Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը տղամարդկանց արգելել է մորուքները սափրել և վարսավիրանոցներ այցելել՝ դա բացատրելով իսլամի նորմերի պահանջներով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ տեղական Ettelaat պարբերականին հղումով:
Սահմանափակումներն ուժի մեջ են մտել հարավային Հիլմենդ նահանգում, սակայն դրանք կգործեն ամբողջ Աֆղանստանում: Հիլմենդում արգելված է նաև երաժշտությունը:
Որոշումները թալիբներն ընդունել են կանանց գործերի նախարարության փոխարեն վերջերս ստեղծված իսլամական կոչի, կողմնորոշման, բարու գերակայության և դատապարտելիի արգելքի նախարարության հատուկ նիստի ժամանակ:
Մինչ այդ, տեղական լրատվամիջոցները գրում էին Աֆղանստանում մեծ թվով գեղեցկության սրահների ու վարսավիրանոցների փակման մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլի տնտեսության համակարգի կին աշխատողներին արգելվել է աշխատանքի գնալ: