Միտք 4 տարի առաջ - 16:20 11-10-2021

Աշխարհը, գազի գինը և մենք․ մաս 1․ ի՞նչ է սպասվում Եվրոպային

Ապրիլից գազի գինը Եվրոպայում աճում է գրեթե երկրաչափական պրոգրեսիայով․ միայն օգոստոսից այն թանկացել է գրեթե 2,5 անգամ։

Եվրոպայում գազի գինը սկսեց աճել ապրիլից։ Մինչև այդ գազի գինը չէր գերազանցել 1000 խորանարդ մետրի համար 250 դոլարը։ Հունիսի կեսերից գազի գինը բարձրացավ մինչև 350 դոլար, օգոստոսի սկզբին հասավ 500-ի, իսկ հաջորդ ամսվանից բարձրացավ ավելի քան երկուսուկես անգամ։

Սեպտեմբերի վերջին գազի գինը հատեղ 1000 դոլարի սահմանը, հաստատվեց այդ նիշի վրա և այլևս չիջավ։ Ամեն օր կապույտ վառելիքի գինը հին մայրցամաքում նոր ռեկորդ էր սահմանում։ Ամենաբարձր նիշը գրանցվեց հոկտեմբերի 6-ի առավոտյան՝ 1969 դոլար։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան պատրաստ է շուկայի կարգավորման համար միջոցներ ձեռնարկել, իսկ «Գազպրոմը», որն ապահովում է ԵՄ-ի կարիքների ավելի քան 1/3-ը, նախատեսում է 2021-ին դեպի Եվրոպա մատակարարումների նոր ռեկորդ սահմանել, ազդեց գազի գնի վրա․ այն իջավ 600 դոլարով ու այլևս կտրուկ չբարձրացավ։ Հոկտեմբերի 8-ից առ այսօրգազի գինը 1200 դոլար է։

Գազի գնաճին նպաստում են միանգամից մի քանի գործոններ․ դրանցից մեկը Ռուսաստանի գործողություններն են։

Փորձագետները մի քանի պատճառ են նշում, որոնք ազդել են գների կտրուկ աճի վրա։ Վերջին տարում Եվրոպայում էներգառեսուրսների պահանջարկը հասել է պատմական մաքսիմումին վերջին 25 տարվա ընթացքում։ Պատճառներից մեկն անցած տարվա՝ Եվրոպայի համար անսովոր ու խիստ ձմեռն էր, ինչի պատճառով գազի ստորգետնյա պահուստները հասել են վերջին 10 տարվա մինիմումին։ Եվրոպական տնտեսությունն ընդհանուր առմամբ արագ է վերականգնվում համաճարակից հետո, ինչն էլ հանգեցնում է մատակարարումների աճի։

Եվրոպական շուկայի դիսբալանսը, իհարկե, կարող էր մասնակիորեն հարթվել հեղուկ գազի մատակարարման ծավալի ավելացմամբ, սակայն այն ուղղվել է դեպի Ասիա, որտեղ նույնպես կտրուկ ավելացել է մատակարարման պահանջարկը։

Սակայն անկախ այս ամենից՝ մեծ խնդիրներ է ստեղծում նաև ԵՄ-ի՝ գազային շուկան կարգավորելու համակարգը։ Այն չափազանց բարդ է ու բյուրոկրատացված։

Ռուսաստանն էլ իր հերթին ի վիճակի չգտնվեց կտրուկ բարձրացնելու մատակարարման ծավալը, որը մի քանի անգամ գերազանցում էր նախապես պայմանավորվածությունը։ Դրա վրա մեծամասամբ ազդել էր նաև օգոստոսի սկզբին Նոր Ուրենգոյում տեղի ունեցած վթարը։ Որոշ եվրոպական քաղաքական գործիչներ կարծում են, որ Ռուսաստանը կարող էր այդ վթարը դիտմամբ կազմակերպել, որպեսզի կարողանա պահպանել բարձր գինը։

Բացի դրանից՝ դեռ հստակություն չկա, թե երբ վերջապես կգործարկվի «Հյուսիսային հոսք-2»-ը։ Որոշ շրջանակներ ենթադրում են, որ «Գազպրոմ»-ը կօգտագործի այս հնարավորությունը՝ գազատարի եվրոպական գործարկման օգտին լոբբիի համար։ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալլիվանն ուղիղ հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է օգտագործել էներգետիկ ռեսուրսները՝ որպես քաղաքական զենք։

Ի պատասխան՝ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ Ռուսատսանն անգամ ամենածանր ժամանակներում չի դադարեցրել մատակարարումները։

Եվրոպայում թանկանում է էլեկտրաէներգիան, մթերքները՝ նույնպես

Եվրոպայի բնակիչների համար գազի գնի բարձրացումը սպառնում է կոմունալ վճարների կտրուկ բարձրացմամբ, ընդ որում ոչ միայն գազի, այլ նաև էլեկտրականության։ ԵՄ-ի էլեկտրակայանների 20 տոկոսը աշխատում է հենց գազով։

Գազի գնի բարձրացումը կհանգեցնի նաև արտադրության գների բարձրացմանը։ Գազն օգտագործում են հիմնականում ազոտային հիմքով պարարտանյութերի արտադրության մեջ, և շատ ընկերություններ արդեն ստիպված են եղել կանգնեցնել արտադրությունը։ Սա անխուսափելիորեն կանդրադառնա նաև գյուղատնտեսական ապրանքների գների վրա։ Կթանկանան նաև այն մթերքները, որոնց արտադրության մեջ օգտագործվում են գյուղատնտեսական կամ ազոտային հիմքով պարարտանյութերի արտադրությունից առաջացած այլ հավելումներ։

Բացի դրանից՝ գազի գնի բարձրացումը ստիպում է շատ արտադրողների անցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների, ինչպիսիք են ածուխն ու նավթը։ Դա էլ իր հերթին բարձրացնում է նաև այդ էներգակիրների գները։ Եվրոպան կարծես հայտնվում է փակ շղթայի մեջ։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում