Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:28 21-09-2021

Այդ ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի խոր շրջափակման. Սեյրան Օհանյան

«Այսօր թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անում է, որ Սյունիքում իրոք միջանցք լինի»,- այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ րույցում զասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Ըստ նրա՝ խոսվում ճանապարհների ապաշրջափակման մասին, բայց այդ ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի խոր շրջափակման՝ և՛ տնտեսական, և՛ ժողովրդագրական հարցերում։

«Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն օր մի նոր սադրանք է կազմակերպում, մխրճվել է մեր երկրի տարածք, և մեր երկրի իշխանություններն ի վիճակի չեն որևէ հարց լուծել։ Ավելին, կարծում եմ ներքին պայմանավորվածություններ ունեն և գնում են դեպի ադրբեջանական խաղաղության թեզի խաբկանք՝ չհասկանալով, որ առանց որևէ պայմանի, առանց պայմանագրի, իրավապայմանագրային հենքի, առանց լուրջ ուսումնասիրությունների, մենք չենք կարող գնալ այդ խաղաղության։ Եվ այս պահին խոսել ինքնիշխան պետության մասին մի քիչ դժվար է, բայց կարծում եմ՝ մենք նաև պետք է շեշտենք՝ պատմության որ պահն է եղել, որ մենք այսպես դժվարությունների մեջ չենք եղել։ Միշտ էլ մեզ հարվածել են, մենք փորձել ենք վերականգնվել։ Եվ այսօրվա իրականության մեջ նույնպես պետք է փորձենք վերականգնվել։ Բայց այսօր այս իշխանությունների հետ հույս կապել մի քիչ դժվար է»,- նշեց Օհանյանը։

Նրա դիտարկմամբ՝ լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ սահմանազատման ու սահմանագծման համար հենք է ստեղծվում։ «Բայց դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար առաջին պայմանը խաղաղության պայմանագիրն է։ Եթե չկա այդ խաղաղության պայմանագիրը, այդ իրավական հենքը, ապա խոսել դրա մասին, ժամանակավրեպ է։ Մենք ժամանակին ասում էինք, որ չպետք է թույլ տանք մեր սահմաններին կարևոր ռազմավարական կետերում՝ ճանապարհներ, բարձունքներ, հայտնվեն ադրբեջանցիները, որովհետև հետագայում շատ դժվար է լինելու իրական սահմանազատման ժամանակ նրանց այդտեղից դուրս շպրտել»։

Սեյրան Օհանյանը հավելեց՝ եթե խոսում ենք խաղաղության մասին, դա նշանակում է, որ պետք է խոսք գնա երկու կողմերի տարածքային ամբողջականության մասին. «Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, նշանակում է մեծ հարված Արցախին: Դրա համար եմ ասում՝ այս պահին մենք չունենք այդ հենքը՝ գնալ ժամանակավրեպ սահմանազատման և սահմանագծման»։