Երևան +19°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:38 10-09-2021

Քննարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու առաջադրված Սասուն Խաչատրյանի թեկնածությունը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մեկնարկել է առաջիկայում ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն:

Ըստ օրակարգի՝ պաշտոնի բոլոր երեք թեկնածուների հետ նախատեսվում է իրականացնել հարցազրույց, որին կհաջորդի արդյունքների գնահատման և թեկնածուների ցուցակը կառավարությանը ներկայացնելու փուլը:

Նշենք, որ հարցազրույցի են հրավիրված երեք թեկնածու: Առաջինը հարցերին է պատասխանել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյան:

44-օրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ հնչեցրած հարցին Սասուն Խաչատրայանը պատասխանեց, որ եղել է մարտական դիրքերում, սակայն տեղին չի համարում նշել տեղանքը:

«Կազմվել է ջոկատ Հատուկ քննչական ծառայության քննիչներից, ցավոք, ունեցել ենք նաև վիրավորներ: Այո, ես չեմ ծառայել, բայց մինչ դիրքեր մեկնելը մարտական պատրաստվածության և բուժօգնության դասընթացներ ենք անցել Նուբարաշենի հրաձգարանում»,- նշեց կոմիտեի նախագահի թեկնածուն:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի առավելություններին՝ Խաչատրյանը, որպես ամենամեծ առավելություն, նշեց կոմիտեի կազմում ներառված ինքնուրույն օպերատիվ մարմնի առկայությունը, ինչը, ըստ Խաչատրյանի, մեծացնելու է ծառայության արդյունավետությունը. «Քննչական մարմինն առհասարակ պետք է ունենա օպերատիվ քննչական մարմին, ինչպես բոլոր զարգացած երկրներում, և լավ կլինի, որ ունենա նաև փորձագիտական կենտրոն՝ համալրված լավագույն մասնագետներով»:

Իր պաշտոնավարման տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումների ու թերությունների մասին խոսելով՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ թերություններ, իհարկե, եղել են, ինչը հիմնականում կապված է եղել ծանրաբեռնվածության հետ:

«Ծանրաբեռնվածության արդյունքում աշխատանքի որակն է ընկնում: Երկրորդը՝ կադրերի լուրջ արտահոսք է եղել: Ընդհանրապես, կադրերի կրթության հարցն առաջնահերթ եմ համարում, քանի որ նոր հանցատեսակների հետ ենք գործ ունենում, որոնք նոր որակավորումներ են պահանջում մասնագետներից»,- ասաց Խաչատրյանը:

Դանիել Իոաննիսյանի այն հարցին, թե ինչու է, ըստ վիճակագրական տվյալների, բարձր տոկոս կազմում սուտ մատնության վերաբերյալ հարուցված գործերը, Խաչատրյանը պատասխանեց. «Մեր հասարակության մեջ ցուցմունք չտալու, լավ տղա ու գողական լինելու տարրը կա: Ընդունենք, որ բոլորս էլ մեր երեխաներին սովորեցնում ենք, որ խաբար տալը, լավ բան չի, որ տեսնում ես մի ասա, սա մեր հայկական մենթալիտետն է: Նախաքննության արդյունքում մարդիկ ցուցմունք են տալիս պաշտպանի ներկայությամբ, հետո դատարանում այլ բան են ասում: Այս խնդրի լուծմանը կօգնի տեսագրման մեթոդը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պետք է բարեփոխումներ իրականացնել»:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի