Ուղիղ եթեր
Մեղքս մենք ենք գալիս, մեկ էլ էն Ավստրիան․․․
copy image url

Մեղքս մենք ենք գալիս, մեկ էլ էն Ավստրիան․․․

Ներքին 3 տարի առաջ - 15:49 15-09-2021

Աշխարհում տեղի են ունենում տեկտոնական շարժեր, որոնք ուղղակի փոխկապակցված են Հայաստանում տեղի ունեցողի հետ, իսկ մենք այդ ամենից մոտավոր գաղափար անգամ չունենք։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանն աշխարհի հետ կապ չունեցող ինչ-որ առանձին միավոր է, որի ներսում կատարվելիքը կապ չունի աշխարհի հետ, աշխարհինն էլ՝ իր հետ։ Այնուամենայնիվ, մեր չիմացությունը մեզ չի փրկում այդ հսկայական ալիքի հորձանուտում հայտնվելուց։ Ու եթե դու չգիտես՝ ինչպես վարվել նման պայմաններում, հոգ չէ, ուրիշները քեզ հետ վարվելու իրենց հարմար ձևերը կգտնեն։

Այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, դա մեր քթի տակ կատարվողի տրամաբանական շարունակությունն է։

Ընդամենը հարկավոր է ճիշտ հերթականությամբ շարադրել փաստերը։

Դեռ օգոստոսի սկզբին սկսվել էր Եվրոպա-Ռուսաստան գազային հակամարտությունը։ Դատական պրոցեսներ, ճգնաժամ և այլն։ Այդ ընթացքում Սյունիքում իրավիճակը սկսեց սրվել։

Արդեն օգոստոսի 28-ին Գազպրոմը դադարեցրեց գազի վաճառքը Եվրոպային, ընդ որում՝ այդ ամենն արվեց կայծակնային արագությամբ։ Գերմանական դատարանի որոշումից ընդամենը մեկ ժամ անց՝ ռուսական կապույտ վառելիքը, որն արևմուտք էր հասնում «Հյուսիսային Հոսք-2» գազամուղի միջոցով։

Այս գործընթացը Եվրոպային պատին դեմ տվեց, ընդ որում՝ բառի բոլոր իմաստներով։ Սա մեկ բան կարող է նշանակել, որ ԵՄ-ն բոլոր հնարավոր ու անհնար լծակները պետք է օգտագործի, որպեսզի մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը գտնի այլընտրանք ռուսական գազին։ Կամ էլ եվրոպացիները պետք է փորձեն նորից լեզու գտնել ռուսների հետ։ Իսկ դա ընդհանուր շահի ու քարերի դասավորվածության հետ մի տեսակ չի բռնում։

Այդ դեպքում մնում է երկու այլընտրանք։ Առաջին՝ թուրք-ադրբեջանական համատեղ ընկերությունը՝ ԱՆԱՊ-ը։ Ընդ որում՝ Թուրքմենստանը նույնպես պետք է միանա այս ալյանսին, որպեսզի ծավալը հնարավոր լինի ավելացնել։ Թուրքմենստանի միանալը բավականին մեծ խնդիր է։ Առաջին նման փորձից հետո Ռուսաստանի հետ խիստ ճգնաժամ սկսվեց այնքան ժամանակ, մինչև Թուրքմենստանը հրաժարվեց այդ գաղափարից։

Երկրորդ տարբերակն արդեն ուղիղ կապ ունի մեզ հետ։ Խոսքն իրանական գազի մասին է, հնգակողմ կորիդորի միջոցով (Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Ռումինիա)։

Մի փոքր ավելի վաղ՝ օգոստոսի 22-ին, Իրանի իշխանություններն առաջին անգամ արդեն պաշտոնապես հայտնում են, որ երկրի հյուսիսում բնական գազի ահռելի պաշարներ են գտել։ Դրանց գոյության մասին բոլորը նախկինում էլ գիտեին, սակայն պաշտոնական որևէ հայտարարություն մինչև այդ պահը չէր եղել։

Ու հենց այդ հայտարարությունից ժամեր անց ԵՄ-ն հայտնում է, որ պատրաստ է միակողմանիորեն դուրս գալ Իրանի հետ պատժամիջոցների ցուցակից՝ հղում անելով գզրոցում փոշոտած ինչ-որ դոկտրինի, ստորագրված 1997 թվականին։

Օգոստոսի 24-ին գերմանական դատարանը հրահանգում է «Հյուսիսային հոսք 2»-ի 50%-ը լցնել «անկախ» ընկերությունների գազով:

Հենց հաջորդ օրը Ադրբեջանը փակում է Հայաստան-Իրան ավտոճանապարհը։

Նույն օգոստոսի 25-ին էլ Իրանը թույլ չի տալիս ՌԴ ՊՆ ինքնաթիռին հատել իր օդային սահմանը։ Ինքնաթիռն, ի դեպ, մեկնում էր Հայաստան։ Ինքնաթիռում գտնվում է գեներալ Մուրադովը։

Սեպտեմբերի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հրահանգում է թույլ տալ միջազգային միջուկային գործակալության փորձագետների մուտքն Իրանի միջուկային օբյեկտներ: Դա նշանակում է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացման գործընթացը վերսկսել է:

Դրան զուգահեռ Ադրբեջանը մաքսակետ տեղադրեց Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ու գումար գանձել իրանական բեռնատարներից։ Ի դեպ, միայն իրանական բեռնատարներից, հայկական ավտոմեքենաներին թույլատրվում է անցնել առանց մաքսատուրք վճարելու։

Սեպտեմբերի 13-ին Իրանի արտգործնախարար Սաիդ Հատիբզադեն երկու ուշագրավ հայտարարություն է անում։

Առաջին․ Հատիբզադեն ընդգծեց, որ միջուկային բանակցությունները վերսկսվում են և իր խոսքում անդրադարձավ նաև Կասպից ծովում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին, որոնք որակեց ապօրինի։

Սեպտեմբերի 14-ին Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդ է գրանցում՝ 800 դոլար մեկ խորանարդ մետրի դիմաց։ Դրանից չորս ժամ անց՝ Գազպրոմի գործադիր տնօրեն Միլլերը ժամանում է Երևան ու հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ։

Ի դեպ, գազի եվրոպական ճգնաժամն առաջին հերթին ձեռնտու է հենց Գազպրոմին։ Տեսեք, քանի դեռ ձգձգվում է այլընտրանքային ուղիներ գտնելու հարցը, Գազմպրոմն այդ ընթացքում շարունակում է գերշահույթ ստանալ։ Գազի գինն այս պահին 800 դոլար է, ու եթե Գազպրոմին հաջողվի գինը բարձր պահել, թեկուզ դեֆիցիտ առաջացնելով, այնքան էլ վատ չէ մոնոպոլիստ ընկերության համար։ Դա մոտ 100 տոկոսով ավելի գերշահույթ է։

Այդ պատճառով էլ եվրոպական երկրներն ինչ-որ պահից հետո սկսեցին եղբայրական կոչեր անել Հայաստանին։ Մասնավորապես՝ Ֆրանսիան։ Այն առաջարկեց իր «եղբայրական» օգնությունն ու որպես այդ եղբայրության առհավատչյա Հայաստան ուղարկեց «Աստրա Զենեկա» պատվաստանյութի հսկայական չափաբաժին։

Մի կողմից այս ամենը հասկանալի է, քանի որ իրանական գազը Եվրոպա հասցնելու համար Հայաստանը միակ պատուհանն է։

Թուրքիան էլ իր հերթին Ադրբեջանի ձեռքերով ու ազդեցությամբ փորձում է հնարավորինս ձգձգել այս գործընթացը։ Այնպես որ Սյունիքում իրավիճակը դեռ երկար լարված կմնա, գուցե էլ ավելի սրվի։

Աղվան Ասոյան