Ներքին 4 տարի առաջ - 15:48 07-09-2021

Վարչապետ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը նշել է, որ պարոն Լաքոթի պաշտոնավարումն ընթացել է Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ու իրադարձություններով լեցուն ժամանակաշրջանում: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ այդ ժամանակաշրջանը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունեցել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, այլև երկկողմ փոխգործակցությունը դարձել է առավել սերտ: Կառավարության ղեկավարը հավելել է, որ երկու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար առկա են լայն հնարավորություններ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը, ինչը հիմնված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություն: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարվա ընթացքում համավարակով, ինչպես նաև պատերազմով պայմանավորված դժվարությունները հնարավորություն չեն տվել մեր երկրին կազմակերպության շրջանակում գործել ակտիվ, սակայն վստահություն է հայտնել, որ առաջիկայում կազմակերպության շրջանակում համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ և սերտ: «Այս բոլոր դժվարությունները չեն մթագնել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, և դրանում պետք է ընդգծել Ձեր անձնական ներդրումը: Մենք Ձեզ ընկալելու ենք որպես Հայաստանի բարեկամ և ուրախ կլինենք հետագայում ևս Ձեզ տեսնել մեր երկրում»,– ասել է վարչապետը՝ Ժոնաթան Լաքոթին մաղթելով հաջողություններ:

Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականների համար և նշել, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածը Հայաստանի համար նշանավորվել է և ծանր, և երջանիկ պահերով: «Հուզիչ հիշողություններ ունեմ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից: Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է, ու հայ ժողովուրդը կարող է դրանով հպարտ լինել»,- ասել է դեսպանը: Ժոնաթան Լաքոթը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին և հետագա աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը