Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:28 11-09-2021

ՀՀ ԱԳ նախարարը և Բելգիայի նորանշանակ դեսպանը կարևորել են Երևան-Բրյուսել ավիահաղորդակցության վերսկսումը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով Մարկ Միխիլսենին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական բազմոլորտ համագործակցության, քաղաքական երկխոսության և երկկողմ ու բազմակողմ օրակարգի առաջմղմանը:

ՀՀ ԱԳ նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ակտիվացման առկա հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է նաև Երևան-Բրյուսել ավիահաղորդակցության վերսկսումը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Բելգիայի կողմից վավերացված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրակումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափի շրջանակներում ներառական ծրագրերի իրականացումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների և ոլորտային փոխգործակցության խորացմանը։

Նախարար Միրզոյանը և դեսպան Միխիելսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծման միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, և ողջունել է Բելգիայի դիրքորոշումը այս հարցում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել