Երևան +21°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:41 10-09-2021

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց «Արցախի հարցերով» անվանմամբ հանձնաժողով ունենալու նախագծին

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չտվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով»,-ը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»՝ դրա իրավասության ոլորտում ամրագրելով Արցախի խնդրի լուծման հարցը:

նախագծի հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանն իր եզրափակիչ ելույթում կոչ արեց ցույց տալ կառուցողական աշխատանքի մոտեցում, միասնակություն՝ հատկապես այս կարևորագույն հարցի՝ Արցախի հարցի վերաբերյալ: Միաձայն հավանություն տալ հարցին և ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ, առանց հավելյալ մանրամասն քննարկումների՝ երեք խմբակցությունների համաձայնությամբ ընդունել նախագիծը:

«Սա կլինի ապագային միտված քայլ: Եթե մենք այս հարցում միասնական չենք լինելու այսօր, ո՞ր հարցում ենք լինելու»,-ասաց նա:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Հաշվի առնելով, որ Արցախյան խնդրի կարգավորումն ուղղակիորեն կապվում է արտաքին քաղաքականության հետ և հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային գերակահյությունը , ուստի այն պետք է ներառված լինի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործառույթների շրջանակում՝ նաև հանձնաժողովի անվան մեջ հատուկ շեշտադրմամբ:

Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է,պետության համար առաջնային և կենսական կարևորություն ունեցող խնդիրները չեն կարող ունենալ ածանցյալ նշանակություն, ուստի Արցախի հարցով առանձին մշտական հանձնաժողովի բացակայության պայմաններում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի վերանվանումն ու դրա իրավասության ոլորտում Արցախի խնդրի լուծման և Արցախի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման հարցերի ամրագրումն ունի առաջնային նշանակություն»:

Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ լիագումար նիստում առաջարկել էին Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ստեղծել, սակայն այն մերժվել էր:

Իշխանական խմբակցությունը դեմ էր նախագծին: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մասնավորապես նշել էր, որ նախագծով, ըստ էության, ոչինչ չի փոխվում: Նա հիշեցրել էր ՀՀ-ի և Արցախի միջև արդեն իսկ գործող միջխորհրդարանական հանձնաժողովի մասին, նաև այն մասին, որ ՀՀ ԱԺ-ի բոլոր հանձնաժողովներն իրենց իրավասության ոլորտներում զբաղվում են Արցախի հարցով:

«Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկար քննարկումներից հետո հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացավ 4 կողմ, 7 ձեռնպահ ձայներ: Այսպիսով, այն հավանություն չստացավ: