մուրամ՝ դրանով ապահովելով անվտանգությունը, մյուսը՝ խղճահարություն առաջացնեմ, որպեսզի որոշ կառույցներ փորձեն իմ անվտանգությունը երաշխավորել, որը կօգնի ուղղակի ինչ-որ ժամանակ գոյատևել։
- Խաղաղության օրակարգի հետ կապված Ալիևը հայտարարել էր, որ Փաշինյանն իրեն ասել է, որ ինքը ևս պատրաստ է գնալ բանակցությունների, և սա ցույց է տալիս, որ Ալիևի օրակարգն արդեն ընդունվում է, ու, բնականաբար, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Սա ի՞նչ է նշանակում, կստորագրվի՞ այդ պայմանագիրը, թե՞ ոչ։
- Ըստ էության, սա կապիտուլյացիոն պայմանագրի շարունակությունն է, որովհետև միֆ կլինի պատկերացնել, որ մենք այլ բան կարող ենք ենթադրել, կամ այլ բան կարող ենք ակնկալել։ Եթե մենք ժամանակով հետ գնանք, օրինակ, ֆաշիստական Գերմանիա՝ կապիտուլյացիայից հետո, պայմանագրով, ֆորմալ առումով պարտադրվում էր, որ նրանք կազմալուծեն իրենց բանակը, որ հետո չկարողանան ռևանշիստական որևէ գործողություն իրականացնել։ Մեր պարագայում սա գրված չի եղել թղթին այդ ինը կետերի մեջ, բայց բանավոր եղել է չակերտավոր բարի կամքի դրսևորում։ Մենք մեր անվտանգային օրակարգը կազմաքանդում ենք, և ո՛չ միայն անվտանգության օրակարգը, այլև երաշխավոր հիմնական գործոնը, որը բանակն էր։ Մենք դրանով կազմաքանդում ենք ու ցանկանում դրանով ցույց տալ, որ, ա՛յ, տեսեք, մենք իրականում գնում ենք խաղաղության, բայց մենք մեզանից վտանգ չենք ներկայացնում։ Ի դեպ, դա թուրքերի առաջնային պահանջն է, որ նրանք համոզված լինեն, որ եթե ՀՀ-ում իշխանափոխություն լինի, մեծ ցանկության դեպքում ՀՀ-ն չի կարողանա դիմակայել ու հայտ ներկայացնել դեօկուպացիայի համար, և ըստ էության, այս օրակարգը տանում ենք առաջ։ Թուրքիան խաղաղության պայմանագրի տակ այլ բան է ներկայացնում, մենք՝ լրիվ այլ բան։ Թուրքերը պատկերացնում են, որ Սյունիքը պետք է լինի ադրբեջանական, նվազագույնը՝ միջանցք, իսկ նրանց ազգային երազանքը Հայաստանի չլինելն է։ Հիմա մենք ևս ասում ենք, որ գնում ենք խաղաղության, և, ի տարբերություն թուրքերի՝ մենք չենք ասում, թե որն է մեր խաղաղության տեսլականը։ Նրանք ասում են, որ եթե ուզում եք մեզ հետ հարաբերվել, ուրեմն ճանաչեք Կարսի պայմանագիրը, Արցախը ճանաչեք որպես Ադրբեջանի մաս, ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ կլինի նաև Արցախը, հրաժարվեք Ցեղասպանության հայկական հարցի օրակարգից, դրան գումարած՝ արդեն որպես չորրորդ գործոն, պահանջում է միջանցքը։ Հիմա սա թուրքերի խաղաղության տեսլականն է՝ այն էլ նվազագույնը։ Անկախ նրանից, թե նրանք որքան ժամանակահատվածում կանեն այս ամենը, միևնույն է, ցանկանում են իրագործել իրենց ազգային երազանքը։ Իսկ մենք այդ ժամանակահատվածում ոչ ունեցել ենք երազանք, ո՛չ տեսլական և ո՛չ էլ պատկերացում այդ ամենի վերաբերյալ։ Մենք հետևողականորեն մսխել ենք Արցախի ազատագրման արդյունքում ձևավորված այդ հսկայական կապիտալը։
- Վերջերս Ալիևն ու Սերժ Սարգսյանն իրար հետ «երկխոսում էին», և կարելի է ասել, որ փոխհրաձգություն է նրանց միջև։ Ալիևը ՀՀ երրորդ նախագահին հրավիրում էր Մատաղիս, որին ի պատասխան նախագահն ասաց, որ եթե այդքան տղա էիր, երեկ կամ տաս տարի առաջ այդ հայտարարությունն անեիր։ Նախագահը երբ անում էր այդ հայտարարությունները, կարծես ցանկանում էր ցույց տալ, որ ՀՀ-ում կա ռևանշիստական տրամադրություն, և դրանք շարունակողներ ամեն դեպքում լինելու են։ Նաև հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները, արդյո՞ք նախկին նախագահները ուզում են ցույց տալ, որ իրենք շարունակում են մնալ հաղթող նախագահներ, և որ Ալիևի հետ ՀՀ-ից այլ հռետորաբանություն լինելու է։
- Ամենայն հարգանքով երեք նախագահների ինստիտուտին, այնուամենայնիվ, ես ստիպված եմ ասել, որ մենք իրականացնել ենք ինֆանտիվ քաղաքականություն։ Ի՞նչ է նշանակում հարցուպատասխաններ, ի՞նչ է նշանակում հռետորություն և այլն. դրանք քաղաքական կատեգորիաներ չեն, և ցանկացած խոսք արժեք ունի, եթե դրա տակ կա իրականություն։ Հիմա որևէ մեկի խոսքն արժեք չունի, քանի որ այն մարդիկ, որոնք պատասխանատու են եղել մեր անվտանգության և ապագայի համար, կերտել են այս իրականությունը, իսկ հիմա քանի՞ կոպեկ արժե, որ ինչ-որ ինստիտուտներ սկսում են իրար հետ բանավիճել։ Ի՞նչ է տալիս դա մեզ։ Փաստն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության երեք նախագահները հասել են իրենց նպատակներին կամ բավարարել են իրենց ցանկությունները, և մենք այս երեք նախագահների ինստիտուտների ժամանակ չենք կարողացել իրականացնել պետական կառավարում, կամ հանրային շահ չենք սպասարկել։ Ո՛չ գիտական, ո՛չ գործնական և ո՛չ էլ պրակտիկ մակարդակում չենք իրականացնել որևէ բան։ Ռազմավարական առումով սպասարկել ենք հանրային և պետական շահ, այլ ոչ թե խմբային շահ։ Այդ երկխոսությունները քաղաքական կատեգորիա չեն, և փաստը նա է, որ ունենք օկուպացված տարածքներ, և դա, բնականաբար, միայն վերջին իշխանության խնդիրը չէ, որովհետև այս իշխանությունը երեք նախագահների կառավարման հետևանքով ձևավորված իշխանությունն է։ Այսինքն՝ այդ երեք ինստիտուտների ապաշնորհ կառավարման հետևանքով հասարակության մեջ ձևավորվեցին այնպիսի պահանջմունքներ, որ գերակայությունը տվեց այս իշխանությանը, որն էլ իր հերթին լեգիտիմացրեց արտաքին թշնամու վերածումը՝ ասելով, որ մենք չունենք արտաքին թշնամի, այլ ունենք ներքին թշնամի։ Այս գաղափարը լեգիտիմացրեց ժողովուրդը, որովհետև երեսուն տարիների կառավարման հետևանքով ձևավորվել էր ժողովրդի մոտ հենց այդ գիտակցումը։ Մենք պետք է հասկանանք, որ ապագայի համար ավելի կենսունակ պետք է դառնանք։
- Եվ վերջում, արդյո՞ք խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմությունը հասկացել էր իր սխալները, արդյո՞ք այս պատերազմը, ու դրա հետևանքով առաջացած իրավիճակը դաս եղավ մեր քաղաքական էլիտայի համար, թե՞ դիտարկելով խորհրդարանում աշխատանքները, հայտարարությունները, քննարկումները՝ ձեզ մոտ այլ տպավորություն է։
- Նույնիսկ մեր նախկին իշխանությունները որևէ ձև չեն ապաշխարել, որևիցե կերպ չեն ասել, որ սխալ են եղել։ Նրանք այնպիսի սխալներ են մեջբերել, որոնք անուղղակի կերպով հերոսացնում են հենց իրենց։ Իսկ այս իշխանությունը, որը չունի հայկական օրակարգ և չի՛ կարողանում սպասարկել անվտանգություն ՀՀ-ում և արտաքին թշնամիներին փոխել են ներքին թշնամիով՝ իրենց վատ կառավարման հետևանքն է։ Նրանք ունակ չեն պատկերացնել անվտանգության օրակարգի մասին։ Այն, որ հերիք չէ պատկերացում չունեն, մի բան էլ ինքնին հենց անվտանգության սպառնալիք են ՀՀ- ի համար, ու իրենց միակ խնդիրը իշխանության պահպանումն է։
Քնարիկ Պետրոսյան