-
Խոսք 2 տարի առաջ - 11:28 21-09-2021

Ադրբեջանն անում է այն, ինչ մենք չարեցինք պատերազմի ընթացքում. քաղաքագետ

Ադրբեջանի՝ ՀՀ –ի դեմ վարած քաղաքականության, հաշտության պայմանագրի կնքման, ՀՀ –ՌԴ հարաբերությունների և ստեղծված իրավիճակում ՀՀ հետագա անելիքների մասին Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։

Ադրբեջանը շատ լավ, կարելի է նույնիսկ ասել իդեալական պատկերացնում է, թե մենք ինչ իրավիճակում ենք գտնվում և մինչև հաշտության պայմանագրի կնքումը, որի համար, ի դեպ, Ադրբեջանը չի շտապում, ինչքան ցանկանա, այնքան զիջումներ է կորզելու Հայաստանից։ Թուրքերն այն էթնոսն են, որոնք երբևիցե որևէ գործողություն չեն ցանկանում անել, եթե գիտեն, որ ունեն գերակայություն։

Եթե մենք մնանք այս իրավիճակում, ապա խաղաղություն երբևիցե չի լինելու, ու տարբեր ուղղություններով նրանց կողմից առաջխաղացում միշտ էլ լինելու է։ Օրինակ Երասխը, որը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային նախագծի, որի մասին խոսում էին և՛ իրանցիները և՛ Իրանում Հնդկաստանի դեսպանը, առանցքային կետերից մեկն է, ու Ադրբեջանն այս հատվածում լարվածություն է ստեղծում, որպեսզի Հայաստանը կոմունիկացիոն որևէ ծրագրի մեջ չմտնի՝ ցույց տալով, որ եթե այս հատվածով պետք է հնարավոր ճանապարհ անցնի, ապա, ըստ էության, դա անվտանգ չէ ու երբևիցե դա չի կարող գործարկվել։

Ըստ էության՝ Ադրբեջանն անում է այն, ինչ մենք չարեցինք պատերազմի ընթացքում։ Հիշում ենք, որ պատերազմի ժամանակ «Թանափ»-ը պետք է գործարկվեր, որի միջոցով Եվրոպային պետք է գազ մատակարարվեր ու դա էականորեն կնվազեցներ կախումը Ռուսաստանից, ու մենք գոնե մեկ կրակոց չուղարկեցինք այդ ուղղությամբ՝ փորձելով ցույց տալ, որ այդ ծրագիրն անվտանգ չէ ու ցանկացած պահի կարող է այդտեղ խնդիրներ առաջանալ։ Հիմա Ադրբեջանը ցույց է տալիս, որ այստեղ որևիցե բան տեղի ունենալ չի կարող, բայց եթե ինչ-որ բան էլ տեղի ունենա, ապա միայն ու միայն իր մասնակցությամբ ու վերահսկողությամբ։

Ըստ քաղաքագետի, մենք ինչքան էլ որ հիմա խոսում ենք ճանապարհների ապաշրջապակման մասին, այնուամենայնիվ, Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է ՀՀ-ին հիմնովին մեկուսացնելուն և ոչ միայն արտաքին աշխարհից, այլ նաև իր իսկ սեփական շրջաններից։ Օրինակ՝ մենք գիտենք Ադրբեջանի՝ Տիգրանաշենի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, որով, ըստ էության, մենք կտրվում ենք Վայոց ձորից և Սյունիքից։ Կատարվածը պետք է դիտարկենք նաև այս համատեքստում։ Բացի դրանից, մեկ այլ հանգամանք էլ կա, որ որևէ բանակցությունից առաջ՝ հատկապես ԵՄ-ի ներգրավածության, մշտապես լարվածությունն ավելի է սրվում։

Անդրադառնալով հաշտության պայմանագրին՝ ասաց «Մենք չարաչար սխալվում ենք, եթե մտածում ենք, որ Ադրբեջանն իր հաղթանակն ամրագրելու է հաշտության պայմանագրով կամ ավելի մեծ առաջխաղացում ապահովելով։ Իրենց ռազմավարություններում որևիցե կերպ նշված չէ, որ Հայաստանի լինելիությունն իրենց պետք է, այսինքն՝ այս տարածքում Հայաստանի լինելիությունը երբեք չի մտնում իրենց պլանների մեջ ու դա արտացոլված է իրենց ռազմավարության մեջ։ Հետևաբար, եթե մենք խոսում ենք կարճաժամկետ ծրագրերի մասին, ապա կարող ենք ասել այս, այս տարածքներում ևս առաջխաղացում կունենան և հետո կանգ կառնեն, բայց մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանը երբևիցե իրենց պլաների մեջ չի մտնում, և քանի դեռ մենք պարտված վիճակով հաշտություն ենք աղերսում, մենք ամեն ինչ կկորցնենք։ Մենք չենք կարող մեր հակամարտությունը նույնականացնել եվրոպական այլ հակամարտությունների հետ ու ասել, որ մենք կարող ենք մեր հարևանների հետ խաղաղ գոյակցել։ Իհարկե, կարող ենք, սակայն 2 դար հետո, երբ 4 սերունդ կփոխվի, սակայն հիմա դա հեքիաթների ժանրից է։ Այնտեղ այնպիսի սերունդ է մեծանում, որը նույնիսկ դասագրքերում կարդում է, որ հայերն իրենց էքզիստենցիալ թշնամին են ու պետք է վերացվեն։ Մեր պարագայում խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ այդ խաղաղություն պարտադրողը մենք լինենք։ ԱնդրադառնալովՌԴ-ի գործելաոճին , ասաց. «Մենք շատ ժամանակ սխալվում ենք՝ կարծելով, որ ռուսները միտումնավոր զիջում են հայկական շահը։ Նախ՝ որևիցե պետություն երբեք մեկ այլ պետության շահն ուղղակի, հենց այնպես չի պահում ու նույնը ՌԴ-ն է։ Այս պարագայում մեր շահերն ինչ-որ չափով համընկնում են իրենց շահերի հետ, սակայն մենք այստեղ ունենք մեկ այլ իրավիճակ․ ՌԴ-ն այլևս ի վիճակի չէ ուղղակի պարտադրել իր մերձավորների շահերը։ՌԴ-ն այսօր բավականին թույլ է ու դրա պատճառով չի կարողանում պաշտպանել իր իսկ սեփական շահերը։ Չպետք է մոռանանք, որ ՌԴ-ն 7 տարբեր կետերում Թուրքիայի հետ ունի խնդիրներ, սակայն չունի ռեսուրս դիմակայելու։ Սա միայն Թուրքիայի հետ։ Գալու էր մի պահ, որ այս կետերում ՌԴ-ն գնալու էր որոշակի զիջումների։ Նման զիջումներ եղավ Հայաստանի պարագայում, սակայն Հայաստանը ՌԴ-ի համար կարմիր գիծ էր ու հիմա էլ այդ գիծը պահպանվում է, ուղղակի ՌԴ-ն գծի որոշակի տեղաշարժեր է արել ու դա արտահայտվում է Արցախի մի մասի Ադրբեջանի կողմից օկուպացիայով, Սյունիքի դեպքերով, հիմիկվա դեպքերով և այլն։ ՌԴ-ն հիմա շատ խոցելի է ու հիմա ՌԴ-ի հետ տեղի են ունենում այնպիսի գործընթանցներ, որոնք տեղի էին ունենում ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ։ Սա չափազանց կարևոր գործոն է։

Մեր այն հարցին, որ ստեղծված իրավիճակում Հայաստանն ի՞նչ պե-տք է անի, և արդյո՞ք մենք կարող ենք որևէ կերպ այս ամենին դիմագրավել՝ ասաց.«Մենք ոչ թե կարող ենք, այլ ուղղակի այլ տարբերակ չունենք։ Հայաստանի պետական քաղաքականության անվտանգային բաղադրիչը փոփոխության է գնում։ Եթե մենք ժամանակին ասում էինք, որ մեր անվտանգային բաղադրիչը ՌԴ-ն է, հիմա մենք ուզում ենք հրաժարվել այդ տեսլականից ու կարգավորել մեր հարաբերությունները թուրքերի և ադրբեջանցիների հետ։ Եթե կարգավորենք, ապա ստացվում է, որ մեր անվտանգային հարցերը լուծվում են, քանի որ մեր խնդիրներն իրենց հետ է։

Առաջին հերթին պետք է վերջ դրվի այս քաղաքականությանը։ ՀՀ-ն այս պահին չպետք է գնա ու փորձի անձամբ կարգավորել այդ երկրների հետ հարաբերությունները, քանի որ մենք տեսնում ենք, թե նրանք ինչ մտադրություններ ու ծրագրեր ունեն։ Շուշիի համաձայնագրից հետո, երբ նրանք, ըստ էության, հիմք դրեցին դաշնային պետության ձևավորման համար ու արդեն փաստացի նրանց նպատակները նույնական դարձան, նրանք որևէ կերպ չեն թաքցնում իրենց նկրտումները, հետևաբար անվտանգության ապահովման այս կոնցեպտն ամբողջությամբ պետք է փոփոխվի։Բացի դրանից, մենք պետք է մեր բոլոր միջոցները ներդնենք բանակաշինության մեջ, սակայն իշխանություններն այսօր ամբողջությամբ հակառակն են անում՝ օպտիմալացման քողի տակ հիմնականում կազմաքանդում են բանակը։ Այս ամենից զատ մենք պետք է վերականգնենք նաև պետական ինստիտուտները, քանի որ այս պահին որպես այդպիսին գործում են միայն Կենտրոնական բանկն ու ՄԻՊ-ը։ Մեր սուվերենությունը կարող ենք վերականգնել միայն մենք, եթե վերականգնենք մեր պետական ինստիտուտները։