Երևան +27°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:16 04-10-2021

Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով մեկնարկեց կինոյի տոնը՝ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը

Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմի ցուցադրությամբ հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Երևանի ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ մի շարք դժվարություններից հետո Հայաստանում նորից փառատոն կազմակերպելն ու համաշխարհային հյուրերի հրավիրելը լուրջ իրադարձություն է: «Աշխարհի լավագույն ֆիլմերն ենք բերել Հայաստան: Կարծես թե մի ժամանակ վախ կար, որ Հայաստանում ամեն ինչ կործանվում է, որ մեր երկրում ամեն ինչ դժվար է, որ այստեղ շատ են խնդիրները, բայց ամեն մեկն իր հերթին պետք այնպես անի, որ մարդիկ պատմեն աշխարհին, որ Հայաստանն ուժեղ է, հզոր է, ապրում է, ունի զինվոր, ունի բանվոր, աշխատավոր և կինո, որը հետաքրքրում է աշխարհի լավագույն ռեժիսորներին, կինեմատոգրաֆիստներին: Լավագույններն են եկել այստեղ, որ շնորհակալություն հայտնեն հրավերի համար»,- շեշտեց Հարություն Խաչատրյանը:

Նա «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնեց ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերին, որը, ըստ Խաչատրյանի, ոչ միայն փայլուն ռեժիսոր է, այլև հրաշալի սցենարիստ, հումորով մարդ, որի հետ կինոյից դուրս էլ կարելի է ընկերություն անել:

Մրցանակը հանձնելուց հետո Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց փառատոնի համահիմնադիրներ Միքայել Ստամբոլցյանին ու Սուսաննա Հարությունյանին, և երեքով ազդարարեցին «Ոսկե ծիրանի» մեկնարկը:

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ անդրադարձավ բացման ֆիլմին՝ նշելով, որ փնտրում էին այնպիսի կինոնկար, որում ակնհայտ կլիներ անսահման սերը կինոյի հանդեպ, որը նամակ, սիրո խոստովանություն կլիներ կինոյին և կունենար հետպատերազմական նյարդ: «Փնտրում էինք ֆիլմ, որն ունենար ինչ-որ մի բան, որը մեզ հանգիստ չի տալիս, և մի բան, որը հանգիստ չի տալիս այն արվեստագետին, որին մենք այսօր կոչելու ենք վարպետ, քանի որ համոզված ենք՝ վարպետն այն մարդն է, որը հաղթահարում է և օգնում է, որ մենք ևս հաղթահարենք, կոտրում է սահմաններն ու դռներ բացում»,-շեշտեց Ավետիսյանը՝ բեմ հրավիրելով իսրայելցի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող Նադավ Լապիդին, որին հանձնեց «Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը: Լապիդի խոսքով՝ նման մրցանակի արժանանալն իր համար հաճելի անակնկալ էր: «Չափազանց ուրախ եմ, որ Երևանում եմ: Երրորդ տարին է՝ փորձում էի գալ Հայաստան. 2019-ին իմ «Հոմանիշներ» ֆիլմն էր ցուցադրվում «Ոսկե ծիրանի» շրջանակում: Այդ տարի ֆիլմի ամերիկյան թողարկումն էր, այդ իսկ պատճառով հայրս մասնակցեց փառատոնին, իսկ 2020-ին «Ոսկե ծիրանն» առցանց էր արտասահմանցի հյուրերի համար: Վերջապես այստեղ եմ ու երջանիկ եմ այդ կապակցությամբ»,- պատմեց Լապիդը:

Ռեժիսորը շեշտեց, որ իր ֆիլմերը խոսում են հետպատերազմական փուլերի, դաժանության, վայրագությունների մասին: ««Ահեդի ծունկը» ֆիլմում այդ ամենն առօրյայի մի մաս է: Ես չեմ ցանկանում, որ նման բանն այստեղ դառնա առօրյա երևույթ: Հուսով եմ, որ մեզ կմիավորեն ոչ թե կոնֆլիկտենրը, այլ սերը դեպի կինոն»,-եզրափակեց Լապիդը:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել աշխարհի տարբեր մասերում նկարահանված ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմներին՝ հանդիսատեսին օգնելով խորհել տարբեր իրողությունների շուրջ, իսկ միջազգային ճանաչում վայելող կինոգործիչները, որոնք ժամանել են Հայաստան, վարպետության դասեր կանցկացնեն:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»
13:11 Ջրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինը. shamshyan.com
22:05 Ո՛չ գազ ունինք, ո՛չ ջուր, աթար կվառենք. Տայգայում երևի մեզնից լավ պայմաններում կապրին. Ջրառատի բնակիչ