Երևան +12°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:32 20-09-2021

Թուրքական բարձր գրականություն․ Շաֆաքի «10 րոպե 38 վայրկյանը»

Թուրքական ծագմամբ բրիտանացի մտավորական Էլիֆ Շաֆաքն օրեր առաջ՝ սեպտեմբերի 14-ին, հայտնեց, որ արժանացել է հերթական բարձր գնահատականին՝ ստանալով Հալլդոր Լաքսնեսսի անվան միջազգային գրական մրցանակը։ Այս պարգևը, որը հեղինակներին շնորհվում է համաշխարհային գրականության նորարարական լուծումների հարցում ունեցած նշանակալի ավանդի համար, Շաֆաքին անձամբ հանձնել է Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրը։ Շաֆաքը, հայտնելով իր երախտագիտության խոսքը, ընդունելությունից հետո անդրադարձել է կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանը՝ կարևորելով այն ուժեղ կանանց, ովքեր հավատում են մշակույթին, արվեստին ու գրականությանը։ Լինելով ֆեմինիստ-արձակագիր և քաղաքագետ-ակադեմիկոս՝ Շաֆաքն ընդօրինակել է եվրոպական արժեքներն ու աշխարհըմբռնումը՝ ստեղծելով ինքնատիպ ու յուրօրինակ գրականություն, որն, ըստ ժամանակի առաջատար գրաքննադատների հավաքական կարծիքի, բարձր գրականություն է՝ օժտված ազգային նկարագրով ու համամարդկային ասելիքով, որտեղ խաչվում են ոչ միայն Թուրքիան և Արևմուտքը, այլև Թուրքիայի ներքին Արևմուտքի (ազատականներ) ու Արևելքի (պահպանողականներ) չնահանջող դիսկուրսը։ Այն, թե ինչպես է Թուրքիային հաջողվել դուրս գալ մշակութային կրկնօրինակման ճահճից՝ աշխարհին ներկայանալով նոր ուղերձներով՝ թեկուզև վտարանդի մտավորականի արձակով, և այն, թե որն է թուրք մտածողի ուրույն, և մյուսներից տարբեր արվեստը, կենտրոնական տեղ է զբաղեցնում թուրքագետ-մշակութաբանների հետազոտական հետաքրքրությունների տիրույթում, քանի որ Թուրքիայի մշակութային կերպափոխումներն անցել են դարավոր ճանապարհ, սակայն նույնականացնող ձեռագիր ձեռք են բերել միայն 1990-ականներից սկսած։

Օսմանյան Կայսրության ձևավորման ժամանակաշրջանում թուրքական մշակույթն ու գրական ավանդույթներն էապես զիջել են տարածաշրջանի բնիկ ժողովուրդների քաղաքակրթական ժառանգությանը, ուստի զարմանալի չէ, որ թուրքերը ոչ միայն արագորեն յուրացրել են արաբերենի և պարսկերենի բառամթերքն ու լեզվաոճական կառույցները՝ ստեղծելով նոր լեզու՝ օսմաներեն, այլև կրկնօրինակել են գրական ժանրերը, տաղաչափությունը, հարֆագիր գեղագրությունը, պարը, հոգևոր երաժշտությունն ու արևելյան ճարտարապետությունը։ Ընդ որում, Օսմանյան Կայսրությունում թուրքերի՝ հայերի և հույների, իսկ առավել շատ՝ պարսիկների և արաբների հետ ձևավորված մշակութային սերտ փոխառնչակցությունները դուրս են եկել արվեստի և մշակույթի սահմաններից՝ տարածվելով տարազի, տոների ու խոհանոցի վրա։ Չապրելով և չանցնելով Վերածննդի, Լուսավորության և արդյունաբերական հեղաշրջման ու իրավունքի պայքարի փուլերով՝ ուշ միջնադարում հասարաքաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային անխտիր բոլոր ոլորտներում մուսուլմանական Արևելքը սկսել է էապես զիջել Արևմուտքին՝ դառնալով Արևմտյան Եվրոպայում ստեղծված արժեքների և արտադրանքի շարքային ներկրող։

Թուրքիան, լինելով Արևելքի մաս, անմասն չի մնացել աշխարհաքաղաքական նոր զարգացումներից։ Արաբական և իրանական սոցիալ-մշակութային հուժկու ազդեցությանը փոխարինելու է գալիս ֆրանսիականը՝ առավել ընդգծված դիմագիծ ստանալով Հանրապետության հիմնադրման և քեմալական բարեփոխումների տարիներին։ Ինչպես օսմանյան դարաշրջանում, այնպես էլ հետհանրապետական տարիներին, թուրքական մշակույթը, միաձուլելով հայրենական մտածողությունն ու փոխառած ավանդույթների հսկայական պաշարը, այդպես էլ չի կարողանում ստեղծել ուրույն, տարբերվող կամ գործող արժեհամակարգերին հակադրվող արտադրանք։ Սակայն իրադրությունը շեշտակի փոփոխությունների է ենթարկվում 1990-ականներին, երբ Խորհրդային Միության փլուզմանն ու ծերացող Եվրոպայի մշակութային վակուումին զուգահեռ ազգային բազմամշակույթ ինքնագիտակցությունը որպես առավելություն դիտարկած Թուրքիան խորապես սկսում է գիտակցել տարածաշրջանում իր բացառիկ տեղն ու դերը ոչ միայն իր, այլև դաշնակից Արևմուտքի համար՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, արտասահմանյան կապիտալի ներդրման գրավիչ առաջարկների, բարձրորակ բժշկության և առողջապահության, համընդգրկուն հանգստի և զբոսաշրջության, բյուրոկրատական քաշքշուկների վերացման, ինչպես նաև ֆիլմարտադրության և գրականության ոլորտներում դառնալով կայուն զարգացող և օրինակ թելադրող պետության մոդել։

Այսօր գրականության բնագավառում Թուրքիայի մշակութային և սոցիալ-աշխարհայացքային ձեռքբերումներն առավելապես դրսևորվում են հետմոդեռնիստական արձակում՝ շնորհիվ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի և Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշանի դափնեկիր Էլիֆ Շաֆաքի։ Շաֆաքն աշխարհին առավելապես հայտնի է իր «Ստամբուլի ընկեցիկը» վեպով, որտեղ անդրադառնում է Օսմանյան պետության ամենաամոթալի էջին՝ Հայոց ցեղասպանության թեմատիկային, սակայն մասնագետների կարծիքով՝ հեղինակի գլուխգործոցը «Սերը» վեպն է՝ նվիրված միջնադարյան պոետ Մեվլյանա Ջելյալէդդին Ռումիին ու իսլամական կրոնափիլիսոփայական միստիցիզմին՝ սուֆիզմին։ Կնոջ ազատագրման և Թուրքիայում Արևելք-Արևմուտք հակամարտության լավագույն համադրումն ամփոփվել է գրողի «10 րոպե 38 վայրկյան» վեպում՝ դառնալով համաշխարհային բեսթսելլեր։

Շաֆաքի այս ստեղծագործության գույնը շագանակագույնն է՝ հողի, հետևապես՝ մատերիալիստական աշխարհի խորհրդանիշը։ Սա բխում է Շաֆաքի գաղափարաբանական այն ընկալումներից, որ կանանց իրավունքի և, առհասարակ, իրավահավասարության հարցը նյութական և կենցաղային արմատներ ունի՝ զուրկ հոգևոր-բարոյական բովանդակությունից։ Վեպի հերոս կանանցից մեկն իսլամական ծիսակարգով մզկիթում ամուսնանում է իրենից տարիքով մեծ տղամարդու հետ։ Եվ միակ բանը, որը դաջվում է հերոսուհի հիշողության մեջ, իմամի շագանակագույն գուլպաներն էին, որը տեսել էր իսլամական գլխաշորով գլուխը կախ օրհնանքը լսելիս։ Ամուսնական առաջին գիշերից հետո հերոսուհին խնձոր էր կծել, որն առավոտյան շագանակագույն երանգ էր ստացել՝ հիշեցնելով իմամի շագանակագույն գուլպաները։ Խնձորն ու իմամի գուլպաները՝ որպես հոգևորի, նյութականի և պատրիարխալ կացութաձևի սիմվոլիկա՝ վերածվում է շագանակագույնի՝ բարձրաձայնելով մատերիալիստական աշխարհի այն բացերը, որոնք չեն կարող նկարագրել շագանակագույնի շաֆաքյան մյուս ատրիբուտները՝ դարչինը կամ սուրճը՝ իրենց սուր բույրերով։

Արևմուտքի և Արևելքի բախումը ներկայացվում է շագանակագույնը կրող մյուս ատրիբուտների՝ գերեզմանի և փախլավայի միջոցով։ Ըստ հեղինակի՝ թուրքերը պահպանողական են՝ կառչած արմատներից, դրա համար էլ պապերին թաղում են իրենց բնակության վայրերին հնարավորինս մոտ, որ մշտապես հիշեն ու երկրպագեն, կարևորեն ու ընդօրինակեն։ Նրանց մոտ են թաղում, որ կարողանան ամեն պատեհ առիթի տեսակցել, մինչդեռ եվրոպացին գերեզմանները տարել է արվարձան կամ քաղաքից դուրս՝ իրեն հիշեցնելով, որ կյանքը շարունակվում է և ապրել է պետք։ Չտեսնելով գերեզման՝ եվրոպացին չի մտածում մահվան մասին, արժեք է ստեղծում ու դյուրացնում իր կյանքը։ Գերեզմանի մասին երկխոսությունն ուղեկցվում է փախլավայի համտեսով, որը ևս շագանակագույն է և հողի պես շերտեր ունի։ Հերոսներից մեկը զրույցի ընթացքում համտեսելով փախլավան՝ ծամում և մարտահրավեր է նետում գերեզմանի ավանդույթին։ Բայց Շաֆաքը ոչ թե ուտում է թուրքական պահպանողականությունը, այլ անզորությունից բարձրաձայնում է սոցիալական համակարգային անարդարությունը։ Փախլավան, որը թուրքական ազգային խոհանոցի քաղցրվենիք է, բաժանվում է մանր և հավասար կտորների և հետո միայն մատուցվում համտեսի, մինչդեռ թուրքական գերեզմանները տարբերվում են իրենց չափով ու ձևով, իրենց ննջեցյալներով ու այցելուներով։ Մահից հետո անգամ հավասար չլինելու թուրքական ողբերգությունը Շաֆաքը պատկերում է փախլավայի և Անհայտ անձանց ստամբուլյան գերեզմանի (թուրքերեն՝ Kimsesizler mezarlığı) համեմատական ալեգորիայով՝ պնդելով, որ սոցիալական հնարավորությունների հավասարությունը պետք է դառնա գերակա, իսկ արժանապատիվ մահը՝ անհետաձգելի անհրաժեշտություն։

Գրականության այս բարձր դրսևորումների շնորհիվ է Շաֆաքը գրավել արևմտյան ընթերցողին՝ դառնալով իրականությունն անկողմնակալ վերարտադրող հետմոդեռնիստական միջտեքստայնության, սկեպտիցիստական ապարատի և լեզվաոճական բարձ համադրությունների վարպետ։ Ամենևին զարմանալի չէ, որ պահանջված է ոչ միայն գրող-Շաֆաքի արձակը, այլև ինֆլյուենսեր-Շաֆաքի հրապարակախոսությունն ու ակտիվիզմը՝ հանուն իրավապաշտպանության ու խտրականության բոլոր ձևերի վերացման։